Որոնել

Կեդրոնի բացումը։ Կեդրոնի բացումը։ 

Հնդկաստանի Եկեղեցին բժշկական նոր կենդրոն է բացում ՔՈՎԻՏ-19-ով վարակուած անձանց համար

Կառոյց, որը նախատեսուած է վարակուած անձանց, հիւանդների մասին հոգ տանող երիտասարդական խումբերի, ինչպէս նաեւ հասարակութիւնից դուրս մղուած նրանց հարազատների համար… Հնդկաստանում վարակակիրների թիւը աւելի քան 3 միլիոն է, մեծ է վախը: Չնայած ստեղծուած իրավիճակին, Եկեղեցին այս ամէնի մէջ սեփական հաւատքի վկայութեան եւ այլ կրօնների հաւատացեալներին հանդիպելու հնարաւորութիւն է տեսնում:
Ունկնդրէ լուրը

Ալեսսանտրօ Տի Պուսսոլօ – Վատիկան

«Նա կ’ապրի իմ շնորհիւ» («He shall live because of me»), այսպիսին է Սբ. Յովհաննէս Բժշկական Վարժարանի կարգախօսը: Բժշկական Վարժարանը հարաւ-արեւմտեան Հնդկաստանի Քարնաթաքայ նահանգի Պանկալորի արքեպիսկոպոսութեան կաթողիկէ չորս հիւանդանոցներից ամենամեծն է: Հիւանդանոցը Հնդկաստանի Եպիսկոպոսների համաժողովի կողմից 1963 թուականին հիմնուած Սբ. Յովհաննէս Առողջապահական գիտութիւնների Ազգային Ակադեմիայի համալսարանի գործարարական բաժանմունքն է:

Առանձնացուած 400 մահճակալ

Վարակիչ հիւանդութիւնների բաժանմունքում քորոնա ժահրով աւելի քան 5000 հիւանդի ախտորոշումից, անյետաձգելի դէպքերի բաժանմունքում աւելի քան 2000 հիւանդի բուժումից, ինչպէս նաեւ վերակենդանացման բաժանմունքում աւելի քան 500 վարակակիր ընդունելուց յետոյ, անցեալ շաբաթ, հիւանդանոցում տեղի ունեցաւ Քովիտ-19-ով տառապող հիւանդների համար նախատեսուած առաջին կենդրոնի բացումը:

Հնդկաստանում տարածում գտնելուց յետոյ, վիրուսը աւելի քան 56.700 մարդու մահուան պատճառ է դարձել: Այս կիրակի երկրում արձանագրուել է աւելի քան 3 միլիոն վարակման դէպք, որից 69.000-ը վերջին 24 ժամուայ ընթացքում նոր վարակման դէպքերի թիւն է: Կենդրոնի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ անցեալ երկուշաբթի օրը՝ Պանկալորի Արքեպիսկոպոս եւ Սբ. Յովհաննէս Վարժարանի փոխնախագահ Գերպծ. Փիթէր Մաչադոյի նախաձեռնութեամբ եւ տնօրէն Հայր Փօլ Փարաթհազհամի ներկայութեամբ:  

Այս նոր կենդրոնն ունի 400 մահճակալ, որից 48-ը տեղակայուած է հիւանդների մեկուսարանում, իսկ 24-ը՝ վերակենդանացման բաժանմունքում: Չնայած հիւանդանոցի ծանր ֆինանսական վիճակին՝ պայմանաւորուած վերջին ամիսների ընթացքում ոչ-Քովիտի դէպքերով ընդունուած հիւանդների թուի կտրուկ նուազմամբ, հաստատութիւնը պատրաստակամութիւն է յայտնել 500 մահճակալ տրամադրել Քարնաթաքայի կառավարութեանը:

Աջակցութիւն բոլորին

«Հիւանդանոցը Քովիտ-19-ով վարակուած իր բոլոր հիւանդներին, ովքեր այսօր կրում են այդ հիւանդութեան խարանը կամ դուրս են մղուած հասարակութիւնից եւ, նոյնիսկ, ենթարկւում են ֆիզիքական յարձակման՝ մատչելի գներով բժշկական օգնութիւն տրամադրելու յանձնառութիւն է ստանձնել», - կենդրոնի բացման արարողութեան ժամանակ իր ելոյթի խօսքում ընդգծեց Գերպծ. Փիթէր Մաչադոն: Վատիկան Նիուզին տուած հարցազրոյցի ընթացքում Պանկալորի Արքեպիսկոպոսը նշում է. «Մարդիկ շատ են վախենում վարակուելուց»,- եւ ափսոսանք յայտնում, որ լրատուամիջոցները էլ աւելի են սնուցանում այդ վախերը, ինչն էլ դրդում է որոշ մարդկանց «հետապնդել եւ հալածանքների ենթարկել խեղճ հիւանդներին»: «Մեր կաթողիկէ հիւանդանոցներում, նոյն հոգածութեամբ եւ ուշադրութեամբ, ընդունում ենք ոչ միայն քրիստոնեաներին, այլեւ՝ հինտուսներին եւ մահմետականներին: Վճարում են միայն նրանք, ովքեր ի վիճակի են, այն էլ՝ իրենց հնարաւորութիւնների սահմաններում: Կառավարութեան ներդրումը հիւանդանոցի ֆինանսական ծախսերը հոգալու հարցում նուազագոյն է, բացի այդ, ապաւինում ենք բարերարների առատաձեռնութեանը եւ նախախնամութեանը», - ասում է Արքեպիսկոպոսը:

Հասարակութիւնից դուրս մղուած՝ նոյնիսկ մահուանից յետոյ

Եկեղեցին առաջնագծում է, երբ խօսքը վերաբերում է աղքատներին եւ կարիքաւորներին օգնելուն: Այսպիսով, երկրի բոլոր բնակիչների համար, Եկեղեցին տալիս է իր հաւատքի եւ յոյսի վկայութիւնը:  

Հնդկաստանում, շատ յաճախ, Քովիտ-19-ով վարակուած հիւանդները հասարակութիւնից դուրս են մղուած անգամ մահուանից յետոյ: Դիերը մնում են դիարաններում՝ առանց յուղարկաւորութեան, առանց հարազատներից կամ ընկերներից որեւէ մէկի արտասուքի կամ աղօթքների: Ողբերգական այս իրավիճակը համերաշխութեան կամուրջ է ստեղծում կաթողիկէ եւ մահմետական երիտասարդների միջեւ. «Ունենք մօտ 100 երիտասարդներից կազմուած խումբ: Երիտասարդները կամաւոր կերպով ստանձնել են այս ախտից մահացած եւ լքուած զոհերի յուղարկաւորութեան պատրաստութեան աշխատանքները, քանի որ ոչ ոք չի ուզում մօտենալ մահացածների դիերին: Նրանք աշխատում են անվտանգութեան բոլոր կանոնների պահպանութեամբ: Մահմետականներից կազմուած խումբերից մէկը կրում է «Հրեշտակներ» անունը: Թէ՛ մահմետական եւ թէ՛ կաթողիկէ երիտասարդները յուղարկաւորութեան են պատրաստում Քովիտ-ի պատճառով մահացած եւ լքուած զոհերին՝ անկախ կրօնական պատկանելիութիւնից:

Դպրոցներ, որոնց դռները բաց են բոլոր երեխաների համար

Պանկալորում, ի հաւելումն կաթողիկէ հիւանդանոցներում մատուցուող բժշկական օգնութեան, արքեպիսկոպոսութեան իրաւասութեան տակ գտնուող չորս դպրոցներ իրենց դռներն են բացել աշխատելու նպատակով Քարնաթաքայ նահանգի մայրաքաղաք տեղափոխուած ընտանիքների աւելի քան 1000 երեխաների առջեւ: Այս դպրոցներ յաճախում են հիմնականում հնդիկների երեխաները, ի թիւս որոնց՝ մի քանի ֆիլիփինցի եւ ափրիկէցի:

Երբ համաճարակը տարածում գտաւ Հնդկաստանում, Եկեղեցին սկսեց պարէնային օգնութիւն տրամադրել խիստ կարիքաւոր ընտանիքներին: «Այսօր աջակցում ենք 28.000 ընտանիքի՝ ոչ միայն քրիստոնեայ, այլեւ՝ հինտուս եւ մահմետական», - իր խօսքում ընդգծում է հոգեւոր առաջնորդը: Կաթողիկէ երիտասարդների մի խումբ է կազմաւորուել, որը Քովիտ-19-ով վարակուած հիւանդներին ուղեկցում է հիւանդանոց՝ հոգ տանելով նաեւ վերջիններիս ընտանիքների մասին, «քանի որ բոլորը խուսափում են նրանցից», - սրտի խորը ցաւով նշում է Արքեպիսկոպոսը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/08/2020, 06:55