Որոնել

Ամեն. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Սբ. Պատարագ մատուցեց Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցում

Գնահատելով 30 տարուայ ծառայութեան և նուիրումի պատմութիւնը
Ունկնդրէ լուրը

2021թ. հոկտեմբերին լրացաւ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» բարեգործական հիւանդանոցի հիմնադրման 30-ամեակը: Հոկտեմբերի 16-ին այս կարևոր յոբելեանի առթիւ հիւանդանոցում հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց նորընտիր Ամեն. և Գերջ. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը՝ համապատարագութեամբ Հայաստանում և Վրաստանում Պապական նուիրակ Արհ. Տ. Ժոզէ Արքեպս. Պեթթէնքուրի, հիւանդանոցի վարչական մասի տնօրէն Հ. Մարիօ Կուկարոլլոյի, լատինածէս և հայ կաթողիկէ հոգևորականների: Ներկայ էին Անարատ Յղութեան հայ միաբանութեան քոյրեր, Մայր Թերեզայի միաբանութեան քոյրեր, «Եկեղեցին կարիքի մէջ» միջազգային բարեսիրական կազմակերպութեան աշխատակիցներ, Աշոցքի հայ առաքելական համայնքների հոգևոր հովիւը, հիւանդանոցի անձնակազմը, Աշոցքի համայնքապետը, ինչպէս նաև հարակից գիւղերի բնակիչներ, հաւատացեալներ, ովքեր մշտապէս օգտուել են երեք տասնամեակ այս տարածաշրջանում գործող հիւանդանոցի ծառայութիւններից: Նորընտիր Պատրիարքն իր քարոզում խօսեց հիւանդանոցի հիմնադրման առաջին օրերի մասին.

«Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Աստծուն, որ մեզ շնորհեց այս կենտրոնը՝ ամենատխուր ժամանակներում, որ ապրում էինք Հայաստանում: Շնորհակալ եմ Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետին, որ այդքան մեզ մօտ էր մտքով և հոգով, որ մեզ շնորհեց այս հիւանդանոցը՝ այս մոռացուած անկիւնում, որպէսզի մարդիկ հնարաւորութիւն ունենան թեթևացնելու իրենց ցաւերը»:

Հոգևոր Տէրը յիշեց նաև հիւանդանոցի միւս երախտաւորներին, նրանց մէջ՝ Կամիլյան միաբաններին, յատկապէս, Հ. Մարիօ Կուկարոլլոյին, ով հիւանդանոցի հիմնադրման օրուանից Հայաստանում է և աշխատում է աւետարանական նուիրումով, յիշեց նաև քոյր Նոյել Լոքատելլիին, որ ևս 25 տարուց աւելի ծառայեց հիւանդանոցում՝ որպէս հիւանդների համար աղօթող և նրանց վէրքերն ամոքող Յիսուսի փոքրիկ քոյրիկ: Ամենապատիւ Տէրը հիւանդանոցի ներկայութիւնը այս տարածաշրջանում բնութագրեց հետևեալ կերպ.

«Այսօր մեզ համար տօնակատարութիւն է, որովհետև մեր մէջ տեսնում ենք Յիսուս Բարի Հովուին, որ գնում էր, բժշկում էր, յարութիւն էր տալիս մեռեալներին, ովքեր հաւատում և հետևում էին իրեն: Այս կենտրոնն էլ այս երեսուն տարիներին վկայեց Քրիստոսի՝ Բարի Հովուի պատկերի մասին»:

Հոգևոր Տէրը երախտագիտութիւն յայտնեց նաև բուժանձնակազմին, որ փոխանցում են Աստծոյ սերը հիւանդներին՝ իրենց արհեստավարժ աշխատանքով: Ամենապատիւ Տէրն ասաց, որ Սուրբ Պատարագը մատուցում է հիւանդանոցի բոլոր աշխատակիցների և հիւանդների դիտաւորութեամբ, քանի որ բոլորը հաւաքուած են Տիրոջ սիրոյ սեղանի շուրջ: Պատրիարքն աղօթեց, որ Աստծոյ ձեռքը միշտ հովանի լինի Սուրբ Պատարագի բոլոր մասնակիցների վրայ, որպէսզի շարունակեն իրենց առաքելութիւնը: Հիւանդանոցի առաքելութիւնը մնում է անփոփոխ՝ լինել Հայաստանում Յիսուսի բուժիչ ներկայութեան մարմնացումը՝ ապաստան և բժշկական օգնութիւն տրամադրելով բոլոր հիւանդներին, մանաւանդ, սոցիալական դժուարին պայմաններում ապրողներին: Հ. Մարիօ Կուկարոլլոն վստահ է, որ հիւանդանոցի դերակատարութիւնը հարակից գիւղերի բնակիչների համար այսօր կարևոր է ճիշտ այնպէս, ինչպէս 1990-ականների սկզբին էր, որովհետև մարդկանց առողջապահական և սոցիալական շատ խնդիրներ մնում են դեռևս չլուծուած.

«Մենք անում ենք այն, ինչ կամենում էր Սբ. Յովհաննէս Պօղոս Բ-ը. այսինքն սա մի հիւանդանոց է, որ բոլորի համար է և, մանաւանդ, այս տարածաշրջանի սոցիալապէս անապոհովների: Հիւանդանոցը կառուցուած էր միայն 15 տարուայ համար, բայց արդեն 30 տարի է աշխատում ենք և դեռ շարունակելու ենք աւելի երկար»:

«Տիրամայր Նարեկի» հիւանդանոցը Աշոցքի համայնքներում շարունակում է կատարել նաև սոցիալական մարդասիրական առաքելութիւն՝ ֆինանսական և նիւթական բազմաբնոյթ աջակցութիւն տրամադրելով կարիքաւոր ընտանիքներին՝ իտալացի հովանաւորների հանգանակութիւնների միջոցով: Այս հիւանդանոցը նման է այն աւետարանական իջևանատանը, ուր բարի սամարացին տարաւ աւազակների կողմից թալանուած և ճանապարհին լքուած մարդուն և որը դարձաւ այդ կարիքաւորի համար վերածննդի հնարաւորութիւն:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/10/2021, 09:07