Որոնել

Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Հայաստան

Պատրիարքի կոչումը իմ քահանայական ծառայութեան շարունակութիւնն է, բոլորս հաւասար ենք քահանայութեան մէջ և Սուրբ Հաղորդութեան առջև: Վստահ եղէք, որ ձեզ հետ եմ և միասին շարունակելու ենք մեր ծառայութիւնը

Հոկտեմբերի 14-ին Հայաստան ժամանեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ-ը: Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում Հոգևոր Տիրոջը ցնծութեամբ և շնորհաւորանքներով դիմաւորեցին Հայաստանի համայնքներում ծառայող հոգևորականները, ապա առաջնորդարանի Զմմառի Տիրամայր մատրան մէջ միասին երգեցին «Հրաշափառ» շարականը, ապա կատարեցին «Կարգ մաղթանաց վասն Հայրապետին», որից յետոյ երգեցին «Կեցո՛ զորդի» շարականը: «Հայր մեր» տէրունական աղօթքից յետոյ Հոգևոր Տէրը հայրական խօսքով դիմեց հոգևորականներին և շնորհակալութիւն յայտնեց շնորհաւորանքների և աղօթքների համար: Ապա ասաց հետևեալը.

«Պատրիարքի կոչումը իմ քահանայական ծառայութեան շարունակութիւնն է, բոլորս հաւասար ենք քահանայութեան մէջ և Սուրբ Հաղորդութեան առջև: Վստահ եղէք, որ ձեզ հետ եմ և միասին շարունակելու ենք մեր ծառայութիւնը: Կարևոր է, որ մնաք միշտ եղբայրասէր, միշտ զիջող՝ ըստ սաղմոսի խօսքի, թէ ի՜նչ գեղեցիկ է և ի՜նչ վայելուչ, որ եղբայրները միասին են»:

Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը ներկայ հոգևորականների անունից խօսեց և շնորհաւորեց նորընտիր Պատրիարք Կաթողիկոսին և ասաց.

«Մենք երկար տարիներ միասին ենք աշխատել: Կարող եմ ասել, որ Դուք միշտ եղել էք մեզ համար սիրոյ և հաւատքի տիպար, սիրոյ առաքեալ: Այսօր` որ այս պաշտօնը յանձն առաք, լիայոյս և վստահ ենք, որ պէտք է մնաք միշտ այդ սիրոյ առաքեալը, տարածէք սէր մեր համայնքներում և մեր հոգևոր եղբայրների մէջ և ամրապնդենք մեր հաւատքը՝ Պետրոս առաքեալի նման»:

Աղօթքից և մաղթանքներից յետոյ հոգևորականները՝ Հոգևոր Տիրոջ հետ միասին հաւաքուեցին սիրոյ ճաշի սեղանի շուրջ: Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը շեշտեց, որ պատմական աննախադէպ իրադարձութիւն է այն, որ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք ընտրուեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Առաջնորդը և մաղթեց, որ Աստուած քաջառողջութիւն և լիառատ շնորհներ տա Հայրապետին՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցին հովուելու և առաջնորդելու համար:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը Հայաստանում կլինի ևս մի քանի օր: Հոկտեմբերի 16-ին նա Սուրբ Պատարագ կմատուցի Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցում, որը տօնում է իր հիմնադրման 30-ամեայ յոբելեանը: Իսկ Հոկտեմբերի 24-ին Պէյրութում՝ Սուրբ Եղիա Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցւոյ մէջ տեղի կունենայ նորընտիր Պատրիարքի գահակալութեան սրբազան արարողութիւնը:

Տ. Յովսէփ Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/10/2021, 08:51