Որոնել

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը և Կոստանդնուպոլիսի Պատրիարք Բարթողոմէոսը Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը և Կոստանդնուպոլիսի Պատրիարք Բարթողոմէոսը 

Պապը Բարթողոմէոսին․ Մենք միասին աշխատում ենք այսօրեայ մարտահրաւէրները դիմագրաւելու համար

«Մեր Եկեղեցիների միջև մտերմութիւնն ու համերաշխութիւնն անփոխարինելի ներդրում են համընդհանուր եղբայրութեան և սոցիալական արդարութեան մէջ, ինչի կարիքը մարդկութիւնը հրատապ ունի»․ Ֆրանչիսկոս Պապ

Վատիկան նիուզ

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Կոստանդնուպոլիսի Տիեզերական Պատրիարք ընտրուելու 30-ամեակի կապակցութեամբ, նամակ է գրել իր «սիրելի եղբօրը»՝ Բարթողոմէոսին, ուր շեշտել է այն խորը կապը, որը ձևաւորել է հովուապետութեան այս տարիներին՝ հրաւիրելով միասին շարունակելու «լիակատար հաղորդակցութեան» և համագործակցութեան վերահաստատման ճանապարհը այսօրեայ մարտահրաւէրներին դիմագրաւելու համար՝ կլիմայական խնդիրներից սկսած։

Ֆրանչիսկոս Պապը ջերմ խօսքեր է ուղղել Բարթողոմէոս Պատրիարքին, ով 30 տարի առաջ ստանձնել է Կոստանդնուպոլիսի տիեզերական պատրիարքութեան ղեկավարութիւնը։

Անգլերէն գրուած իր նամակում Քահանայապետը Աստծուց Պատրիարքի համար հայցել է «առողջութիւն, հոգևոր ուրախութիւն և առատ շնորհք՝ աջակցելու համար նրա բարձր ծառայութեանը բոլոր ոլորտներում»:

«Եղբայրական բարեկամութիւն» և որը սնւում է բազմաթիւ հանդիպումներով

Ֆրանչիսկոսը երախտագիտութիւն է յայտնել Պատրիարքի հետ հաստատուած «խորը անձնական կապի» համար․ «իմ քահանայապետական ծառայութեան ժամանակից ի վեր, երբ դուք ինձ պատուեցիք Ձեր ներկայութեամբ Հռոմում», ներկայ գտնուելով 2013 թուականի մարտի 19-ին քահանայապետութեան մեկնարկի պատարագին: Կապ, որը ժամանակի ընթացքում այն ​​դարձել է «եղբայրական բարեկամութիւն» և որը սնւում է բազմաթիւ հանդիպումներով՝ ինչպէս Հռոմում, այնպէս էլ միջազգային տարբեր ճանապարհորդութիւնների ժամանակ։

Հանդիպումների շարքում Ֆրանչիսկոսը յիշատակել է նաև վերջինները․ Հոկտեմբերի 4-ին «Հաւատ և գիտութիւն. Դէպի Cop 26», միջոցառմանը՝ Կլազկոյում նախատեսուած ՄԱԿ-ի ամէնամեայ կլիմայական համաժողովին ընդառաջ, ուր հաւաքուած գիտնականներն և կրօնական առաջնորդները Աստծոյ արարչագործութիւնը պաշտպանելու համար առարկայական գործողութիւնների անցնելու կոչ են արել: Այնուհետև նոյն առաւօտեան Բարթողոմէոսը ընդունուել է Պապի կողմից Առաքելական պալատում, իսկ հոկտեմբերի 7-ին նա Քահանայապետի կողքին մասնակցում էր Բնապահպանութեան և շրջակայ միջավայրի դասաշրջանի բացմանը Քահանայապետական​​Լատերանյան համալսարանում: Նոյն օրը կէսօրին նա ուղեկցել էր Պապին Կոլիզեյում «Popoli fratelli, terra futura» Սանդ Էճիտիոյի համայնքի կողմից կազմակերպուած հանդիպմանը, որը համախմբել էր տարբեր կրօնների ներկայացուցիչների և քաղաքական առաջնորդների:

Արարչագործութեան պահպանման յանձնառութիւն

Բարթողոմէոսի հետ «մենք կիսում ենք արարչագործութեան հանդէպ սերը և դրա խնամակալութեան հանդէպ հաւատարմութեան պարտականութիւնը», - ասել էր Ֆրանչիսկոսն այդ առիթով ՝ բացայայտելով, որ Laudato si' կոնդակը գրելիս, ուղղորդուել է այն «ուժեղ լոյսով, որը գալիս էր նրանից և Կոստանդնուպոլիսի եկեղեցուց», քրիստոնէական եկեղեցիներից առաջինը, որ սկսել էր զբաղուել բնապահպանական խնդիրներով և դեռևս 1989 թուականին հիմնել Արարչագործութեան հոգածութեան օրը, որը նշւում է ամեն սեպտեմբերի 1-ին: Ֆրանչիսկոսը մէջբերել է 2003 թուականին ասուած Բարթողոմէոսի խօսքերը «Արարչագործութեան պահպանումը սիրոյ դրսևորման ձև է այն ինչ ուզում եմ-ից աստիճանաբար անցնելու, այն ինչ անհրաժեշտ է Աստծոյ աշխարհին: Դա ազատում է վախից, ագահութիւնից և կախուածութիւնից»:

Համատեղ պատասխանատուութիւնն այսօրեայ մարտահրաւէրների դիմաց

Նամակում Պապն իր գնահատանքն է վերահաստատել Կոստանդնուպոլիսի Պատրիարքին Հռոմի վերջին իրադարձութիւններին ներկայութեան համար, որն ակնյայտ է դարձնում «մեր ընդհանուր հովուական պատասխանատուութիւն ըմբռնումը այն հրատապ մարտահրաւէրների առջև, որոնք այսօր դիմագրաւում է ողջ մարդկային ընտանիքը»: Ֆրանչիսկոսը մասնաւորապէս, բարձր է գնահատել Բարթողոմէոսի արարչագործութեան պահպանմանն ուղղուած ջանքերը, ընդգծելով, որ նրանից շատ բան է սովորել և շարունակում է սովորել․ «Համավարակի բռնկումով և դրա հետևանքով առողջական, սոցիալական և տնտեսական լուրջ հետևանքներով, մարդկութեան հոգևոր դարձի անհրաժեշտութեան մասին Ձեր վկայութիւնն ու ուսմունքը յարատև արդիականութիւն են ձեռք բերել»:

Երկխօսութեան ուղին

Նամակում Պապը նաև շնորհակալութիւն է յայտնել Պատրիարքին երկխօսութեան ճանապարհը մշտապէս մատնանշելու համար, որպէս միակը Քրիստոսի հաւատացեալների հաշտեցման և լիակատար հաղորդութեան վերահաստատման համար և ընդգծել, որ «մեր Եկեղեցիների միջև մտերմութիւնն ու համերաշխութիւնն անփոխարինելի ներդրում են համընդհանուր եղբայրութեան և սոցիալական արդարութեան մէջ, ինչի կարիքը մարդկութիւնը հրատապ ունի»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/10/2021, 12:30