Հայր Ֆետերիքօ Լոմպարտի Հայր Ֆետերիքօ Լոմպարտի 

Հայր Ֆետերիքօ Լոմպարտի. Ռատիօ Վատիկանի առաքելութիւնը ի սպաս Սրբազան Քահանայապետի:

Ռատիօ Վատիկանի հիմնադրման 90-րդ տարեդարձի առթիւ՝ «La Civiltà Cattolica» պարբերաթերթում հրապարակուեցին հատուածներ ռատիոկայանի նախկին տնօրէն Հայր Ֆետերիքօ Լոմպարտիի յօդուածից:

Ֆետերիքօ Լոմպարտի

2021 թուականի փետրուարի 12-ին կը լրանայ Ռատիօ Վատիկանի հիմնադրման 90-ամեակը: 90 տարի առաջ տեղի ունեցաւ Վատիկանի նոր ռատիոկայանի բացման հանդիսաւոր արարողութիւնը՝ ձեռամբ Պիոս ԺԱ Պապի եւ ձայնասփիւռի միջոցով հնչեց նրա «Լսի՛ր, օ՜ երկինք…» յայտնի ուղերձը: Ռատիոկայանը հիմնուել է Կուլիէլմօ Մարքոնիի կողմից, ապա, տնօրինութիւնը վստահուել՝ Յիսուսեան Հայր Ճուզէփփէ Ճանֆրանչեսքիին:

Ռատիօ Վատիկանի «առաքելութիւնը» յայտնի էր ի սկզբանէ. լինել միջոց՝ ի սպաս Քահանայապետի, ինչը թոյլ կը տար աշխարհում տարածել Աւետարանի խօսքը եւ առաջնորդել Կաթողիկէ Եկեղեցւոյ ընդհանրական հօտին: Այս առաքելութիւնը կարողացաւ դիմակայել ժամանակի փորձութեանը եւ բազմիցս վերահաստատուել Պապերի կողմից՝ պահպանելով հաստատութեան յստակ դիմագիծը: […]

Քահանայապետի ձայնը

Ռատիօ Վատիկանը ծնունդ առաւ 1931 թուականին՝ Վատիկան նոր քաղաք-պետութեան կառուցմանը զուգընթաց: Մարքոնիի հիմնած ռատիոկայանը՝ լինելով դարաշրջանի առաջաւոր տեխնոլոգիական միջոց, հնարաւորութիւն ունէր հեռագրային եւ ռատիօ ծառայութիւն մատուցելու՝ Իտալիայից լիովին անկախ: «Եթերը» դեռեւս ծանրաբեռնուած չէր բազմաթիւ հեռարձակումներով, ուստի, հեռասփռուող կարճ ալիքների շնորհիւ՝ բաւականին թոյլ հզօրութեամբ, հնարաւոր էր լսելի դառնալ նոյնիսկ միւս ցամաքամասերում: Այսպիսով, Ռատիօ Վատիկանը աշխարհի կաթողիկէներին հնարաւորութիւն ընձեռեց անմիջականօրէն լսելու Քահանայապետի ձայնը: […]

1930-ական թուականները ամբողջատիրական իշխանութեան տարիներ էին: Պիոս ԺԱ Պապի դիրքորոշումները խիզախ էին եւ մեծ էր վստահութիւնը Եկեղեցւոյ նկատմամբ:

Եւրոպական երկրներում ապրող հաւատացեալներին առաջնորդելու եւ աջակցելու նպատակով օրէցօր աւելանում էր տարբեր լեզուներով հաղորդումներ հեռարձակելու պահանջը: Հայր Ճանֆրանչեսքիի վաղաժամ մահուանից յետոյ՝ 1934 թուականին, Հայր Ֆիլիփփօ Սոքքորսին (34 տարեկան հասակում) նշանակուեց Ռատիոյի տնօրէն: Նա սկսեց տեխնիկական համակարգի բարեփոխումները, Վատիկանի պարտէզում տեղադրուեց նոր ալեհաւաքը, որը յայտնի է «Պապի ձեռքը» անունով, արագօրէն աւելացան ռատիոծրագրերը:

Այսպիսով, 1936 թուականին, Վատիկանի Ռատիոհեռարձակման Ընկերութիւնը ընդունուեց Ռատիոհեռարձակման Միջազգային Միութեան կողմից՝ ստանալով յատուկ կարգավիճակ, որն արտօնում էր հաղորդումներ հեռարձակել առանց աշխարհագրական սահմանափակումների: Ոչ բաւարար միջոցների պատճառով՝ տեքստերի խմբագրման եւ հրապարակման համար, Հայր Սոքքորսին դիմում է տարբեր ազգերի ներկայացուցիչ Յիսուսեան եղբայրների աջակցութեանը: Առանձնապէս կարեւոր էր հադորդումների հեռարձակումը գերմաներէն լեզուով:

Պատերազմի աղէտալի հետեւանքները. խաղաղութիւն ենք մաղթում եւ մեր համերաշխութիւնը յայտնում բոլոր նրանց, ովքեր տառապում են:

[…] 1939 թուականին՝ պատերազմի սեմին, կանոնաւոր կերպով հաղորդումներ էին հեռարձակւում իտալերէն, ֆրանսերէն, անգլերէն, գերմաներէն, սպաներէն, փորթուկալերէն, լեհերէն, ուքրաներէն եւ լիթուաներէն լեզուներով: Ռատիոկայանը դարձաւ Եկեղեցւոյ տեղեկատուական կեդրոնը, որը յոյս էր ներշնչում եւ իր հեղինակաւոր դերն ունէր բռնութեան դատապարտման, ինչպէս նաեւ զոհերի եւ դիմադրութեան մասնակիցների աջակցութեան գործում: Պատերազմի տարիներին ողջ Եւրոպան մեծ անհամբերութեամբ էր սպասում եւ համակ ուշադրութեամբ հետեւում Պիոս ԺԲ Քահանայապետի «ռատիօ ուղերձներին»: Պատերազմի այդ սոսկալի տարիներին, Քահանայապետը դարձաւ այն ազդեցիկ ձայնը, որը հակամարտող կողմերին արդարութեան եւ խաղաղութեան կոչ էր յղում:

Պատերազմի տարիներին, Պիոս ԺԲ Պապի նախաձեռնութեամբ, Ռատիօ Վատիկանը ստանձնեց նաեւ մէկ այլ պարտաւորութիւն՝ համագործակցութեամբ 1939 թուականին կազմաւորուած «Պետքարտուղարութեան տեղեկատուական գրասենեակի», փորձեց գտնել անհետ կորած կամ գերեվարուած քաղաքացիական անձանց եւ զինուորականներին, տեղեկութիւն տրամադրել նրանց ընտանիքներին, հնարաւորութեան դէպքում նաեւ՝ վերահաստատել նրանց կապը մէկ ողջոյնի կամ որեւէ յիշողութեան միջոցով: […]

Ռատիօ Վատիկանը յատուկ թողարկումներ էր հեռարձակում անհետ կորածների մասին նոր տեղեկութիւններ ստանալու խնդրանքով եւ ընտանիքների կողմից կարճ հաղորդագրութիւններ փոխանցում գերեվարուածներին, որոնց անունները հնչում էին հաղորդավարների «մետաղական» ձայնով: Այս հաղորդումները հեռարձակւում էին ամէն օր՝ 12-13 ժամ, շաբաթական կազմելով 70 ժամ: 1940-1946 թուականներին ռատիոյի եթերով հաղորդուել է ընդհանուր առմամբ 1,240,728 հաղորդագրութիւն՝ 12,105 ժամ հեռարձակման տեւողութեամբ: Որոշ դէպքերում, հաղորդումները սփռուել են բարձրախօսների միջոցով՝ գերիների համակեդրոնացման ճամբարներում: Այս ծառայութեանն ուղղուած երախտագիտութեան վկայութիւնները բազմաթիւ են եւ յուզիչ: Սա Ռատիօ Վատիկանի պատմութեան ամենագեղեցիկ էջերից մէկն է:

«Լռութեան Եկեղեցւոյ» ձայնը

Պատերազմի աւարտից յետոյ, Ռատիօ Վատիկանը իր հաղորդումներով շարունակեց աջակցել հակամարտութեան հետեւանքով աւերածութիւններ կրած երկրների բարոյական եւ հոգեւոր զարթօնքին, իսկ մինչ այդ՝ ընթանում էին 1950 թուականի Յոբելեանական Տարուայ (Քրիստոնէական կեանքի վերածննդի ժամանակաշրջան) նախապատրաստութեան աշխատանքները:

Այս ընթացքում, Արեւելեան Եւրոպայի գերակշիռ մասը յայտնւում է կոմունիստական վարչակարգի բռնաճնշումների տակ, իսկ Կաթողիկէ Եկեղեցին ենթարկւում խիստ հալածանքների: Սա պատմական մարտահրաւէր էր Ռատիօ Վատիկանին, որը հաւատացեալների համար գործնականում միակ միջոցն էր Սրբազան Քահանայապետի եւ Ընդհանրական Եկեղեցւոյ հետ կապը պահպանելու եւ հաւատքը զօրացնելու:

Թէեւ նիւթական միջոցները սահմանափակ էին, այնուամենայնիւ, աւելացան Արեւելեան Եւրոպայի երկրների լեզուներով հեռարձակուող հաղորդումների թիւը եւ յատկացուած եթերաժամանակը: 1940-ական թուականների վերջին, հեռարձակման հիմնական լեզուներ իտալերէնին, անգլերէնին, ֆրանսերէնին, սպաներէնին, գերմաներէնին եւ լեհերէնին աւելացան նաեւ չեխերէնը, սլովաքերէնը, հունգարերէնը, լիթուաներէնը, լատիշերէնը, ռուսերէնը, խորուաթերէնը, սլովեներէնը, ուքրաներէնը, ռումիներէնը, պուլկարերէնը, պելառուսերէնը, աւելի ուշ նաեւ՝ ալպաներէնը:

Տասնամեակներ շարունակ՝ բռնաճնշումների ողջ ընթացքում, Ռատիօ Վատիկանի հաղորդումները հանդիպման ինքնատիպ մի վայր դարձան բոլոր այն հաւատացեալների, կրօնաւորների, քահանաների եւ եպիսկոպոսների համար, ովքեր զրկուած էին իրենց հաւատքը ապրելու եւ այն ազատօրէն վկայելու իրաւունքից:

Որոշ երկրներում եւ որոշակի ժամանակաշրջաններում կտրականապէս արգելուած եւ չափազանց վտանգաւոր էր Ռատիօ Վատիկանի հաղորդումներին հետեւելը: Հակառակ դէպքում, անխուսափելի էին հետապնդումները՝ յանգեցնելով խիստ պատիժների՝ մինչեւ իսկ բանտարկութիւն, որոշ պարագաներում նաեւ՝ մահապատիժ: Որոշ լեզուների դէպքում, ինչպէս օրինակ՝ լեհերէնը եւ սլովաքերէնը, ունկնդիրների թիւը կտրուկ աճ էր գրանցել, մինչդեռ այն երկրներում, որտեղ կաթողիկէները փոքրամասնութիւն էին կազմում՝ ունկնդիրների թիւը մեծ չէր, սակայն Ռատիոյի հայրերն իրենց աշխատանքի մէջ առաջնորդւում էին ոչ թէ լսարանի ստուար թիւով, այլ՝ նկատի էին առնում ստեղծուած իրավիճակը եւ ունկնդիրների կարիքները:

Տարիներ անց, երբ փլուզուեցին պատնէշները, հաւատացեալ ժողովուրդը վերջապէս կարողացաւ արտայայտել իր երախտագիտութիւնը: Սովետական վարչակարգի անկումից անմիջապէս յետոյ, մէկ տարուայ ընթացքում, Ռատիոյի ուքրանիական բաժինը աւելի քան 40.000 նամակ ստացաւ: Ռատիօ Վատիկանն իր աշխատանքի եւ մատուցած ծառայութիւնների համար Ալպանիայի պետութեան կողմից արժանացաւ պատուոյ շքանշանի: […]

Հաղորդակցութիւն միաբանութեամբ

1970 թուականին՝ Ռատիօ Վատիկանի խմբագրութիւնը եւ հաղորդումներ պատրաստող ստուդիաները տեղափոխուեցին «Փալացցօ Փիօ», որը գտնւում է «Քասթել Սանթ Անճելօ»-ի դիմաց, որ տասնամեակներ անց պէտք է դառնար Վատիկանի հաղորդակցութեան գլխաւոր կեդրոնը: 1973 թուականին՝ Հայր Ռոպերթօ Տուչչին […] յաջորդեց Հայր Մարթեկանիին Ռատիոյի ընդհանուր տնօրէնի պաշտօնում: 1975 թուականի Յոբելեանական Տարուայ նախօրեակն է, կեդրոնացուած են Ռատիոյի բոլոր ստորաբաժանումների ուժերը: Ռատիօ Վատիկանի ուղիղ եթերով եւ տարբեր լեզուներով հեռարձակւում են ոչ միայն գլխաւոր արարողութիւնները, Քահանայապետական հրապարակային ունկնդրութիւնները եւ զանազան իրադարձութիւններ, այլեւ՝ տեղեկատուութիւն է տրամադրւում աշխարհի չորս կողմերից Հռոմ ժամանող ուխտաւորներին: […]

1970-ական թուականների երկրորդ կեսին՝ Ռատիոյում իրենց գործունէութիւնն են սկսում դինամիկ եւ ստեղծարար ծրագրերի տնօրէն Հայր Փասքուալէ Բորգօմեոն եւ «Կեդրոնական խմբագրական գրասենեակի» (որն աւելի ուշ վերանուանուեց «Փաստագրական բաժին») պատասխանատու Հայր Ֆէլիքս Խուան Քապազէսը: Հայր Փասքուալէին յաջողուեց արժէքաւոր փոխյարաբերութիւններ հաստատել միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ Ռատիոյի եւ Հեռուստատեսութեան Եւրոպական Միութեան (ՌՀԵՄ) հետ, իսկ Հայր Ֆէլիքսն իր գործունէութեամբ անջնջելի հետք թողեց փաստագրական նիւթերի կազմման եւ ծրագրերի մշակման գործում: […]

Այսպիսով, Ռատիօ Վատիկանը դարձաւ Ընդհանրական Եկեղեցւոյ ամենօրեայ հաղորդակցութեան բաբախող սիրտը: […]

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/02/2021, 07:17