Որոնել

Առաքելական Արխիւները Առաքելական Արխիւները 

Սրբազան Քահանայապետի արխիւները բաց են հանրութեան համար:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակները եւ առաքելութեանը յատկացուած պիւտճէն: Ինչպէս են աշխատում Սրբազան Քահանայապետի գործունէութեանը աջակցող հաստատութիւնները. հայեացք ներսից: Վատիկանի Քահանայապետական արխիւների կառավարիչ՝ Գերապայծառ Սերճիօ Բականոն պատմում է Եկեղեցուն եւ աշխարհի տարբեր երկրների գիտաշխատողներին մատուցած ծառայութեան մասին:

Բենեդէտտա Կապելլի – Վատիկան

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի պահանջով՝ Վատիկանի Արխիւները այլեւս «գաղտնի» չեն, այլ՝ «քահանայապետական», այսինքն՝ արխիւային նիւթերի մէջ ոչինչ կորսուած կամ փոփոխուած չէ: Իրականում, շատ հին պատմութիւն ունեցող այս հաստատութիւնն ունի յստակ առաքելութիւն՝ պահպանել Սրբազան Քահանայապետի եւ Կուրիայի տարբեր գերատեսչութիւնների փաստաթուղթերը, եւ տրամադրել բոլոր նրանց, ովքեր դրանք ուսումնասիրելու խնդրանք են ներկայացնում:

Յովհաննէս-Պօղոս Բ Քահանայապետի բնորոշմամբ՝ «Սուրբ Աթոռի Կենդրոնական Արխիւների» փաստաթղթային նիւթերի ծաւալն այնքան մեծ է, որ կարող է ընդգրկել գրեթէ 83 քիլոմեթր գծային մակերես, ինչի շնորհիւ այն աշխարհում ամենամեծ արխիւներից մէկն է համարւում: Հազարամեայ պատմութեան այս պահապանը չի երկնչում իր դռները բացել աշխարհի առջեւ՝ ինչի մասին վկայում է նացիստական եւ ֆաշիստական դժուարին ժամանակաշրջանում ապրած Պիոս ԺԲ Պապի քահանայապետութեան տարիների փաստաթուղթերն ուսումնասիրելու հնարաւորութիւնը:

«Այս հաստատութեանն են դիմում ո՛չ միայն կրօնի կամ քաղաքացիական պատմութեան մասնագէտները, այլեւ՝ նրանք, ովքեր անցկացնում են այնպիսի հետազօտութիւններ, որոնք վերաբերում են հասարակութեան բոլոր կողմերին», - իր խօսքում ընդգծում է Վատիկանի Քահանայապետական Արխիւների կառավարիչ՝ Գերապայծառ Սերճիօ Պականոն:

Այսօրուայ աշխարհական դարձած մշակութային համատեքստում, որը թւում է թէ կորցրել է յիշելու եւ «վսեմ» արժէքների մասին վկայելու կարողութիւնը, ինչպիսի՞ տեղ է գրաւում այն հաստատութիւնը, որը ստեղծուել է քահանայապետական գործունէութեան եւ Եկեղեցւոյ պատմութեան վկայութիւնները պահպանելու համար:

Գործունէութեան լայն հնարաւորութիւնները եւ պարտականութիւնները, որ Քահանայապետերի կողմից վստահուել են Վատիկանի երբեմնի Գաղտնի, այժմ՝ Քահանայապետական արխիւին, անկախ մշակութային զարգացումներից անփոփոխ են մնացել դարերի ընթացքում: Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր՝ Վատիկանի Արխիւի պարտքն է պահպանել, կանոնակարգել եւ լուսաբանել Քահանայապետերի քարտուղարութիւնների եւ Հռոմէական Կուրիայի տարբեր գերատեսչութիւնների կողմից կազմուած փաստաթուղթերը, ինչպէս նաեւ ապահովել այդ փաստաթուղթերի հասանելիութիւնը Քահանայապետի եւ Սուրբ Աթոռի ներքին ծառայութիւնների կողմից գործածութեան համար, իսկ 1881 թուականից սկսած՝ նաեւ տրամադրել աշխարհի տարբեր երկրների գիտաշխատողներին, ովքեր աւելի ու աւելի յաճախ են դիմում Վատիկանի Արխիւներին՝ իրենց ուսումնասիրութիւններն իրականացնելու նպատակով:

Չնայած «աշխարհական դարձած մշակութային համատեքստին», որին անդրադարձաք ձեր հարցի մէջ՝ պէտք է նշեմ, որ Վատիկանի Արխիւների հետազօտութիւնների սրահ մուտք գործելու համար դիմող գիտաշխատողների թիւը քիչ թէ շատ կայուն է եղել վերջին մի քանի տասնամեակների ընթացքում: Ամէն տարի մօտաւորապէս 1000 մարդ է դիմում Վատիկանի Արխիւ մուտք գործելու արտօնագիր ստանալու համար, բացառութեամբ նախորդ տարուայ, երբ խիստ կրճատուել էր տարբեր երկրներից Հռոմ ժամանող գիտաշխատողների թիւը՝ հասնելով 739-ի:

Ի սպաս մշակոյթի եւ գիտութեան
Ի սպաս մշակոյթի եւ գիտութեան

Ի սպաս մշակոյթի եւ գիտութեան

Տարիների ընթացքում, նոյնիսկ խիստ աշխարհիկ դարձած այս դարաշրջանում, անփոփոխ է մնացել Վատիկանի Քահանայապետական Արխիւների նկատմամբ հետաքրքրութիւնը: Պատճառն այն է, որ Քահանայապետական Արխիւներում պահուող արխիւային նիւթերը բացի կրօնական կարեւորութիւնից, ներկայացնում են նաեւ պատմական, աշխարհագրական եւ մշակութային մեծ արժէք: Ահա՛ թէ ինչու Քահանայապետական Արխիւներում պահուող փաստաթղթերը ուսումնասիրութեան առարկայ են հանդիսանում ինչպէս կրօնի, այնպէս էլ քաղաքացիական պատմութեամբ հետաքրքրուած գիտաշխատողների համար: Նրանց հետազօտութիւնները ընդգրկում են հասարակութեան բոլոր կողմերը: Հետազօտութիւններ անցկացնող մարդկանց մէջ կարելի է տեսնել նրանց, ովքեր փնտռում են վաւերագրեր, որոնք կարող են լոյս սփռել Պապերի, կայսրերի, թագաւորների, միապետերի կենսագրութեան վրայ կամ տեղեկութիւն յայտնել նրանց արքունիքի վերաբերեալ, հետազօտողներ, ովքեր ուսումնասիրում են որեւէ թեմի կամ քաղաքի, պետութեան կամ կայսրութեան պատմութիւն, հանգամանօրէն ծանօթանում սրբերի վարքագրութեանը, տեղեկութիւններ արձանագրում դիւանագիտական փոխյարաբերութիւնների մասին, հետազօտողներ, ովքեր ուսումնասիրում են կրօնական երեւոյթները կամ աստուածաբանական շարժումները, որեւէ սրբավայր, վանք կամ եկեղեցի, ինչպէս նաեւ հետազօտողներ, ովքեր նախընտրում են տեղեկութիւն ստանալ որեւէ գերատեսչութեան վերաբերեալ կամ հետաքրքրուած են իրենց ժողովրդապետութեան կամ երկրի պատմութեամբ:

«Motu proprio»-ից յետոյ՝ 2019 թուականի հոկտեմբեր 22-ին, դուրս հանուեց «գաղտնի» բառը, եւ այժմ, Վատիկանի Արխիւները եւ Գրադարանը կրում են «Քահանայապետական» անուանումը: Ի՞նչ նշանակութիւն ունի Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի այս որոշումը եւ ի՞նչ ազդեցութիւն այն ունեցաւ Վատիկանի Արխիւների համար:

Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի որոշման նշանակութիւնը մեկնաբանուած է 2019 թուականի հոկտեմբեր 22-ի «motu proprio»-ի մէջ, որով դարեր շարունակ «Archivum Secretum Vaticanum» (Վատիկանի Գաղտնի Արխիւներ) անուանումը կրող հաստատութիւնը վերանուանուեց Վատիկանի Քահանայապետական Արխիւների: Եթէ ուշադիր կարդանք փաստաթուղթը, ապա կը տեսնենք, որ դեռեւս 17-րդ դարում Պապական արխիւները անուանուել են ինչպէս «secretum», այնպէս էլ «apostolicum», իսկ 19-րդ դարում հաստատութիւնը կրել է «Archivum Secretum Apostolicum Vaticanum» (Վատիկանի Քահանայապետական Գաղտնի Արխիւներ) անուանումը:

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կարծիքով «գաղտնի» եզրոյթը ժամանակակից լեզուներում՝ ի թիւս որոնց նաեւ իտալերէն լեզուում, կարող է թիւրըմբռնման պատճառ հանդիսանալ, ուստի, այսպիսի թիւրիմացութիւններից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարուել «ոչ համապատասխան» այս եզրոյթից եւ այն փոխարինել «քահանայապետական» եզրոյթով, որն իրականում համարժէք է «գաղտնի» բառի իմաստին, քանի որ լատիներէն լեզուի մէջ secretum (որ նշանակում է մեկուսի, առանձնական) եւ apostolicum (այսինքն՝ domnus apostolicus, որ վերաբերում է միայն Պապին) բառերն արտայայտում են նոյն իրականութիւնը: Վատիկանի Քահանայապետական Արխիւը բոլորովին չի շեղուել իր բուն առաքելութիւնից, եւ, չնայած անուան փոփոխութեանը՝ շարունակում է մնալ Քահանայապետի անձնական արխիւը, որը գտնւում է Քահանայապետի անմիջական ենթակայութեան ներքոյ եւ ղեկավարւում բացառապէս նրա կողմից:

 

Գերապայծառ Սերճօ Բականօ
Գերապայծառ Սերճօ Բականօ

Սկզբնական շրջանում Վատիկանի Արխիւի անուանափոխութիւնը մարդկանց մօտ կարծես կարօտի զգացում առաջացրեց՝ ինչը հասկանալի է, քանի որ «secretum» լատիներէն հին եզրոյթի նկատմամբ աւելի մեծ էր հետաքրքրութիւնը, սակայն, բոլորի համար ակնյայտ դարձաւ, որ Սրբազան Քահանայապետի որոշմամբ իրականացուած այս անուանափոխութիւնը լիովին համապատասխանում է ժամանակակից «ընկալմանը»: Նախկինում, «secretum» եզրոյթը ստիպում էր մարդկանց մտածել, թէ բազմաթիւ առեղծուածներ են թաքնուած այս ընդարձակ եւ մութ գրապահոցներում՝ շարադրուած նրանց կողմից, ովքեր երբեւէ չեն իմացել ճշմարտութիւնը Վատիկանի Արխիւների մասին:

Ովքե՞ր են ընդգրկուած Արխիւի անձնակազմի մէջ, ինչպէ՞ս է իրականացւում աշխատանքը եւ ինչպիսի՞ ծախսեր են պահանջւում: Որո՞նք են այս հաստատութեան առաքելութեան կարեւոր տարրերը:

Վատիկանի Քահանայապետական Արխիւը եւ Գրադարանը գլխաւորում է արխիւագէտ եւ գրադարանավար կարդինալը, ով ոչ միայն ղեկավարում եւ համակարգում է երկու հաստատութիւնների գործունէութիւնը, այլեւ դրանք ներկայացնում Հռոմէական Կուրիայի ներսում եւ միջազգային շրջանակներում: Վատիկանեան Արխիւների ընթացիկ կառավարումը վստահուած է կառավարչին, ում այդ պաշտօնին նշանակում է Սրբազան Քահանայապետը: Կառավարիչը հաստատութեան «կառավարման» հետ կապուած բոլոր հարցերում հաշուետու է գլխաւոր արխիւագէտ կարդինալին: Արխիւների կառավարման գործում նրան օգնում է փոխ-կառավարիչը, ում նոյնպէս նշանակում է Պապը:

Կառավարիչը պատասխանատու է պաշտօնեաների միջեւ գիտական աշխատանքի եւ աշխատակազմի միւս անդամների միջեւ ընթացիկ կառավարման աշխատանքների բաշխման համար: Անձնակազմը բաղկացած է արխիւագէտներից, խմբագիրներից, քարտուղարներից, օգնականներից, արխիւի աշխատակիցներից, տեխնիկական մասնագէտներից, ովքեր աշխատում են տեղեկատուական, լուսանկարչական, կազմարարութեան եւ վերականգնման լաբորատորիաներում, ինչպէս նաեւ ուսումնասիրութիւնների երեք սրահներում աշխատող օգնականներից եւ այլ աշխատանքներ կատարող օժանդակ անձնակազմից: Այսօր, ընդհանուր առմամբ ունենք 63 աշխատակից, որոնց թիւը՝ ծախսերի վերահսկման եւ կարգաւորման նպատակով յառաջիկայ հինգ տարիների ընթացքում կը կրճատուի՝ հասնելով 58-ի:

Քահանայապետական Արխիւների տարեկան ծախսերը կազմում են Սուրբ Աթոռի ընդհանուր պիւտճէի մօտաւորապէս 2%-ը: Ի հարկէ, Վատիկանեան Արխիւների պիւտճէի հիմնական մասը աշխատակազմի ծախսերն են կազմում, թէեւ այստեղ պահպանուող արխիւային նիւթերի համար յատկացուած տարածքը ընդգրկում է մօտաւորապէս 83 քիլոմեթր գծային մակերես, եւ այն համարւում է ամենամեծ, ամենահին եւ արժէքաւոր արխիւներից մէկն աշխարհում, սակայն ունի շատ քիչ թուով անձնակազմ: Ի համեմատութիւն Քահանայապետական Արխիւների՝ Պետութեան մէջ գործող միւս արխիւների աշխատակազմերը թուով գրեթէ երկու անգամ գերազանցում են: Ակնյայտ է, որ Սուրբ Աթոռը աւելի մեծ խնայողութիւն չի կարող անել՝ նկատի առնելով համապատասխան տնտեսական միջոցները եւ այն փաստը, որ Վատիկանեան Արխիւների մեծ ծախսեր պահանջող տարեկան պահպանութիւնը իրականացւում է ի նպաստ բոլորի եւ մասնաւորապէս՝ մշակոյթի:

Դեռեւս անցեալ տարի, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի հրահանգով, Պիոս ԺԲ Պապի քահանայապետութեան տարիներին վերաբերող փաստաթուղթերը սկսեցին տրամադրուել գիտաշխատողներին՝ ուսումնասիրութիւններ իրականացնելու համար: Հետեւաբար, Եկեղեցին չպէտք է «վախենայ պատմութիւնից», ինչպէս իր խօսքում նշեց Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը, երբ յայտարարում էր այդ ժամանակաշրջանի արխիւային նիւթերի հանրայնացման մասին:

Գրեթէ քսան տարի անց՝ երկարատեւ եւ անհրաժեշտ սպասումից յետոյ, 2019 թուականի մարտի 4-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը յայտնեց Պիոս ԺԲ Պապի (1939-1958) քահանայապետութեան տարիների արխիւային նիւթերը պատմաբանների ուսումնասիրութեանը տրամադրելու վերաբերեալ իր որոշման մասին: Այսպիսով, Սրբազան Քահանայապետը վերահաստատեց այն ճշմարտութիւնը, որի մասին խօսել էին նաեւ նրա նախորդները (Լէօ ԺԳ-ի քահանայապետութեան տարիներից սկսեալ), թէ «Կաթողիկէ Եկեղեցին չի վախենում պատմութիւնից»: Եկեղեցին շատ լաւ գիտի, որ իր գոյութեան երկար դարերի ընթացքում, թէեւ իր ճանապարհները հատուել են տարբեր ժողովուրդների հետ եւ անցել տարբեր քաղաքակրթութիւնների եւ մշակոյթների միջով, սակայն անշեղօրէն հետեւել է հոգիների փրկութեան եւ Աստուծոյ Քաղաքի կառուցման առաքելութեանը, որն իրեն էր վստահուած Եկեղեցւոյ գլուխ Յիսուսի Քրիստոսի կողմից:

Եկեղեցին շատ լաւ գիտակցում է, որ Տիրոջ կողմից տրուած այդ առաքելութիւնը շնորհուել է նաեւ այլ մարդկանց (ինչպէս քահանայութեան մէջ, այնպէս էլ աշխարհիկ կեանքում), ովքեր, ինչպէս Հին եւ Նոր Կտակարանն է ուսուցանում՝ միախառնուած են շնորհի եւ մեղքի հետ իրենց սրբութեամբ եւ մարդկային թուլութիւններով: Այսպիսին է ճշմարտութիւնը, որ սկիզբ է առել Սուրբ Պետրոսից, որպէսզի շարունակուի նրա յաջորդների եւ այն քահանաների մէջ, ովքեր ընտրուած են Աստուծոյ ժողովուրդին առաջնորդելու համար: Ներումը եւ մեղքը, հոգեւոր ոյժը եւ մարդկային թուլութիւնը, լոյսը եւ խաւարը միախառնւում եւ արտացոլւում են Եկեղեցւոյ պատմութեան եւ այն փաստաթուղթերի էջերում, որ պահուած են Քահանայապետական Արխիւներում:

Այս իրականութիւնը ներկայացուած է նաեւ Պիոս ԺԲ Պապի քահանայապետութեան տարիների բազմաթիւ փաստաթուղթերում: Նրանք, ովքեր համբերութիւն եւ մտքի ազնուութիւն կ’ունենան ուսումնասիրելու Պիոս ԺԲ Պապի եւ նրա քահանայապետութեան օրօք Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների կողմից քննութեան ենթարկուած հազարաւոր փաստաթուղթեր՝ ի վերջոյ պէտք է համաձայնեն (ես դրանում լիովին համոզուած եմ), որ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիների խռովութիւնները եւ անորոշ իրադրութիւնը չեն կարողացել ստուեր գցել Սուրբ Պետրոսի Գահի վրայ՝ չնայած դաժան եւ սոսկալի ժամանակներին, ինչպէս նաեւ անբարենպաստ եւ անյուսալի այն հանգամանքներին, որոնց մէջ էր յայտնուել Պիոս ԺԲ Սրբազան Քահանայապետը: Նոյնիսկ նրանց համար, ովքեր միշտ յարձակուել եւ ամէն տեսակ մեղադրանք են ներկայացրել՝ Սուրբ Աթոռը միշտ մնացել է մարդասիրութեան եւ քաղաքակրթութեան բարձրագոյն չափանիշ՝ ինչպէս կաթողիկէների, այնպէս էլ ոչ կաթողիկէների եւ ոչ քրիստոնեաների համար:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/06/2021, 10:02