Վատիկանի Մատենադարանի կամարները Վատիկանի Մատենադարանի կամարները 

Ի սպաս մշակոյթի եւ գիտելիքի: Վատիկանի Մատենադարանը:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ առաքելութեան համար յատկացուած պիւտճէն. հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Վատիկանի Մատենադարանը մեզ է ներկայացնում կառավարիչ՝ Գերապայծառ Չեզարէ Փազինին:

Բենեդէտտա Կապելլի – Վատիկան 

Վատիկանի Մատենադարանը շարունակում է իր առաքելութիւնը եւ ծրագրում ապագան: Այստեղ պահուող բոլոր նիւթերը տրամադրւում են եւ հասանելի են գիտահետազօտական աշխատանքներ իրականացնող իւրաքանչիւր անձի: Վատիկանի Մատենադարանն այս գործելակերպին է հետեւում շնորհիւ մի համակարգի, որը թոյլ է տալիս պահպանել, անհրաժեշտութեան դէպքում՝ նաեւ վերականգնել այն հսկայական ժառանգութիւնը, որը կազմուած է բազմաթիւ հատորներից, փորագրանկարներից եւ կտաւներից, մանրադրամներից եւ յուշամետալներից: Այս ժառանգութեան պահպանութեան համար գործի են դրւում տարբեր միջոցներ, ի թիւս որոնց կարելի է նշել սրահներում օդափոխութեան համակարգի գործարկումը կամ բարձրորակ նկարների մշակումը, որոնք այնուհետեւ տեղադրւում են Մատենադարանի կայքէջում: 

Գերապայծառ Չեզարէ Փազինին՝ Վատիկանի Մատենադարանի կառավարիչը, մեկնաբանում է, որ այս պահի դրութեամբ. «մօտաւորապէս 80.000 ձեռագիր աշխատութիւններ, որոնք կազմում են այստեղ պահուող ձեռագիրների 20%-ը, արդէն իսկ թուայնացուած են: Սակայն, մօտաւորապէս 30 տարի կը պահանջուի, որպէսզի այս հսկայածաւալ շտեմարանում պահուող բոլոր նիւթերը թուայնացուեն»: 

Վատիկանի Մատենադարանի ժառանգութեան պահպանութեան համար անհրաժեշտ է տեղեակ լինել պատմութեանը եւ հետաքրքրուած լինել հետազօտական աշխատանքով, ինչպէս նաեւ յատուկ տեխնիկական հմտութիւններ ունենալ: Ինչպիսի՞ աշխատանք է իրականացւում եւ ի՞նչ մասնագէտներ են աշխատում Մատենադարանում: 

Մատենադարանի անձնակազմը տիրապետում է բազմազան հմտութիւնների եւ կարողութիւնների: Scriptore-ները եւ ամբողջ անձնակազմը, որը ներգրաւուած է գիտական հետազօտութիւնների մէջ զբաղուած է ձեռագիրների եւ արխիւային փաստաթուղթերի ուսումնասիրութեամբ, նոյնականութեամբ եւ ցուցակագրմամբ, անձնակազմի միւս անդամները մասնագիտացած են տպագիր հատորների, փորագրանկարների եւ կտաւների, մանրադրամների եւ յուշամետալների ուսումնասիրութեամբ, ցուցակագրմամբ եւ ձեռքբերմամբ: Այսպիսով, յատուկ հմտութիւններ են պահանջւում ինչպէս այս ոլորտներից իւրաքանչիւրի, այնպէս էլ այն լեզուների եւ մշակոյթների համար, որոնց միջոցով մեզ է փոխանցուել այս ժառանգութիւնը: 

Վերականգնման լաբորատորիայի անձնակազմը պատասխանատու է նիւթերի պատշաճ պահպանութեան եւ անհրաժեշտութեան դէպքում նաեւ վերականգնման, մինչդեռ լուսանկարչական լաբորատորիայի անձնակազմը պատասխանատու է թուային լուսանկարների վերարտադրութեան համար: Այս լաբորատորիաներում աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ յատուկ հմտութիւններ եւ կարողութիւններ, որոնք պէտք է անընդհատ զարգացնել: 

Այսօր, Մատենադարանն իր մէջ է ամփոփում մի մեծ վիրթուալ եւ ելեկտրոնային համակարգ: Այլ կերպ ասած՝ վիրթուալ մատենադարան՝ ֆիզիքականի կողքին: Մատենադարանի ուէպ կայքի եւ ելեկտրոնային կապի միջոցով անհրաժեշտ է տարբեր առցանց ծառայութիւններ մատուցել՝ ապահովելով ձեռագիրների եւ այլ փաստաթուղթերի թուայնացուած լուսապատճէնների հասանելիութիւնը: Ուստի, հարկաւոր է ունենալ այս ծառայութիւնների համակարգման բաժանմունք եւ տուեալների մշակման կենդրոն, ինչպէս նաեւ մասնագիտական բարձր որակաւորում ունեցող անձնակազմ, որը շարունակ նոր գիտելիքներ է ստանում:  

Ակնյայտ է, որ այսպիսի շաղկապուած համակարգը պահանջում է համապատասխան վարչական հմտութիւններ եւ մի շարք ծառայութիւնների առկայութիւն. քարտուղարութիւն, տեղեկատուական եւ զարգացման գրասենեակներ, որոնք կ’ապահովեն հետազօտութիւններ իրականացնողների ընդունելութիւնը եւ ցուցադրութիւնների համար Մատենադարանում պահուող նմոյշների տրամադրումը: 

Մատենավարութեան դպրոցի տնօրէններից եւ ուսուցիչներից պահանջւում է նաեւ մէկ այլ մասնագիտացում: Ուսումնական այս հաստատութիւնը գործում է Մատենադարանին կից եւ համալսարանական կրթութիւնից յետոյ կազմակերպում է երկամեայ դասընթացք մատենավարների համար: 

Որքա՞ն են կազմում այսպիսի լայնամասշտաբ եւ արժէքաւոր հաւաքածոյի պահպանութեան ծախսերը: Արդեօ՞ք դրամական ծախսերը համապատասխանում են Մատենադարանին վստահուած առաքելութեան իրականացմանը: 

Մատենադարանի առաքելութիւնն է գիտահետազօտական աշխատանքներ իրականացնողներին եւ հանրութեանը տրամադրել այստեղ պահպանուող փաստաթուղթերը: Հետեւաբար, այս առաքելութեան հետ են կապուած ոչ միայն Մատենադարանի (որը հասանելի է բոլոր այցելուներին) գործարկման, այլեւ վիրթուալ Մատենադարանի (որը բոլորի համար բաց եւ հասանելի է համացանցում) շարունակական թարմացման եւ հասանելիութեան ապահովման ծախսերը: Ի յաւելումն այս ամէնի, համապատասխան դրամական միջոցներ են անհրաժեշտ  մատենադարանային նմոյշների պատշաճ պահպանութեան համար օդափոխութեան յատուկ պայմաններ ապահովելու, ինչպէս նաեւ կանխարգելիչ միջոցառումների եւ պահպանութեանն ուղղուած մանրակրկիտ ու տեւական աշխատանք իրականացնելու համար: Ի վերջոյ, այս գերատեսչութեան ընթացիկ ծախսերը պայմանաւորուած են ուսումնասիրութիւնների, ցուցակագրման, Մատենադարանի առաքելութեան եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմամբ: 

Տեխնոլոգիական յեղափոխութիւնը մեծ ազդեցութիւն ունի ընթերցանութեան ձեւերի եւ գրաւոր խօսքի տարածման վրայ, վտանգելով «գրքային ձեւաչափի» ապագան: Տեխնոլոգիական այս յեղաշրջումն ինչպիսի՞ հետեւանքներ ունեցաւ Մատենադարանի կառուցուածքի եւ գործունէութեան վրայ: 

Միեւնոյն ժամանակ լինելով եւ՛ պատմական եւ՛ ժամանակակից հաստատութիւն՝ Վատիկանի Մատենադարանը պահպանում եւ արժեւորում է այն ժառանգութիւնը, որը դարերի ընթացքում ի պահ է տրուել իրեն: Գրքերը եւ մնացեալ ամէն ինչ ո՛չ միայն պահպանւում, այլեւ օգտագործւում եւ ուսումնասիրութիւնների են ենթարկւում: Որպէս ժամանակակից հաստատութիւն՝ Վատիկանի Մատենադարանը գործածում է բոլոր նորագոյն տեխնոլոգիաները եւ գործիքները՝ ուէպ կայք, տեղեկատուական հարթակներ, կապի այլ միջոցներ եւ թուայնացում, որոնք նպաստում են մատենադարանային նմոյշների ճանաչմանը եւ ներկայացմանը: Ինչպէ՞ս լաւագոյն ծառայութիւն մատուցել գիտահետազօտական աշխատանքներ իրականացնող մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրուած են այս ամէնով, եւ, ինչպէ՞ս ծառայել, միեւնոյն ժամանակ փոխանցել եւ տարածել մշակոյթը: Սրանք են այն դժուարութիւնները, որոնց մշտապէս բախւում է Մատենադարանը: Նորագոյն տեխնոլոգիաները չեն խզում կապը անցեալի հետ, այլ՝ նոր արտայայտչամիջոց են, որոնք հնարաւորութիւն են ընձեռում աւելի կատարեալ դարձնելու Մատենադարանին վստահուած առաքելութիւնը եւ ծառայութիւնը: 

Անդրադառնալով աւանդականի եւ նորագոյն տեխնոլոգիաների փոխադարձ կապին՝ ի՞նչ փուլում է գտնւում Մատենադարանի փաստաթղթային նիւթերի թուայնացման գործընթացը եւ, ինչպէ՞ս է այն ներկայացուելու գիտական աշխարհին: 

Թուայնացման գործընթացի շնորհիւ հասանելի կը լինեն ձեռագիրների, փորագրանկարների եւ կտաւների, մանրադրամների եւ յուշամետալների պատճէնները: Աւանդութեան համաձայն՝ Մատենադարանը գիտահետազօտական աշխատանքներ իրականացնողներին ընդունում է անվճար եւ փորձում լաւագոյն ծառայութիւնը մատուցել նրանց: Մատենադարանային նմոյշների պատկերները տեղադրւում են նաեւ համացանցում, որպէսզի հասանելի լինեն բոլորին: Ձեռագիր աշխատութիւններից իւրաքանչիւրը բացառիկ է իր բնոյթով, ուստի, թուայնացման ընթացքում առաջնահերթութիւնը տրւում է այս գրքերին: Այս գործընթացը մեկնարկել է 2012 թուականին՝ գրեթէ երկու տարի նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքներ իրականացնելուց յետոյ: 

Վատիկանի Մատենադարանում պահուող թուով 80.000 ձեռագիր աշխատութիւնների գրեթէ 20%-ը արդէն իսկ թուայնացուած է: Այս աշխատանքը չափազանց մեծ զգուշութիւն է պահանջում, որպէսզի չվնասուեն բնօրինակները եւ կարողանանք բարձրորակ նկարներ ստանալ՝ ապահովելով նիւթերի պատշաճ տեսանելիութիւնը Մատենադարանի կայքէջում: Բարերարների օգնութեամբ, ովքեր գիտակցում են այս ձեռնարկի կարեւորութիւնը, մեզ յաջողուեց մեծ քայլերով առաջ ընթանալ: Յուսանք, որ հնարաւոր կը լինի գործը աւարտին հասցնել գալիք 30 տարիների ընթացքում: 

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/07/2021, 07:46