Որոնել

Կարդինալ Փիեթրօ Փարոլինը Կարդինալ Փիեթրօ Փարոլինը  (AFP or licensors)

Խաղաղութիւնը կառուցւում է եղբայրութեամբ. Կարդինալ Փարոլին։

Խաղաղութեան կառուցող լինել նշանակում է գտնել եղբայրութեան սերմերն ու բողբոջները. ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեային կարդինալ Փարոլինի տեսաուղերձը
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Փիեթրօ Փարոլինը լսատեսողական կապով ելոյթ է ունեցել 2021 թուականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ -ի Գլխաւոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

Բազմաթիւ էին հարցերը, որոնք Պետքարտուղարն արծարծել է տեսաուղերձում. Համավարակը, Կլազգոյի COP26 գագաթնաժողովը, պատերազմները և միջուկային զինաթափումը, ինչպէս նաև «նոր իրաւունքները», որոնք հակասում են այն արժէքներին, որոնք պէտք է պաշտպանել:

Պատուաստանիւթը դարձնել բոլորին հասանելի

Ֆրանչիսկոս Պապի ողջոյնը մասնակիցներին փոխանցելով և վերյիշելով համավարակային ճգնաժամի վերաբերեալ նրա խօսքերը՝ կարդինալ Փարոլինը իր տեսաուղերձում ընդգծել է ճգնաժամը միասին յաղթահարելու և պատուաստանիւթը բոլորին հասանելի դարձնելու անհրաժեշտութիւնը, յատկապէս հակամարտութեան տարածքներում և մարդասիրական համատեքստում։ Անդրադառնալով «համավարակից ճնշուած» առողջապահական համակարգերին, որի հետեւանքով «շատ մարդիկ մնացել են առանց բաւարար խնամքի կամ առանց որևէ բուժման», Պետքարտուղարը հրաւիրում է խորհել նաեւ տնտեսական համակարգերի փխրունութեան և թերութիւնների վրայ, ինչն աղքատներին էլ աւելի խոցելի է դարձրել, և պայքարել նոյն համավարակի հետեւանքով աճ գրանցած կաշառակերութեան դէմ։

Ծառայել մարդկանց

Covid-ը ազդել է նաեւ 2030 թուականի կայուն զարգացման օրակարգի վրայ, դանդաղեցնելով նպատակների իրականացումը: Փարոլինը կոչ է անում վերիմաստաւորել անհատների և տնտեսութեան միջև յարաբերութիւնները և ապահովել, որպէսզի և՛ տնտեսական մոդելները, և՛ զարգացման ծրագրերը շարունակեն ծառայել մարդկանց՝ յատկապէս անտեսուածներին, այլ ոչ թէ շահագործեն ինչպէս նրանց, այնպէս էլ՝ բնական կենսամիջոցները:

Շրջական միջավայրի փոփոխութիւնները

Կլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեանը նուիրուած համաժողովին (COP26) ընդառաջ, կարդինալը հրաւիրում է օգտուել առիթից ՝ կրկին գործելու տասնամեակների անգործութիւնից յետոյ, որոնք կործանարար ազդեցութիւն են ունեցել ոչ միայն կլիմայի, այլեւ մարդկանց կեանքի վրայ: Յիշատակելով Հայիթիի բնական աղէտները, կարդինալը ընդգծել է, որ երկրի բնակչութիւնն արդեն իսկ տառապում է քաղաքական մարտահրաւէրներից և մարդասիրական արտակարգ իրավիճակներից» և, ըստ այդմ, կոչ է արել միջազգային հանրութեանը՝ օգնելու երկրի «տևական և կայուն» զարգացմանը: Արհեստագիտական բազմաթիւ առաջընթացները, օրինակ, «մաքուր ուժանիւթի ծախսերի իջեցման» ուղղութեամբ առաւել յուսադրող են այս առումով:

Համաշխարհային զինադադար

Պատերազմը և զանգուածային ոչնչացման զէնքի առկայութիւնը փոխարէնը մարում են յոյսը, ստեղծում են «վախի էթիկա» և թունաւորում ժողովուրդների միջև յարաբերութիւնները: «Մարդասիրական և անվտանգութեան հարցերը մեզ պարտաւորեցնում են վերջ տալ միջուկային սպառազինութիւնների մրցավազքին և արդիւնաւէտ միջոցներ ձեռնարկել ի նպաստ զինաթափման», - ընդգծել է Պետքարտուղարը եւ աւելացրել «Սուրբ Աթոռը պետութիւններին հրաւիրում է լսել Գլխաւոր Քարտուղարի և Ֆրանչիսկոս Պապի կոչը համաշխարհային զինադադարի և մարդասիրական պատասխանատուութեան մասին»:

«Նոր իրաւունքներ»

Միաւորած ազգերի կազմակերպութեանը ուղղուած տեսաուղերձում կարդինալը թուարկելով աշխարհում առկայ ողբերգութիւնները՝ եզրայանգում է, որ դրանք արդիւնք են «մարդաբանական ճգնաժամի» եւ «մարդկային յարաբերութիւնների ճգնաժամի», որի մասին տարբեր անգամներ շեշտել է Սրբազան Քահանայապետը: «Շատ յաճախ մարդասիրական իրաւունքը, - բացատրում է Փարոլինը, - ընդունւում է որպէս յանձնարարութիւն, այլ ոչ թէ պարտաւորութիւն», և այդ պատճառով փախստականները, գաղթականները և տեղահանուած անձինք աւելի ու աւելի են թողնւում անորոշութեան մէջ կամ նոյնիսկ, որ կեանքից զրկուեն:

Շատ դէպքերում մարդու իրաւունքների նոր մեկնաբանութիւնները, «նոր իրաւունքները» ոչ միայն հակասում են այն արժէքներին, որոնք պէտք է պաշտպանեն, այլ պարտադրւում են՝ չնայած միջազգային կոնսենսուսի բացակայութեանը»: Սուրբ Աթոռի համար մարդու իրաւունքները զրկուած են իրենց ընդհանրական հարթութիւնից, և «նոր մասնակի մեկնաբանութիւնները, ցաւօք, դառնում են կեղծ «առաջընթացի» գաղափարական յենակէտը» ՝ առաջացնելով բևեռացումներ պառակտում: «Այս փորձերը, - աւելացնում է Պետքարտուղարը, - մարդու հիմնարար իրաւունքների խթանմանը և պաշտպանութեանը, ինչպիսիք են կեանքի իրաւունքը, մտքի, խղճի և կրօնի ազատութիւնը և կարծիքի և արտայայտման ազատութիւնը» զրկում են ուժից:

Լինել խաղաղութեան արհեստաւորներ

Ոչ թէ հզօրների գործիք, այլ բոլորի ծառայութեանն ուղղուած հաստատութիւն: Այսպէս է Փարոլինը խօսում Միաւորած ազգերի կազմակերպութեան մասին, որը պէտք է հրաժարուի իր գործընթացները ուղղորդող «վիճելի նոր օրակարգեր ներ դնելու» մշտական ձգտումից:

Ինչպէս Ֆրանչիսկոս Պապն էր արել «Fratelli tutti» իր կոնդակում, կարդինալ Փարոլինը իր հերթին ևս խնդրել է ՄԱԿ-ին ինքն իրեն բարեփոխել ՝ «աւելի հաւատարմութեամբ և վճռականութեամբ վերադառնալով իրենց կանոնադրութեամբ ամրագրուած հիմնարար սկզբունքներին և նպատակներին»:

Աւարտելով խօսքը ՝ կարդինալ Փարոլինը շեշտել է, որ «յոյսի բազմաթիւ նշաններ կան նոյնիսկ մեր յոգնած հասարակութիւններում» և «խաղաղութեան կառուցող լինել նշանակում է գտնել եղբայրութեան այս սերմերն ու բողբոջները»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/09/2021, 10:30