Որոնել

Սալվատորի Յիսուսեան միաբանութեան մարտիրոսները Սալվատորի Յիսուսեան միաբանութեան մարտիրոսները 

Կարդինալ Չերնին յիշում է Սալվատորի Յիսուսեան միաբանութեան մարտիրոսներին: Երկիր, որը խոր ճգնաժամի մէջ է

Ի յիշատակ Սան Սալվատորի Կենտրոնական Ամերիկայի համալսարանում (UCA) վեց քահանաների և նրանց խնամակալուհու՝ դստեր հետ միասին, սպանութեան 32-րդ տարելիցի առիթով գրուած նամակում՝ կարդինալ Չերնին յիշեցնում է նրանց զոհաբերութիւնը և շեշտում, որ եկեղեցին պէտք է կրի մարդկայինի բեռը՝ լսելով աղքատներին և բարեփոխելով ինքն իրեն:

Վատիկան նիւզ

Նահատակութեան վայրում տնկուած փայտէ երեք սիւն, որոնք ծաղկում են՝ դառնալով Յարութեան նշան։ Այս պատկերն է առաջարկում, Մարդկային համապարփակ զարգացման գերատեսչութեան Գաղթականների և ապաստանեալների բաժնի փոխ քարտուղար կարդինալ Միքայէլ Չերնին՝ 1989 թուականի նոյեմբերի 16-ին Սան Սալվատորի Կենտրոնական Ամերիկայի համալսարանում (UCA) Յիսուսեան վեց միաբանների՝ Հայր Ինիացիօ Էլակուրիա, UCA-ի տեսուչ, փիլիսոփայ և աստուածաբան, Ինիացիօ Մարտին-Բարո, Սեգունտօ Մոնտես, Ամանթօ Լոփես, Խոագին Լոփես ի Լոփես, և նրանց խնամակալուհու և դստեր՝ Էլբա Ճուլիա Ռամոս և Սելինա Ռամոս, սպանութեան 32-րդ տարելիցի կապակցութեամբ գրուած իր նամակում։

Յոյսի նշաններ եկեղեցում

Կարդինալն ընդգծում է, որ այսօրեայ հանդիսակատարութիւնը տեղի է ունենում «աշխարհի մեծ մասում քաղաքական հիասթափութեամբ և մտահոգիչ նշաններով լի եկեղեցական և ազգային համատեքստում», բայց որը միևնոյն ժամանակ արձանագրում է «յոյսի նշաններ եկեղեցում », ինչպիսիք են, օրինակ 2022 թուականի յունուարի 22-ին Հայր Ռութիլիօ Կրանտէի՝ Մանուել Սոլորզանոյի և Նելսոն Լեմուսի հետ միասին, նախատեսուող երանացումը։ Նրանք սպաննուել են միասին 1977 թուականի մարտի 12-ին Ագիլարեսի և Էլ Պաիսնալի միջև։ Կարդինալը նաև յիշատակում է հայր Կոսմէ Սպեսոտտոյի՝ «ֆրանչեսկեան իտալացի վանականի երանացումը, ով սպաննուել էր 1980 թուականին Սան Խուան Նոնուալկօ եկեղեցում», որտեղ նա 27 տարի եղել է ծխական քահանայ։ Ագիլարեսի շուրջ բռնաճնշումների դաժանութեան մթնոլորտում արգելուել էր որևէ յուշարձանի տեղադրում՝ բացառութեամբ երեք փայտէ սիւների:

Տիրոջ բարեկամութիւնը

Նամակում կարդինալը յիշում է թէ ինչպէս էր Ռութիլիօ Կրանտէի սպանութիւնը ցնցել Սան Սալվատորի այն ժամանակուայ արքեպիսկոպոս Օսքար Ռոմերոյին, ով գիշերուայ մեծ մասն անց էր կացրել Ռութիլիո դիակի առջև, ինչպէս նաև այսօր յիշուող նահատակներին։ «Նրանք խորապէս յուզուած էին Ագիլարեսի իրադարձութիւններից, և նրանցից ոմանք առաւել մտերմացան և նուիրուեցին աղքատներին»: Ռութիլիօ Կրանտէի և Ռոմերոյի նահատակութիւնը «ամրապնդեց մեր յիսուսեան եղբայրներին իրենց հաւատքում». «53 յիսուսեան սրբերից 34-ը, իսկ 152 երանելիներից 145-ը նահատակներ են»: - ասուած է նամակում

Աղքատների դժուար կեանքը

Կարդինալ Չերնին առաջարկում է տարելիցի առիթը օգտագործել գնահատելու Էլ Սալվատորում տիրող իրավիճակը այսօր՝ «համավարակից և թշուառութիւնից», գնաճից, պատշաճ կերպով չսնուելուց, շրջակայ միջավայրի վատթարացումից և նաև «քաղաքական ինստիտուտների թուլացումից» տուժած «աղքատների կեանքի լուրջ վատթարացումը»։

Ծայրամասեր գնացող Եկեղեցի

Մարդկային համապարփակ զարգացման գերատեսչութեան Գաղթականների և ապաստանեալների բաժնի փոխ քարտուղար շեշտել է նաև, որ Յիսուսեան միաբանութեան անդամների նահատակութիւնից 32 տարի անց չի կարելի չմտածել առաջիկայ՝ «Դէպի սիւնհոդալ եկեղեցի. Հաղորդութիւն, մասնակցութիւն և առաքելութիւն» թեմայով Սիւնհոդի մասին ։ Այս տեսանկիւնից «եկեղեցուն պէտք է օգնել ապակենտրոնանալու և դէպի ծայրամասեր մղուելու»։ «Եկեղեցին պէտք է քայլի միասին՝ կրելով մարդկայինի բեռը, լսելով աղքատների աղաղակը, բարեփոխելով ինքն իրեն և իր գործողութիւնները», լսելով նախ և առաջ «anawim»-ի ձայնը, եզրոյթ, որը մատնանշում է «խոնարհ աղքատներին» և յիշատակուել է 21 անգամ Հին Կտակարանում, ինչը միշտ եղել է «Յիսուսի հանրային ծառայութեան կենտրոնում»։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/11/2021, 10:00