2025.02.25 La Festa di San Ghevont Yerets in Armenia

Ղևոնդեանց տօնը՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում

«Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ․ 10:28)

2025թ. փետրուարի 25-ին` Ղեւոնդեանց քահանայից տօնը Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում նշուեց Սուրբ Պատարագով, որը մատուցուեց ձեռամբ Առաջնորդ Հայր Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի եւ առընթերակայությամբ Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանի եւ Գերպ. Հ. Յովհաննէս Վրդ. Մելիքեանի, եւ ներկայութեամբ Առաջնորդութեան համայնքներում ծառայող վարդապետների եւ քահանաների, Անարատ Յղութեան առաքինազարդ միաբան քոյրերի եւ հաւատացեալների։ Սրբազան Հայրն իր քարոզում եղբայրակից քահանաներին եւ քոյրերին հրաւիրեց խորհրդածել Ղեւոնդեանց եւ Վարդանանց միասնականութեան խորհրդի մասին` որպէս Եկեղեցու սինոդականութեան սկզբունքի հայկական հնագոյն արտայայտութեան, մի համերաշխութիւն, որը պսակուեց նահատակութեամբ վասն հաւատոյ եւ հայրենեաց.

«Ղևոնդեան քահանաները եկեղեցական շարքն է հայ ժողովրդի, եկեղեցականների թևն է, իսկ Վարդանանք՝ աշխարհականների, հաւատացեալների թևն է: Բարոյականը մենք համառօտեցինք երկու բառով՝ վասն հաւատոյ և վասն հայրենեաց: Եթէ կրօնի, հաւատքի պաշտպանութիւն էր, աշխարհական դասը՝ հաւատացեալներն առանձին, պիտի չկարողանային գլուխ հանել այդ պատերազմից: Իսկ եթէ հայրենիքի համար էր պայքարը, միայն եկեղեցականը պիտի չկարողանար առանձին: Եւ աշխարհականը պիտի չկարողանար առանձին: Ու այսպէս հայ բանակն ունեցաւ մեր հայ ժողովրդի աւագանին: Ընդհանրական Եկեղեցին հազար հինգ հարիւր տարի անց նոյն բանին պիտի գնար, բայց նոյն բառերը պիտի չգործածեր, ա՛յլ բառեր պիտի գործածեր: Ո՞ր բառն է, որ աւելի շատ է գործածւում այս վերջին երկու տարիներին Կաթողիկէ Եկեղեցու մէջ, մի բառ, որն ի նկատի ունի աշխարհական և եկեղեցական դասը միասին … Դա «Սինոդս» բառն է։ Ուրեմն, մենք սինոդոսականութիւն ունեցել ենք արդեն 5-րդ դարում: Եթէ պարզապէս աշխարհագրական տարածքի համար չէր մեր պատերազմը, եթէ բարոյականի, հաւատքի համար էր, ուրեմն պէտք էր միասին լինել… մարտահրաւէր՛ն էր, որ բոլորին կողք կողքի բերեց: Ու այդպէս եկեղեցականները գլխաւորեցին աշխարհական դասին՝ զինուորներին, և միասին պատերազմի դաշտ գնացին: Սուրը զինուորի ձեռքում էր, իսկ եկեղեցականների ձեռքում՝ Խաչը: Սուրը և Խաչը միասին, և անհնար է երկուսին միասին յաղթել: Սրին առանձին կարելի է յաղթել՝ թիւով, Խաչին էլ կարելի է յաղթել, երբ անհաւատութիւնն է մուտք գործում»:

Ղեւոնդեանց քահանաների եւ Վարդանանց միասնականութիւնը դարերի հոլովոյթի մէջ օրինակելի է մնում հայ ժողովրդի կեանքում. հոգեւորականը եւ աշխարհականը միայն մէկմէկու թիկունք դառնալով կարող են յաղթահարել ներկայիս հոգեւոր, բարոյական եւ սոցիալական մարտահրաւէրները, վստահ է Առաջնորդ Հայրը։ Աւելին, նա իր բոլոր քահանայակից եղբայրներին համարում է ղևոնդներ․

«Իւրաքանչիւրն իր փոքրիկ գիւղի մէջ մի Ղևոնդ է, որը պայքարի մէջ է մտած՝ հաւատքը պաշտպանելու համար, ձեր պաշտպանելու տկարութիւններից, օտարամուտ նորութիւններից, անբարունակութիւնից»։

Սրբազան Հայրը ղևոնդներ է համարում նաև միաբան քոյրերին, ում գոյութիւնը և ծառայութիւնը հարստութիւն և հոգի է Եկեղեցու համար։

Սուրբ Պատարագից յետոյ եղբայրական մթնոլորտում տեղի ունեցաւ սիրոյ ճաշ եւ ապա` քահանայական ժողով, որտեղ քննարկուեցին Առաջնորդութեան առջեւ ծառացած մի շարք հարցեր։ Վերջում Առաջնորդ Հայրը խնդրեց Ղեւոնդեանց քահանաների բարեխօսութիւնը` Առաջնորդութեան բոլոր քահանաների համար եւ նրանց ուղարկեց շարունակելու իրենց ծառայութիւնը ի փառս Աստուծոյ։

Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց

25.02.2025թ.

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/02/2025, 07:24