Մեր ժողովուրդներն ուժեղ հաւատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստաւորւում է ոչ միայն այսօր, այլեւ մշտապէս ապացուցուել է մեր գործողութիւններով
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի՝ Սուրբ Աթոռ կատարած պաշտօնական այցի առթիւ և ի պատիւ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Փիեթրօ Փարոլինի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան տեղի է ունեցել պաշտօնական ընթրիք:
Ողջունելով նախագահ Սարգսեանի պաշտօնական այցը՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազօր դեսպան Կարեն Նազարեանը բարձր է գնահատել Հռոմի Պապ Ֆրանչիսկոսի ու կարդինալ Փիեթրօ Փարոլինի վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդէպ և նրանց դերը Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական յարաբերութիւնների զարգացման մէջ:
Հայաստանի դեսպանն իր խօսքում մասնաւորապէս նշել է. «Մենք մեծապէս երախտապարտ ենք՝ այսօր միասին լինելու առիթի համար, որի շրջանակում հանդիսաւոր կերպով նշւում է Երևանի և Վատիկանի յարաբերութիւններում նոր էջի բացումը՝ նշանաւորուած Հայաստանի նախագահի պաշտօնական այցով:
Պարո՛ն նախագահ, Դուք լաւ գիտէք, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի շուրջ 30 տարուայ դիւանագիտական կապերը նշանաւորուել են բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեամբ, որը մշտապէս եղել է փոխադարձ հոգածութեան կենտրոնում: Շնորհակալութիւն ենք յայտնում Ձեզ՝ Ձեր անձնական դերի համար՝ որպէս Հայաստանի առաջին բանագնաց Վատիկանի առաքելական պալատ, ինչպէս նաև այսօրուայ և մեր երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելու համար»:
Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական յարաբերութիւնների զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Փիեթրօ Փարոլինը Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով պարգևատրուել է Հայաստանի պետական պարգևով՝ Պատուոյ շքանշանով:
Յանձնելով պետական բարձր պարգևը՝ նախագահ Սարգսեանը շնորհաւորել է պետքարտուղար Փարոլինին և մասնաւորապէս ասել. «Կայ երկու բան, որ շատ ներդաշնակօրէն համատեղուում են: Մէկը երկու պետութիւնների միջև յարաբերութիւններն են, այս դէպքում՝ Վատիկանի և Հայաստանի, մեր երկու ժողովուրդների, հայերի և կաթոլիկների և երկու հաւատքների յարաբերութիւնները: Միւսը պայմանաւորուած է նրանով, որ մենք որպէս պետութիւններ հին քրիստոնեաները ենք: Մեր երկու երկրներն էլ փոքր են, բայց համաշխարհային ազգ: Վատիկանը փոքր պետութիւն է, բայց համաշխարհային ազգ է, որը ներկայացնում են ամբողջ աշխարհի կաթոլիկները: Հայաստանը ևս փոքր երկիր է, բայց ամբողջ աշխարհում ունի հայկական սփիւռք: Ի թիւս այլ ընդհանրութիւնների՝ մեր ժողովուրդներն ուժեղ հաւատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստաւորւում է ոչ միայն այսօր, այլեւ մշտապէս ապացուցուել է մեր գործողութիւններով:
Այն մի քանի տարիների ընթացքում, որ Դուք զբաղեցնում էք Սուրբ Աթոռի պետքարտուղարի պաշտօնը, մենք զգացել ենք Վատիկանի և կաթոլիկ եկեղեցու աջակցութիւնը Հայաստանին: Շնորհակալութիւն: Եկէք չմոռանանք, որ աւելի քան հինգ տարի առաջ Հռոմի ներկայիս Պապն այցելել է Հայաստան: Դա պատմական այց էր և՛ Հայաստանի, և՛ բոլոր հայերի, և՛ ամբողջ քրիստոնեայ աշխարհի համար: Հռոմի Պապն այցելեց մի երկիր, որն առաջին էր ընդունել քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն:
Անցեալ տարի մենք կարիքի մէջ էինք: Համավարակով պայմանաւորուած՝ ամբողջ աշխարհն էր այդ վիճակում, սակայն Հայաստանն առանձնայատուկ էր զգում աջակցութեան կարիք՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի պատճառով, որը մեզ պարտադրուել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Հռոմի Պապի, Վատիկանի, պետքարտուղարութեան և Ձեր գործընկերների կողմից ստացուած աջակցութիւնը մեծապէս գնահատելի է: Ես շատ ուրախ եմ, որ շուտով Վատիկանից պատուիրակութիւն է այցելելու Հայաստան, և մենք բոլորս ուրախութեամբ կողջունենք Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նուիրակութեան բացումը: Դա մեր յարաբերութիւններն աւելի սերտացնելու մէկ այլ քայլ կլինի:
Կցանկանայի ևս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնել Հռոմի Պապին: Նա շատ յատուկ տեղ և դեր ունի աշխարհի բոլոր հայերի համար: Ամբողջ աշխարհում իւրաքանչիւր հայ շատ յուզուած էր, աղօթում էր, երբ 2015 թուականին Վատիկանում յարգանքի տուրք մատուցուեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ Հռոմի Պապի, Ձեր ներկայութեամբ: Կրկին անչափ շնորհակալ ենք:
Մեր 30 տարուայ գործակցութիւնը հիմնուած է մեր 2000-ամեայ յարաբերութիւնների վրայ, և այսօր մենք գիտենք՝ ինչպէս կառավարել դժուարութիւնները և, որ ամենակարևորն է, իսկապէս առաջ շարժուել՝ յաջողութիւններ գրանցելու համար:
Յոյս ունեմ, որ Դուք առաջիկայում կայցելէք Հայաստան, և ինձ համար մեծ պատիւ կլինի ոչ միայն հիւրընկալել Ձեզ, այլեւ մեծագոյն հաճոյքով ցոյց տալ մի երկիր, որն առաջինն էր, որ դարձաւ քրիստոնեայ: Մեր երկիրն առաջինն է, որ սովորեց սիրել և գնահատել բարեկամութիւնը»:
Կարդինալ Փարոլինը շնորհակալութիւն է յայտնել Հայաստանի նախագահին՝ ջերմ խօսքերի համար փոխանցել իր «սրտագին խօսքերը, որոնք վերահաստատում են Սուրբ Աթոռի աջակցութիւնը Հայաստանին, որը յայտնի է որպէս առաջինը պաշտօնապէս քրիստոնէութիւնն ընդունած երկիր»: «Ուրախ եմ տեսնել, թէ ինչպէս քրիստոնէական հաւատքի սերմերը, որոնք ցանուել են Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կողմից, զարգացել և դարձել են հասուն պտուղներ: Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացու յիշատակը Ֆրանչիսկոս պապի կողմից վերջերս աւելացել է Հռոմէական գլխաւոր օրացոյցում,- ասել է կարդինալը: -Հայաստանի քրիստոնէական սկիզբը շարունակում է լինել այն հիմնաքարը, որի շուրջ զարգանում են հասարակութիւնները և որի հիման վրայ նրանք ընդունում են սեփական ինքնութիւնը:
Քրիստոնէական հաւատը Հայաստանի պատմութեան անգամ ամենաողբերգական պահերին դարձել է Ձեր ժողովրդի վերածննդի գրաւականը: Մեր յարաբերութիւնների շատ ոլորտներ կապուած են Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև յարգալից երկխօսութեամբ, որը հերթական անգամ արտայայտուեց Հռոմի Ֆրանչիսկոս Պապի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի միջև վերջին հանդիպման ընթացքում:
Պարոն նախագահ, իմ ջերմագին շնորհակալութիւնն եմ յայտնում Ձեզ այս այցի համար՝ վստահ լինելով, որ այն կունենայ շատ դրական զարգացումներ մեր յարաբերութիւններում:
Թող Ձեր ազնիւ ժողովուրդը վայելի խաղաղութիւնը` յաղթահարելով վերջին մարտահրաւէրները»:
Աղբիւրը` ՀՀ Նահագահական կայքէջ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ