Եղէ՛ք խաղաղութեան մարգարէներ եւ կամուրջներ թշնամի երկրների միջեւ. Կարդինալ Միքայէլ Շեռնի
Մարիամ Երեմեան - Վատիկան
«Բոլոր ծովային աշխատաւորները գիտեն, որ Եկեղեցու սրտում են. նրանք միայնակ չեն արդարութեան, արժանապատւութեան եւ ուրախութեան իրենց որոնումների մէջ»։ Մարդկային Համապարփակ Զարգացման Ծառայութեան Վերատեսչութեան Վերատեսուչ Կարդինալ Միքայէլ Շեռնին՝ «Ծովի Կիրակի» օրուայ (այս տարի այն նշուելու է յուլիսի 13-ին) կապակցութեամբ իր ուղերձում հրաւիրել է յիշել այդ մարդկանց, «ովքեր իրենց կեանքի մեծ մասն անցկացնում են ընտանիքներից եւ համայնքներից հեռու, բայց միեւնոյն ժամանակ հսկայական ծառայութիւն են մատուցում տնտեսութեանը եւ ժողովուրդների զարգացմանը»։ Սա յատկապէս արդիական է Սուրբ Տարուայ համատեքստում. Յոբելեանը «դարձի կոչ է մեզ» եւ կոչ է անում է «կոտրել շղթաները, ներել պարտքերը, վերաբաշխել կենսամիջոցները եւ հանդիպել խաղաղութեան մէջ»։ «Քաջ, բայց հնարաւոր մարդկային ժեսթեր», որոնք վերակենդանացնում են յոյսը», - գրել է Չերնին։ Մինչ ծովաշխատողներին նա յորդորում է ապրել այդ յոյսը եւ լինել «խաղաղութեան մարգարէներ» եւ կառուցել «կամուրջներ նոյնիսկ թշնամի երկրների միջեւ»։
Եկեղեցին պէտք է ինքն իրեն հարցեր ուղղի
«Ծովը կապում է բոլոր ցամաքները՝ հրաւիրելով վերջիններիս նայել անսահման հորիզոնին, զգալ, որ միասնութիւնը միշտ կարող է գերակշռել հակամարտութիւններին», - նշել է Ծիրանաւորը: Ըստ նրա պնդման, «մարդկային համապարփակ զարգացումը» ներառում է «բոլոր մարդկանց եւ նրանց բոլոր ֆիզիկական, հոգեւոր եւ համայնքային ծաւալները»: Ոստի եւ, «ամբողջ Եկեղեցին կոչուած է ինքն իրեն հարցեր տալու, թէ ինչպէս են այսօր աշխատում նաւահանգիստներում եւ նաւերի վրայ, ինչ իրաւունքներով, ինչ անվտանգութեան պայմաններում, ինչ նիւթական եւ հոգեւոր օգնութեամբ»: Կարդինալ Շեռնին նաեւ նկատել է տուել, որ «վիրաւոր արարչագործութեան» եւ «աճող հակամարտութիւններով ու անհաւասարութիւնով աշխարհի, դիմաց, կեանքի Աստծուն սիրելը մեզ պարտաւորեցնում է կեանքի հանդէպ»:
«Կեանքը միշտ առարկայական է»՝ լինի դա առանձին, թէ այլ մարդկանց հետ յարաբերութիւններում, շեշտել է Կարդինալը՝ կոչ անելով ուշադրութիւնը սեւեռել նրանց վրայ ովքեր, ովքեր աշխատեցնում ու կենդանի են պահում մեր տնտեսութիւնները ամեն օր՝ յաճախ առանց օգուտ ստանալու եւ խտրականութեան եւ վտանգի ենթարկուելով»:
Ծովային աշխատաւորները՝ յոյսի ուխտաւորներ
Ծովային աշխատողները ըստ Շեռնիի, «յոյսի ուխտաւորներ են», քանզի, «մարմնաւորում են իւրաքանչիւր մարդու ցանկութիւնը, անկախ ազգութիւնից կամ կրօնական հաւատքից, ապրելու արժանապատիւ կեանքով՝ աշխատանքի, փոխանակման եւ հանդիպումների միջոցով»: Ինչպէս Սուրբ Գրքում պատմուած շատ այլ դէմքեր, ծովում աշխատողները «պահանջ եւ քաջութիւն ունէին ճանապարհ ընկնելու», եւ, այժմ, նրանք առաջ են շարժւում «կեանքի ճանապարհորդութեան մէջ»։ Գալիս ենք նոյն տնից եւ վերադառնում ենք նոյն տուն՝ հայրենիք՝ առանց սահմանների ու մաքսատների, որտեղ չկան բաժանող արտօնութիւններ եւ վիրաւորող անարդարութիւններ», - ընդգծել է Մարդկային Համապարփակ Զարգացման Ծառայութեան Վերատեսչութեան Վերատեսուչը: Եզրափակելով՝ նա հրաւիրում է բոլոր «քրիստոնեայ ծովաշխատողներին եւ այլ կրօնական եւ մշակութային ծագում ունեցող նրանց բոլոր գործընկերներին» լինել «յոյսի ուխտաւորներ», պահպանելով կապերը իրենց ընտանիքների եւ համայնքների հետ ու «քաջ եւ կառուցողական» ձեւով արձագանքելով «հասարակական եւ բնապահպանական անարդարութիւններին»:
Ծովի Կիրակին
Ամէն տարի յուլիսի երկրորդ կիրակի օրը Եկեղեցին նշում է «Ծովի Կիրակի»ն։ Ձեռնարկը սկիզբ է առել 1975 թուականին Անգլիայում՝ «Ծովի հովուական առաքելութեան» եւ «Mission to Seafarers e della Sailors’ Society» նախաձեռնութեամբ՝ յիշատակելու ամէն օր նաւերի վրայ ծառայող աշխատաւորների աշխատանքը։ Այդ օրը քրիստոնեայ զանազան հասարակութիւնների կողմից աշխարհի բազմաթիւ նաւահանգիստներում կազմակերպւում են ծովային աշխատաւորների համար աղօթքներ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ