VATICAN-RELIGION-POPE-MASS

Լեւոն ԺԴ․ Պապի մտքին համահունչ, Կարդինալ Կուճերոթթին խնդրում է աշխարհին վերարթնացնել չափազանց երկար ժամանակ քնած բանականութիւնը

Արեւելեան Եկեղեցիների Վերատեսչութեան Վերատեսուչը Վատիկանի լրատուամիջոցների հետ զրոյցում միանում է Սրբազան Քահանայապետի՝ «ROACO»-ի ընդհանուր ժողովին արտայայտած մտահոգութեանը եւ խորը վրդովմունքին։ Առկայ է Քրիստոնէական Արեւելքի ոչնչացման վտանգ»։ «Այլեւս չենք կարող թաքնուել մեր փոքրիկ իշխանպայքարների հետեւում, այլեւս չենք կարող խեղաթիւրել պատմութիւնը՝ ստանալու համար այն ամենը, ինչ ուզում ենք։
Ունկնդրէ լուրը

Մարիամ Երեմեան - Վատիկան

«Բանականութեան քունը հրէշներ է ծնում»: Իսպանացի նկարիչ Ֆրանսիսքօ Կոյայի յայտնի աշխատանքի այս տիտղոսը, ըստ Արեւելեան Եկեղեցիների Վերատեսչութեան Վերատեսուչ Կարդինալ Քլաուտիօ Կուճերոթթիի համոզմունքի, լաւագոյնս է ամփոփում Լեւոն ԺԴ․ Քահանայապետի մտահոգութիւնը, որն արտացոլուել է անցեալ 26 յունիսին Արեւելեան եկեղեցիների օգնութեան գործակալութիւնների՝ «ROACO»-ի, ընդհանուր ժողովի մասնակիցներին ուղղած պատգամում։

Վատիկանի լրատուամիջոցներին տրուած հարցազրոյցում, Կարդինալ Կուճերոթթին ընդգծել է, որ Սրբազան Պապի խօսքերը խորը վրդովմունք են արտայայտում այն ամենի հանդէպ, որ տեղի է ունենում  աշխարհում: «Մարդկանց թւում է, թէ կորցնում են այն, ինչ դարերի ընթացքում կառուցել են ՝ ազատութիւն, անձնական իրաւունքներ, միջազգային եւ մարդասիրական իրաւունքներ: Թւում է, թէ ամեն ինչ անհետանում է, եւ Պապը դա յստակօրէն նշում է»:

Փակ են երկխօսութեան ուղիները հզօրների հետ

Ճիշտ այս է բանականութեան քունը, որը ծնում է մտահոգիչ հրէշներ եւ «այս մարդկութիւնը անտարբեր հետևում է իր ինքնաոչնչացմանը, շարունակում է Ծիրանաւորը։ Որոշները բարձրացնում են իրենց ձայնը, բայց քաղաքականութիւնը շարունակում է իր ճանապարհը։ Դա այլեւս ժողովրդի քաղաքականութիւն չէ, այլ վերածուել է ընտրեալ անձերի խմբի քաղաքականութեան, ովքեր անհարկի կերպով իրենք իրենց վերագրում են առաջնորդելու գործառոյթը՝ կանոններից անդին»։

«Մարդիկ անօգնական կերպով ականատեսն են աւերածութիւնների, որոնք տարածւում են անտառային հրդեհի պէս»։ Միւս կողմից, փակ են երկխօսութեան ուղիները հզօրների հետ, քանզի վերջիններս երբ մեղադրւում են միջազգային կամ մարդասիրական իրաւունքը խախտելու մէջ, պարզապէս չեն արձագանքում՝ «դրանով կարծես ասելով, որ դա իրենց չի հետաքրքրում», - շեշտում է Արեւելեան Եկեղեցիների Վերատեսչութեան Վերատեսուչը։

Քրիստոնէական Արեւելքը՝  նահատակաց երկիր

Նման անհաղորդելութեան իրավիճակի մէջ է նաեւ Քրիստոնեայ Արեւելքը, որ  իր բնոյթով նահատակների երկիր է։ Նահատակների երկիր, «որը շարունակում է նահատակութեան զոհ դառնալ։ Բռնութեան այս համակարգը քրիստոնեաներին ստիպում է փախուստի դիմել՝ փաստացիօրէն վերացնելով նրանց իրենց իսկ երկրից, որի մշակութային, հասարակական եւ քաղաքական հիմքերից մեկն են», - հաստատում է Կարդինալը։

Արթնացնել չափազանց երկար ժամանակ քնած բանականութիւնը

Վտանգուած է Արեւելեան եկեղեցիների ներկայութիւնը, որն ամենամօտն է գտնւում Քրիստոնէութեան ակունքներին։  Հետեւաբար, Լեւոն ԺԴ․ Պապի մտքին համահունչ, Կարդինալ Կուճերոթթին խնդրում է աշխարհին վերարթնացնել չափազանց երկար ժամանակ քնած բանականութիւնը․ «Այլեւս չենք կարող թաքնուել մեր փոքրիկ իշխանպայքարների հետեւում, այլեւս չենք կարող խեղաթիւրել պատմութիւնը՝ ստանալու համար այն ամենը, ինչ ուզում ենք։

Գթասիրութեան համամիութենականութիւն (էկումենիզմ)

Չնայած պատերազմներին ու ճնշումներին, բռնութեանը եւ ցաւին, «ROACO»-ն անխոնջ աշխատում է յոյսի փոքր ովասիսներ ստեղծելու, վերակառուցելու եւ համամիութենական երկխօսութիւն իրականացնելու համար՝ «բաժանուած քրիստոնէութեան գայթակղութիւնը հեռացնելու նպատակով»:

Անհրաժեշտութիւնից ելնելով եկեղեցիների միջեւ այսօր տեղի ունեցող պատմական համերաշխութիւնը «յստակ հրաւէր է այն հաղորդութեան, որը մինչ օրս չի յաջողուել ձեռք բերել աստուածաբանական խորհրդածութեան միջոցով», նշեց ի վերջոյ Կարդինալ Կուճերոթթին։ Ըստ էութեան, անմիջական օգնութեան եւ գթասիրութեան համամիութենականութիւն: 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/07/2025, 09:00