Հայկական ժողովրդական երգեր. հարսանեկան «Առաւօտուն բարի լուս» երգը
Այսօր ներկայացնում ենք Կոմիտասի գրառած հարսանեկան մի երգ, որ կոչւում է «Առաւօտուն բարի լուս»։
Այս երգը Ռոբերտ Աթայանը ձևով և կառուցուածքով նման է համարում «Լորիկ» անունով յայտնի մէկ այլ երգի, որը սկսւում է «Գացի արտեր, բռնի լոր» տողով: Իսկ այս մեկն իրականում երկու երգի՝ «Լորիկ» և «Հազար երնեկ» երգերի միացումն է, որ ժողովրդի մօտ էլ է միասին կատարուել: Կոմիտասը փորձել է մշակել որպէս խմբերգ: Իսկ գուցէ և կատարել է այդպիսի մշակում, բայց մե՞զ չի հասել, քանի որ Ռոբերտ Աթայանը նշում է, որ Կոմիտասից պահպանուել է մի սևագիր, որտեղ միայն երգի մշակման սկիզբը կա, իսկ յաջորդող երեք թերթերը կտրուած-հանված են եղել, որտեղ էլ հաւանաբար գրուած է եղել խմբերգի ամբողջական մշակումը :
Կոմիտասի այլ ձեռագրերում, որտեղ այն մշակուած է ոչ թէ որպէս խմբերգ, այլ մեներգ, այն վերնագրուած է «Հարսներգ»:
Յայտնի է, որ 1911 թուականի Յունուարի 30-ին և փետրուարի 13-ին Իզմիրում (Զմիւռնիա) Կոմիտասի երգչախմբի կայացած համերգների ժամանակ «Առաւօտուն բարի լուս» երգի մեներգային մասը կատարել է հենց ինքը՝ Կոմիտասը:
Այժմ ծանօթանանք բովանդակութեանը:
Նախ երգում է նորափեսան, որի խօսքից իմանում ենք, որ առաւօտ բարի լոյսին սկսուել է հարսանեկան արարողութիւնը և մաղթում է, որ Աստուած պահի ամէնքին՝ նկատի ունի ներկայ հարսանքաւորներին: Յետոյ դիմում է իր նորահարսին, նրան անուանելով լորիկ, և ասում է՝ թող դուրս գայ իր թշնամու աչքը: Այդպիսին կարող են լինել այն մարդիկ, որոնք չար աչքով են նայել իրենց պսակին, չեն կամեցել, որ երիտասարդները հասնեն իրար, ընտանիք կազմեն:
Ապա երգում է նորահարսը, հազար երնեկ տալով այն օրուան, երբ դհոլ-զուռնա նուագելով իրեն կանաչ-կարմիր հագցրին, տարան եկեղեցում կանգնեցրին, աւետարան կարդացին ու իր ձեռքը տղայի ձեռքի մէջ դրին՝ այսինքն համառօտ նկարագրում է հարսանիքի պսակադրութեան ընթացքը: Ինչ վերաբերում է այն խօսքերին, որտեղ ասում է՝ կանաչ-կարմիր հագցրին, պէտք է իմանալ, որ այս գոյները հարսանիքի խորհրդանիշ էին և նորապսակների զգեստների վրայ պէտք է լինէին անպայման:
Նորահարսից յետոյ դարձեալ երգում է փեսան, կարծես դիմելով հարսանեկան արարողութեանը նոր ներկայացած ազգականներին, թէ բարև տուէք բարևիս, որ բարին հասնի իմ արևին, ապա դարձեալ նորահարսին իր լորիկն անուանելով, երգում է, որ նա իր հոգու սիւնն է՝ յենարանը, և թող Աստուած պահի իրենց երկուսին:
Երգը ներկայացուած է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Հարություն Թոփիկյան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ