2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր.«Չուր ե՞փ մնամ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (112)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Չուր ե՞փ մնամ» երգը, որը «Զարթի՛ր, լաո» երգի տարբերակներից մեկն է։ Ըստ բանագէտ Ալվարդ Ղազիյանի, այս երգը յօրինուել է որպէս օրօրոցային, օրօրոցային երգերի նմանութեամբ, որտեղ, սակայն, մայրը ոչ թէ քնեցնում է նրան, այլ արթնացնում։ Նա դիմում է իր արու զաւակին՝ զգօնութեան և պայքարի կոչով: Յայտնի է նաև, որ երգը նուիրուած է եղել առաջին հայդուկապետներից Արաբոյին:

Երգի առաջին տողում ասւում է «Չուր ե՞փ մնամ էլու դռներ»։ «Չուր եփ» Սասնայ եւ Մշոյ բարբառներով նշանակում է «մինչեւ ե՞րբ»։ Իսկ «էլու դռներ» խօսքում, կարծում ենք, «էլ»-ը «այլ» բառի բարբառային արտասանութիւնն է։ Այսինքն ասում է՝ մինչև ե՞րբ մնանք օտարների՝ այլոց դռները։ Նա մաղթում է, որ զաւակը շուտով մեծանայ, «ձեռն Աստուծոյ օգնէ մըզի» երգում է մայրը, քանի որ Արաբոյի զոհուելուց յետոյ հայութեան յոյսը մնացել է օրօրոցային երեխաների վրայ։

Երգը ներկայացնում ենք «Շովակ» անսամբլի կատարմամբ, որի հիմնադիրն է Գագիկ Գինոսեանը, իսկ երգուսոյցն է երգչուհի Անուշ Բալբաբեանը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/09/2025, 08:03