Հայկական ժողովրդական երգեր. Ներսէս Շնորհալիի «Նորահրաշ պսակաւոր» շարականը
Այսօր ներկայացնում ենք Ներսէս Շնորհալու «Նորահրաշ պսակաւոր» շարականը՝ նուիրուած Վարդանանց՝ Աւարայրի ճակատամարտի զոհերին։
Այս շարականի առաջին քառատողը նուիրուած է «առաքինիների զօրագլուխ» Վարդան Մամիկոնեանին, որը զինավառ հոգով արիաբար ելել է ընդդէմ մահի և հայրենիքի սահմաններից հեռու վանել թշնամուն՝ իր վարդագոյն արիւնով պսակելով եկեղեցին և վաստակելով նորահրաշ մի պսակ:
Երկրորդ քառատողում խօսւում է իշխան Խորեն Խորխոռունու մասին, որ նա իմաստութեամբ խոհեմացած, Երկնաւոր թագաւորի զէնքով յաղթեց պատերազմում, ինքն էլ պսակուեց իր արեան հեղմամբ՝ վկայելով Խաչեալին:
Յաջորդ քառատողը պատմում է Մոկաց իշխան Արտակի մասին, որ մարտի ժամանակ թաւալուելով իր մարմնից աղբիւրի պէս բխած բոսորագոյն արեան մէջ, ըմպեց փրկչական բաժակից և դասակից եղաւ անմարմինների:
Իսկ չորրորդ քառատողում նկարագրւում է իշխան Հմայեակ Դիմաքսեանի նահատակութիւնը, որը զօրանալով Սուրբ Երրորդութիւնից՝ հեռու վանեց բանսարկուի ամրութիւնները, պատերազմում հոգով յաղթեց չառասեր թագաւորին (նկատի ունի Պարսից Հազկերտ Բ արքային)՝ դառնալով չարչարակից՝ Յիսուսին:
Շարականը բաղկացած է 10 քառատողից, որտեղ փառաբանւում են իշխաններ Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, ԱրսԷնը, Գարեգին Սրվանձտյանը և բոլոր 1036 նահատակները:
Շարականի բանաստեղծական տեքստի քառատողերի գլխագրերից ստացւում է «Ներսէսի երգ» կապակցութիւնը: Հայրենասիրական այս մարտերգը չի երգուել միայն եկեղեցու պատերից ներս: Այն մեծապէս սիրուել է նաև ժողովրդի կողմից, յաճախ երգուել հանդէսներում, զօրահանդէսների ժամանակ, տներում և անգամ բեմերում՝ Վարդանանց նուիրուած ներկայացումների ժամանակ:
Շարականը ներկայացնում ենք «Հովեր» երգչախմբի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ