2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Եաման եար» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (143)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք «Եաման եար» պարերգը, որը յայտնի է նաեւ «Ղարսայ բերդը բլել է» վերնագրով։ Սա տղայի եւ աղջկայ երկխօսութիւն է, որոնց իւրաքանչիւրի խօսքը համապատասխանաբար կատարում է տղաների կամ աղջիկների խումբը: Աղջիկը երգում է, որ ինչպէս սարերն են ծածկուել կանաչ խոտով, այնպէս իր սիրտն է լցուել կարօտով: Բանն այն է, որ տղան, ինչպէս աղջկան է թուացել, յոգնել է իրենից եւ այժմ միայնակ տուն է գնում հանդի մօտով:

Սակայն տղան, ինչպէս երևում է, մէկ այլ պատճառով է դարձել անտրամադիր, իսկ աղջկան առաջուայ պէս սիրում է, քանի որ աղջկան դիմում է, ասելով «եար ջան, մեռնեմ բոյիդ չինարի»:

Ապա դարձեալ խօսում է աղջիկը, որից զգում ենք, որ փարատուել են նրա կասկածներն ու մռայլ տրամադրութիւնը: Նա պատմում է, որ ալիւրը մաղելուց յետոյ մտել է, պարտեզից վարդ քաղել, որպէս զի հենց եարը հանդից գայ, նրա ոտքերը ծաղկունք դնի․ երեւի նկատի ունի՝ ծաղկաթերթիկներով լի ջրով հովացնի նրա յոգնած ոտքերը:

Նրա այս խօսքին արձագանքում է հանդից տուն վերադարձող տղան՝ ասելով, թէ աշխատանքային օրուայ ընթացքում արդէն կարօտել է իր եարին ու նրա մախմուր աչքերը:

Այնուհետեւ աղջիկը գնում է ոչխարի մածուն եւ կովի մսով կերակուր բերելու, որպէս զի հենց եարը տուն հասնի, ընկնի նրա վզովն ու առաջնորդի տուն, իր գցած սեղանի մօտ:

Ահա, արդէն իրիկնացել է, եւ լուսնեակի շողերն ընկել են արտերի վրայ, եւ տղան էլ, դաշտում աշխատել, յոգնելուց եւ աղջկայ պատրաստած կերակուրն ուտելուց յետոյ, հանգիստ քնել է: Եւ այժմ աղջիկը, իրենց պարտէզի վարդերի վրայ ջուր ցողելուց յետոյ, տղայի կողքին նստած, ականջ է դնում նրա սրտի խաղաղ զարկերին:

Այս երգի որոշ տարբերակներում հանդիպում է մէկ քառատող էլ, որի խօսքերից էլ երգը յայտնի է երկրորդ անունով՝ «Ղարսայ բերդը բլել է»: Նրանում ասւում է, որ մինչ եարը քնած էր Ղարսի բերդի տակ, յանկարծ այն փուլ է եկել՝ տղային տակովն անելով: «Մինչդեռ, - երգում է աղջիկը, - իր սիրտը լիքն էր գարունքով, ինչպէս սարերն են ծածկուած կանաչ խոտով»:

Պարերգը ներկայացուած է Պոլսոյ «Սայեաթ-Նովա» երգչախմբի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/05/2026, 07:30