2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Կոմիտասի գրառած կատակայի «Հինգ էծ ունեմ» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (144)
Ունկնդրէ լուրը

Բարեկամներ, այսօր ձեզ ներկայացնում ենք Կոմիտասի գրառած կատակային մի պարերգ, որը կոչւում է «Հինգ էծ ունեմ»։ Այն Կոմիտասը գրառել է Տ․ Չիթունուց 1909 թուականին Էջմիածնում։

Հիմնուելով վարդապետի նշումների վրայ, Ռոբերտ Աթայեանը սա համարում է աղքատութեան ծաղրերգ (Կոմիտաս․ երկերի ժողովածու, հտ․ 3)։ Կոմիտասը մշակելիս փոքր-ինչ խմբագրել է եւ նշել․ «Մեկ հատած (այսինքն՝ տակտ) առանց երգի, սկիզբն ու վերջը»։ Այդ հատուածների համար Կոմիտասը գրել է բուն մեղեդուն ընկերակցող «իլիլի-դիլիլի» ձայնարկութիւնները, սակայն յետոյ ինքն էլ մատիտով խազել է դրա վրայ։ Այնուամենայնիւ, երգի սկզբում եւ վերջում այդ հատուածները կատարելու դէպքում առաւել սրւում է երգի ծաղրական բնոյթը։ Բնագրում կա նաեւ «այծի ձայն» նշումը, որը յորդորում է երգել ձայնանմանողական ելեւէջներով։

Այժմ տեսնենք, թե ինչի մասին է այս ծաղրերգը․ ժողովրդական ծաղրալից խօսքին բնորոշ է չափազանցութիւնը։ Դա նկատելի է նաեւ այս երգում։ Բացի դրանից ասում են, որ լաւագոյն հումորը ստացւում է այն ժամանակ, երբ մարդն ինքն իրեն է ծաղրում։ Սա եւս նկատելի է այս երգում։ Աղքատ գեղջուկը ծաղրում է իր իսկ ծանր դրութիւնը, երգելով, թե հինգ այծ ունի, դրանք իրենց ձագերն ունեն, եւ դրանցից այնքան շատ կաթ է կթում, որ լցւում է մի քանի պղինձ (պղնձէ աման)։ Իսկ կաթի սերն այնքան շատ է, որ կալի չափով կարելի է իմանալ, թէ որքան շատ է։ Իւղն էլ անչափ շատ է, դրանով կը լցուի մի ամբողջ տիկ, որ․․․ քաշուած է լուից։

«Տիկ» բառը հին հայերէնում ունեցել է մի քանի իմաստ․ նախ նշանակել է «այծ», ապա նաեւ այծի մորթուց պատրաստուած պարկ։ Եւ ահա, մեր գիւղացին իր ստացած իւղը կարող է բերնեբերան լցնել միայն լուից պատրաստուած տիկը։ Սա ասւում է այնպէս, կարծես մի ահռելի ծաւալի մասին է խօսքը, սակայն դրա եւ լուի չնչին չափերի հակադրութիւնն առաւել շեշտում է ծաղրանքը։

Երգը ներկայացուած է Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Յարութիւն Թոփիկեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/05/2026, 07:30