Հայկական ժողովրդական երգեր. Այսօր ձայնն Հայրական» շարականը
Այսօր ձեզ ներկայացնում ենք Յովհաննէս Երզնկացու «Այսօր ձայնն Հայրական» շարականը։
Յովհաննէս Երզնկացին ԺԳ դարի համբաւաւոր իմաստասէր, մատենագիր, տիեզերագէտ եւ տաղերգու է: Ծնուել է մօտ 1230 թուականին Մեծ Հայքի Եկեղեաց գաւառում: Երզնկացի է կոչուել կա՛մ իր ծննդավայրի անունով, կա՛մ տեղի հռչակաւոր վանքերում ուսում եւ կրթութիւն ստացած լինելու պատճառով: Նա յայտնի է նաեւ Պլուզ մականունով, որ նշանակում է փոքր: Երզնկացուն, հաւանաբար, այդպէս են անուանել կարճահասակ լինելու պատճառով:
Յովհաննէս Երզնկացու մանկութիւնն անցել է հայրենի երկրի «Լուսավորչի» կոչուած լեռներում գործող դպրանոցներում: Կրթուել է ժամանակի նշանաւոր ուսուցիչ Վարդան Արեւելցու մօտ: Երզնկացուց մեզ հասել են փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, խրատական, մեկնողական, աստուածաբանական եւ այլ բնոյթի բազմաթիւ գործեր ու չափածոյ ստեղծագործութիւններ, որոնց թիւն անցնում է հարիւրից:
Նրա ստեղծագործութիւնները միջնադարի հայ գիր ու գրականութեան զարթօնքի, գիտութեան ու արուեստի վերածնութեան արտայայտութիւնն են, որոնք նոր շունչ են բերում:
«Այսօր ձայնն Հայրական» շարականը վերաբերում է Յիսուսի մկրտութեանը։ Նրանում պատմւում է Աւետարանի այն դրուագը, որտեղ տեսնում ենք Յովհաննէս Մկրտչին՝ Յորդանան գետում Յիսուսին մկրտելիս, եւ այդ պահին Հայրական ձայնը հնչում է երկնքից՝ ասելով․ «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
Շարականը ներկայացուած է Շուշիի «Վարանդայ» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Զաքար Քեշիշեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.