Որոնել

2020.09.09 annunciazione Beato Angelico

Աւետումն Աստուծոյ յայտնութիւնն է. Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Սուրբ Աստուածամայրը համարուում է մեր բոլորի մայրը եւ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ծնողը, քանզի Նա է սկիզբը Սուրբ Ծննդեան Աւազանի»:

Շաբաթ, 25 մարտ, 2023 թուական. Սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի Աւետման Տօնի առիթով Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Սուրբգրային ընթերցումներից յետոյ Հայր Սուրբը խօսեց տօնի մասին եւ ներկայացրեց օրուայ խորհուրդը.

«Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

Այսօր Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնում է Մարիամ Աստուածածնի Աւետման տօնը: Աւետումը քրիստոնէական տօն է, որը նուիրուած է Սուրբ Աստուածածնին, երբ Գաբրիէլ հրեշտակապետն այցելում է Սուրբ Կոյս Մարիամին եւ յայտնում մարդկութեան փրկութեան աւետիսը: Աւետումը Սուրբ Աստուածածնին նուիրուած ութ տօներից մէկն է: Աւետման այս հրաշագեղ պատմութիւնը մեզ է աւանդել Ղուկաս աւետարանիչը. «Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է… Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի եւ նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: … Ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: (Ղուկ. 1, 26:33):

Հրեշտակապետի աւետիսը շփոթմունք է առաջացնում Մարիամի մօտ, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչում: Սակայն, իմանալով իրողութիւնն, ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38): Սա է աւետման այն գեղեցիկ պատմութիւնը, որ փոխանցել է մեզ Ղուկաս աւետարանիչը:

Աւետումը Կաթողիկէ Եկեղեցու անշարժ տօներից է, որը միշտ տօնուում է մարտի 25-ին։

Սուրբ Աստուածամայրը համարուում է մեր բոլորի մայրը եւ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ծնողը, քանզի Նա է սկիզբը Սուրբ Ծննդեան Աւազանի»:

Համաձայն եկեղեցիներում տօնական Սուրբ Պատարագի աւարտին կատարուող օրհնութեան կարգի՝ Գերյարգելի վարդապետը կատարեց Պատարագին մասնակցող կանանց օրհնութեան կարգ եւ տօնի առիթով նրանց նուիրեց գեղեցիկ վարդեր՝ փոխանցելով իր սրտի բարեմաղթանքը.

«Սիրելի՛ մայրեր, քոյրեր եւ դուստրեր,

Թոյլ տուէք ջերմօրէն շնորհաւորել ձեզ Աւետման տօնի օրուայ առիթով։

Խրիմեան Հայրիկը մօրը համարում էր ընտանիքի թագուհի. «Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրայ նստում են ծնողները՝ հայրն իբրեւ թագաւոր, մայրն իբրեւ թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը: Այս ընտանեկան պալատում եւ թագաւորութիւնում ո՛չ ոստիկան կայ, ո՛չ սուր, ո՛չ բռնութիւն, ո՛չ գաւազան. ամէն տեղ հայրական սէր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը»:

Մաղթում եմ, որ Սուրբ Կոյսի հաւատը, խոնարհութիւնը եւ Նրա մայրական պայծառ կերպարը մշտաբուխ ներշնչման աղբիւր լինեն ձեզ համար։ Թո՛ղ, որ Ամենասուրբ Երրորդութիւնը Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ պարգեւի ձեզ քաջառողջութիւն, երկար տարիներ, անսպառ երջանկութիւն եւ անսահման սեր։ «Եւ թո՛ղ խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։ (Հռոմ. 15:32)։»

 

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/03/2023, 18:54