Նոր մշակներ` Աստուծոյ պարտէզում. երկու ճեմարանականներ ստացան կիսասարկաւագութեան աստիճան
2025թ. յուլիսի 19-ին Ազատանի Սուրբ Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցում բերկրալից իրադարձութիւն էր. երկու ճեմարանականներ` եղբ. Վարդան Հայկյանը և եղբ. Սիմավոն Մկրտչյանը` երկուսն էլ ծնունդով Ազատան համայնքից, Սուրբ Պատարագի ընթացքում Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի ձեռամբ ստացան կիսասարկաւագութեան աստիճան: Արարողութեան ընթացքում Սրբազան Հօր առընթերականերն էին Աւագերէց Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը և Ազատանի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայէլ Քհն. Դոմբուրյանը: Սրբազան Հօր հրաւէրով, արարողութեանը ներկայ էր նաև իտալական Արեցցօ քաղաքի Եպիսկոպոսական Ճեմարանի փոխ տեսուչ Հայր Ժավիեր Ալեքսանդրը: Իրենց ներկայութիւնն էին բերել նաև Ազատանի համայնքի վարչական ղեկավարը և դպրոցի տնօրինութիւնը: Ուրախութիւնը կրկնակի էր, քանի որ սա Առաջնորդ Հօր առաջին այցելութիւնն էր Ազատան համայնքին:
Կիսասարկաւագը քահանայական կրտսեր աստիճաններից է, որին յաջորդում է սարկաւագի աստիճանը, ապա` քահանայական ձեռնադրութիւնը, որը նպատակն է իւրաքանչիւր ճեմարանականի, ով անշեղ ընթանում է իր քահանայական աստուածային կոչման ճանապարհով` Աստծուն ծառայելու վճռականութեամբ: Կիսասարկաւագի աստիճանի շնորհման հնագոյն և հոգեպարար արարողութիւնը գրաբարեան ոսկեղինիկ լեզուով կատարելուց յետոյ Սրբազան Հայրը շատ գեղեցիկ քարոզ տուեց ներկաներին՝ ասելով․
«Մեծ ուրախութեամբ և յուզումով այս րոպէին ձեզ հետ եմ՝ կիսելու ձեր ուրախութիւնը, որ պատուաբեր ուրախութիւն է։ Դուք փոքր համայնք էք, բայց ունէք Աստուծոյ օրհնութիւնը՝ ըստ տէրունական խօսքը, թէ «Մի՛ վախեցիր փոքրիկ հոտ, ձեր հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը»։ Ուրախ եմ նաև, որ այս համայնքը երիտասարդ է, որը նշանակում է, որ այստեղ յոյս և ապագայ կա, հաւատարմութիւն կայ` լուսաւորչաւանդ հաւատքի հանդէպ։ Ես ձեզանից ամենաքիչ բախտաւորն եմ, որովհետև ի տարբերութիւն ինձ, դուք ճանաչել էք այս երկու երիտասարդներին մանկուց ի վեր՝ նրանց բոլոր կողմերով, թէ՛ ձգտումներով, թէ՛ չարաճճիութիւններով հանդերձ, ականատեսն էք եղել իրենց առաջին քայլերին, ձեռքբերումներին։ Եւ այսօր, եթէ նրանց մէջ աստուածային կանչը` թէ թողէք ամեն բան և եկէք իմ ետևից, արձագանք գտաւ նրանց մէջ, դա միայն ու միայն այս համայնքի շնորհքն է։ Դուք էք եղել նրանց սրտերում ցանողը և քաջալերողն իրենց աստուածային կոչման, սնել էք այդ կոչումը։ Եւ այսօր սկսել էք հնձել առաջին պտուղները, և շուտով նրանք կստանան նաև աւելի բարձր աստիճանները՝ սարկաւագութիւն, քահանայութիւն և, եթէ Աստուած կամենայ, նաև այս համայնքից կունենաք մի եպիսկոպոս։ Ես էլ հունձքը քաղողներից մէկն եմ՝ մեծ ուրախութեամբ»։
Սրբազան Հայրը փոքրիկ անդրադարձ ունեցաւ քրիստոնէութեան կենսունակութեանը, որի վկայութիւններից մէկն է Ազատանի նման փոքր համայնքի հոգևոր կեանքի շարունակութիւնն ու ծաղկումը՝ հայկական լուսաւորչաւանդ քրիստոնէութեան գոյապահպանութեան և հայ կաթողիկէ հաւատքի ընդհանուր համատեքստում։ Սրբազանը խնդրեց համայնականներին օգնել նորընծայուած այս երիտասարդներին` հաստատուն մնալու իրենց քահանայական կոչման մէջ։
«Չարը միշտ փորձում է վայր գցել նրանց, ովքեր առաջ են գնում քահանայական կոչման մէջ։ Որքան անձը բարձրանում է իր կոչման մէջ, այնքան խաւարի ուժերն աւելի կատաղի ձևով ուզում են շեղել և վայր գցել նրան, աւելի են գազանանում այս կոչման դէմ։ Դուք պէտք է լինէք մշտարթուն հսկողներ` առանց հոգևոր քնի պաշտպանելով ձեր քահանայական կոչումը։ Պէտք է հասկանաք, թէ սատանան ո՜ր նոտաների վրայ է նուագում՝ գայթակղելու համար ձեզ։ Իմ և եղբայրակից քահանաներիս կողմից վստահեցնում եմ անդադար աղօթքը ձեզ համար։ Միշտ լինելու ենք ձեր կողքին մեր աղօթքով, մասնակից ձեր յաջողութիւններին, նաև աջակից ենք լինելու ձեր անկումների պահերին, որպէսզի վեր կանգնէք նորից»։
Առաջնորդը համայնքի ժողովրդին ևս խնդրեց աղօթել ոչ միայն երկու նորընծաների, այլեւ` բոլոր ճեմարանակնների և բոլոր քահանաների համար, մասնաւորապէս, տեղի ժողովրդապետ Տ․ Միքայէլ Քհն․ Դոմբուրյանի համար։
Քահանայի կեանքը դժուարին է, երբեմն լսում ենք քննադատութիւններ՝ քահանաների հասցէին, բայց չպէտք է ուշադրութիւնը սևեռել միայն բացասական երևոյթների վրայ, այլ այդ «ձայները պէտք է ընդունել որպէս աստուածային կոչ առ այն, որ կան բաներ, որոնք պէտք է սրբագրել, որոնք պահանջում են ժամերով ծունկի գալ Խորանի դիմաց և ներողութիւն խնդրել մեր մեղքերի և թերութիւնների համար՝ խոստանալով աւելի լրջութեամբ մօտենալ մեր կեանքի օրինակին և սրբութեանը»,-եզրափակեց Սրբազան Հայրը։
Եղբ. Վարդան Հայկյանն այս տարի աւարտել է Արեցցոյի Եպիսկոպոսական Ճեմարանը և Ֆլորենցիայի Աստուածաբանական համալսարանը և այժմ պատրաստւում է լիցենցիատի աստիճանի համար ուսումը շարունակել Հռոմում` Արևելեան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագիտութեան մասնագիտութեամբ:
Եղբ. Սիմավոն Մկրտչյանը սովորում է Հռոմի Գրիգորեան Քահանայապետական Համալսարանի Աստուածաբանութեան բաժնի առաջին կուրսում` նախապէս աւարտած լինելով նոյն համալսարանի փիլիսոփայութեան բաժինը: Զուգահեռ սովորում և ապրում է Հռոմի Լևոնեան Հայկական Վարժարանում:
Սուրբ Պատարագից յետո Սրբազանը խօսք տուեց նաև Արեցցոյի ճեմարանի փոխ տեսուչին, ով նախ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրքի համար և պատմեց, թէ տարիներ առաջ Հայաստան է այցելել, ծանօթացել մեր Առաջնորդի հետ և դրանից յետոյ կազմակերպել են մեր ճեմարանականների ուսումը Արեցցոյի Եպիսկոպոսական ճեմարանում։
Տ․ Միքայէլ Քհն. Դոմբուրյանը համայնքի անունից շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Հօրը՝ իր հայրական օրհնաբեր ներկայութեամբ պատուելու համար Ազատանի համայնքին և խնդրեց նրա աղօթքները խաղաղութեան համար, հայ զինուորների համար և հաւատքի ամրութեան համար։ Ժողովրդապետի խնդրանքով վերջում Սրբազան Հայրը օրհնութեան կարգ կատարեց նաև մի նորակոչիկ զինուորի համար։
Արարողութիւնից յետոյ եկեղեցու բակում ելոյթ ունեցաւ գիւղի պարային համոյթը։ Պարին միացան նաև ճեմարանականները։
Տ․ Յովսէփ Քհն․ Գալստեան
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ