Եկեղեցին պէտք է վստահի մեզ․ Եւրոպայի երիտասարդ քրիստոնեաների Ազդագիրը
Մարիամ երեմեան - Վատիկան
Երեկ՝ յուլիսի 2-ին Վատիկանի Մամլոյ գրասենեակում ներկայացուեց «Եւրոպայի երիտասարդ քրիստոնեաների ազդագիրը»՝ խնդրելու վստահել երիտասարդներին եւ թոյլ տալու նրանց ծառայել եւ զարգանալ։ «Եկեղեցուն խնդրում ենք վստահել մեզ: Թոյլ տուէք մեզ ծառայել եւ թոյլ տուէք մեզ աճել» կարդումն ենք յիրաւի Ազդագրում։
Փաստաթուղթը, որն ստացել է բազմաթիւ եկեղեցական հաստատութիւնների աջակցութիւնը, նպատակ ունի արձագանքել եւրոպական մայրցամաքի ժողովրդագրական, հասարակական եւ քաղաքական մարտահրաւէրներին պարզ, բայց հզօր գործիքի միջոցով՝ երիտասարդներին հրաւիրելով «ճանապարհ ընկնել»:
Ազդագրի ծագումը եւ նպատակը
Ծնուած Իսպանիայի եպիսկոպոսական համահաւաք դասի՝ «Հռոմ 25 – Սանթիակօ 27 – Երուսաղեմ 33» նախաձեռնութիւնից, Ազդագիրը պաշտօնապէս կհռչակուի 2025 թուականի օգոստոսի 1-ին՝ Հռոմի «Santa Maria in Trastevere» եկեղեցում, Երիտասարդութեան Յոբելեանի շրջանակում:
Ձեռնարկը Աւետարանացման Վերատեսչութեան կողմից խթանուող հովուական եւ աւետարանական ճանապարհորդութեան մաս է կազմում եւ նպատակ ունի ամրապնդել եւրոպական եկեղեցիների միջեւ համագործակցութիւնը՝ խրախուսելով երիտասարդներին լինելու «իմաստաւոր ուխտաւորներ», այլ ոչ թէ պարզապէս հոգեւոր զբօսաշրջիկներ՝ առաջնորդուելով Ֆրանչիսկոս Պապի կողմից արուած հրաւէրով՝ «հանել զբօսաշրջիկի հագուստը եւ հագնել ուխտաւորի հագուստը»։
Երիտասարդների խօսքերը վերակենդանացնում են ապագայի յոյսը
Ազդագրում երիտասարդների խօսքերը վերակենդանացնում են ապագայի յոյսը, որը այս եւ իւրաքանչիւր Յոբելեանի խորին իմաստն է․ «գալիս ենք մեր մէջքի պայուսակներով՝ լի կասկածներով, վէրքերով, երգերով եւ յոյսով, ունենալով մէկ վստահութիւն մեր սրտերում՝ Քրիստոսը կենդանի է։ Եւ Նա է մեզ կանչում»։
Այս իւրատեսակ ճանապարհորդութիւնը, որն սկսւում է Հռոմից, 2027-ին հասնելու է Սանթիակօ, ապա՝ 2033-ին, Երուսաղեմ՝ Եւրոպական Եպիսկոպոսական Համահաւաք Դասերի Խորհրդի Ընդհանուր Քարտուղար Հայր Անթոնիօ Ամիրաթիի խօսքերով, այն Վատիկանի Տիեզերական Երկրորդ ժողովից յետոյ սկսուած աշխատանքի մի մասն է։
Դժուար առաքելութիւն՝ այսօրեայ գոյաբանական համատեքստում
Աւետարանացման Վերատեսչութեան ենթաքարտուղար Գերապայծառ Կրացիանօ Պորկոնովոն Մամլոյ ասուլիսին ընդգծեց, որ «Քրիստոսին հետեւելը չի նշանակում անշարժ մնալ, այլ ՝մի կողմ թողնել յարմարաւէտութիւնը, անտարբերութիւնը եւ ճանապարհ ընկնել»:
«Ցաւոտ փոփոխութիւններով» գոյաբանական համատեքստում, որում այսօր ապրում են երիտասարդները, այդ առաքելութիւնը դիւրին չէ եւ դրդում է Եկեղեցուն լսել երիտասարդներին եւ խորհել «մենք»-ի իմաստի մասին անհատապաշտութեան դարաշրջանում, նշեց իր հերթին, «Santa Maria in Trastevere»-ի ծխական քահանայ Գերապայծառ Մարքօ Նիաւին ՝ աւելացնելով, որ երիտասարդները չեն խուսափում նման հարցերից եւ, «ինչպէս նշուած է իրենց Ազդագրում, խնդրում են Եկեղեցուն վստահել իրենց՝ թոյլ տալով ծառայել եւ աճել»:
Եկեղեցու դերը այսօրեայ երիտասարդութեան մէջ
Երուսաղէմի Լատինների Պատրիարք Կարդինալ Փիերպաթթիսթա Փիցցապալլան, իր լսատեսողական պատգամով երախտագիտութիւն յայտնեց «Յորդանանից մինչեւ Կիպրոս, մինչեւ Պաղեստին եւ Իսրայէլ» քրիստոնեաներին միաւորելու ունակ այդ երթուղիի համար, որը, ասաց նա, «կարող է լինել խաղաղեցուած աշխարհի մի փոքր մասնիկ»։
Լուքքայի արքեպիսկոպոս Գերապայծառ Փաոլօ Ճուլիեթթիի ցանկութիւնն է, որ Ազդագիրը վերականգնի երիտասարդների ուղիները դէպի կրօնական արմատներ, դէպի լսող Եկեղեցի, դէպի ոչ կատարեալ, բայց հաւաստի ու նրանց ցանկութիւններն արժեւորելու ունակ հաստատութիւն, քանզի երիտասարդները, ինչպէս շեշտեց նրանց իսկ ներկայացուցիչ Ֆերնանտօ Մոսքարտօ Վեկասը, չեն գալիս քաղաքականութիւն անելու, այլ՝ Աւետարանը հռչակելու, ինչի կարիքը ողջ Եւրոպան ունի այսօր։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ