Յոբելանական ուխտագնացութիւն դէպի Հռոմ
2025թ. օգոստոսի 2-ի երեկոյեան հայ ուխտաւորները ներկայ գտնուեցին Հռոմի Թոր Վերգաթա համալսարանի հարեւան տարածքում կազմակերպուած աղօթական հսկման արարողութեանը, որին մասնակցում էին բոլոր կէս միլիոն ուխտաւոր երիտասարդները։
Իւրայատուկ հոգեւոր փորձառութիւն էր այս իրադարձութիւնը։ Նախ Ն. Ս. Լեւոն 14-րդ Պապն իր մեքենայով շրջեց երիտասարդների մէջ` շնորհելով նրանց իր հայրական օրհնութիւնը։ Ընթացքում հնչում էր Երիտասարդական յոբելենական օրերի օրհներգը եւ այլ երաժշտութիւն։ Ապա Սրբազան Պապը խորհրդածութիւն կատարեց ապաշխարութեան վերաբերեալ` կոչ անելով առաւել խորութեամբ վստահել Աստծուն` բերելով Սուրբ Օգոստինոսի դարձի օրինակը եւ յիշեցնելով նրա մխիթարական եւ ճշմարիտ խօսքերն` ուղղուած Աստծուն. “Մեր սրտերն անհանգիստ կլինեն այնքան ժամանակ` մինչեւ իրենց հանգիստը կգտնեն քո մէջ”:
Մի քանի երիտասարդներ վկայութիւն տուեցին իրենց հաւատքի եւ ապաշխարութեան ճանապարհի մասին։ Իսկ ամենագեղեցիկ եւ մարդկային հոգին վսեմացնող, Աստուած-մարդ երկխօսութիւնն ազնուացնող պահը Ամենասուրբ Հաղորդութեան երկրպագութիւնն էր, որի ընթացքում հնչում էր հոգեզմայլ հոգեւոր եւ դասական երաժշտութիւն` ջութակի հնչիւնների առաջնորդութեամբ։ Թոր Վերգաթայում հաւաքուած կէս միլիոն երիտասարդութիւնը, դաշտում ծունկի եկած, վայելում էր Սուրբ Մարմնի մեծադիր պատկերը, որի հեռարձակումը յատուկ այդ նպատակով կառուցուած մեծ Խորանից տարածքով մէկ սփռւում էր հսկայական էկրանների միջոցով։ Դա երիտասարդներին հոգեւոր իրական աճ պարգեւող, միասնականութիւն ստեղծող շատ գեղեցիկ պահ էր։
Գիշերը բոլորս անցկացրեցինք դաշտում` մեր կեանքի եւ Աստծոյ իրականության վերաբերեալ խորհրդածութիւններում, աղօթքներում եւ, ի յարկէ, ուրախ երգերով ու պարերով, որոնք քիչ ժամանակ էին թողնում քնի համար եւ քնապարկում քնելու բարդութիւնների մասին մտածելու համար։
Յաջորդ օրն առաւօտեան ժամը 7:30 Պապը դարձեալ իր մեքենայով շրջեց ամբողջ դաշտով մէկ` ողջունելով երիտասարդութեանը։ Բոլորը ցնծութեամբ երգում էին “Papa Leone!” եւ ծափահարում: Ժամը 9:00-ին մատուցուեց Յոբելանական Երիտասարդական օրերն ամփոփող Սուրբ Պատարագը` ձեռամբ Սրբազան Պապի եւ առընթերակայութեամբ մեծ թիվով եպիսկոպոսների, այդ թվում եւ` Արհ. Տ. Գէւորգ Արքեպս. Նորատունկեանի։
Իր քարոզում Նորին Սրբություն Լեւոն 14-րդը երիտասարդներին կոչ արեց երբեք չվախենալ դժուարութիւնների ժամանակ, միշտ յուսալ եւ լինել համարձակ` դարձեալ յիշեցնելով Պօղոս առաքեալի խօսքերն` ուղղուած հռոմէացիներին, “թէ յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծոյ սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգով, որ տրուեց մեզ”: Աստծոյ սէրն է, որ թեւեր է տալիս մեր յոյսին եւ համարձակութեանը` դիմագրաւելու դժուարութիւններին։
Պապի ձեռքով սրբագործուած Սուրբ Հաղորդութիւնը ճաշակելը եւս մէկ բացառիկ հոգեւոր զգացում էր` այդ բոլոր օրերի սլացքը եւ գագաթնակէտը. միանալ Քրիստոսին` Սուրբ Պետրոսի յաջորդի ձեռքերով եւ աղօթքով, լինել Տիրոջ հիմնած մէկ եւ Ընդհանրական`Կաթողիկէ Եկեղեցու անբաժանելի մասնիկը` սրբացնելով եւ բարձրացնելով մեր ազգային ինքնութիւնը, որին կոչուած են բոլոր ազգերը։
Յոբելենականն շաբաթուայ ընթացքում երիտասարդներն աղօթեցին նաեւ Հռոմի այլ եկեղեցիներում, ինչպէս օրինակ` մանուկ հասակում նահատակուած Սրբուհի Ագնեսայի եւ Սուրբ Օգոստինոսի մայր Սրբուհի Մոնիկայի մասունքների առջեւ, Ֆրանչիսկոս Սրբազան Պապի գերեզմանի առջեւ` Մարիա Մաջիորէ Մայր Տաճարում, իսկ իրենց կեցավայրում` Սուրբ Լեւոն Ա Պապին նուիրուած ժողովրդապետութեան եկեղեցում, ամեն առաւօտեան մասնակցում էին իրենց ուղեկցող քահանաների ձեռքով մատուցուած Սուրբ Պատարագներին եւ խոստովանում իրենց մեղքերը։
Յոբելանական օրերի ամփոփումը ցոյց տուեց, որ երիտասարդները կարողացան միասին յաղթահարել դժուարութիւնները, ունենալ հոգեւոր վերափոխման, աճման պահեր, աւելի մտերմացան իրար հետ, նաեւ անցկացրեցին ուրախութեան գեղեցիկ պահեր, կարողացան ներկայացնել սեփական հաւատքի, ազգային եւ մշակութային ինքնութեան կարեւոր վկայութիւններ։
Երիտասարդական Յոբելյանական օրերին հայ երիտասարդների մասնակցութիւնը հնարաւոր եղավ Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկեանի նախաձեռնութեամբ ու օրհնութեամբ, Kirche in Not, Սուրբ Աթոռի Արեւելեան Եկեղեցիների Վերատեսչութեան եւ Ամերիկեան Եպիսկոպոսների Խորհրդի (USCCB)-ի հովանաւորութեամբ, ում յայտնում ենք մեր խորին երախտագիտութիւնը։
Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կայքէջէն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ