Մեծ Սեպասարում օծուեց Խաչքար՝ նուիրուած Արցախեան պատերազմի հերոսներին
2025թ. օգոստոսի 17-ին՝ Աստվածամօր Վերափոխման տօնին, Մեծ Սեպասար գիւղում նախ մատուցուեց հանդիսաւոր Սուրբ Պատարագ՝ Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Տ. Յովսէփ Քհն. Գալստեանի ձեռամբ՝ համայնքի հաւատքի ամրութեան, երկրի խաղաղութեան և սահմանների անվտանգութեան դիտաւորութիւններով: Սբ. Պատարագի աւարտին կատարուեց Խաղողօրհնէքի արարողութիւնը, որի ընթացքում ժամանեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկեանը: Սա Սրբազան Հոր առաջին հովուական այցելութիւնն էր Մեծ Սեպասար:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկեանը օրհնեց և օծեց Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից նոր տեղադրուած մի խաչքար՝ նուիրուած Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած հերոսների յիշատակին, մասնաւորապէս, ծնունդով նուն գիւղից Ջիվան Գրիգորեանի և Սամվել Մկրտչեանի անունների յիշատակութեամբ՝ առանձին յուշատախտակի վրայ: Խաչքարը տեղադրուեց մէկ այլ՝ աւելի վաղ տեղադրուած խաչքարի կողքին, որը ևս նուիրուած է հայ նահատակներին: Նոր խաչքարը նուիրել է ծնունդով նոյն գիւղից զինուորական Սիմավոն Յովհաննիսեանը, իսկ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարուել են դարձեալ ծնունդով նոյն գիւղից ռուսաստանաբնակ Գէորգ, Ահարոն և Մարտիրոս Պօղոսեաննների միջոցներով և աշխատանքով: Սրբազան Հայրը խաչքարի օծման արարողութիւնը կատարեց առընթերակայութեամբ տեղի ժողովրդապետի և մասնակցութեամբ հաւատացեալների բազմութեան, համայնքային և զինուորական իշխանութիւնների ներկայացուցիչների:
Սրբազան Հայրն իր քարոզում ասաց հետևեալը.
«Նրանք զոհուեցին ո՛չ իզուր, այլ՝ սուրբ և նուիրական դատի համար, հայրենիքը պաշտպանելու համար: Փորձէ՛ք միշտ այս պատուի զգացումով յաղթահարել ձեր սրտնեղութիւնը: Նրանք այլևս այս խաչով ամեն օր ներկայ են ձեր կեանքում: Ամեն անգամ որ այստեղից անցնէք, նրանց պէտք է յիշէք և խաչակնքուեք: Յիսուսի կեանքը չաւարտուեց Խաչի վրայ, այլ շարունակուեց Նրա յարութեամբ, այսօր նաև ուրիշ օրինակ ունենք՝ մեր երկնաւոր Մօր օրինակը: Մարիամը մինչև իր կեանքի վերջին րոպէն կիսեց իր Որդու ամբողջ առաքելութիւնը, որի համար արժանացաւ հոգով և մարմնով Երկինք Վերափոխման պարգևին: Այս իմաստով մտածում եմ նաև մեր նահատակ զինուորների մասին: Նրանց համար ևս նահատակութիւնը ոչ թէ վերջակէտ, այլ ստորակէտ է, որից յետոյ յայտնուեցին բոլորուին այլ կարգավիճակում: Նրանց յիշատակը թող անթառամ մնայ, և այս համայնքը երբեք թող չզլանայ նաև այլ զաւակներ ուղարկել հայրենիքի և հաւատքի պաշտպանութեան համար: Եւ այսպիսով ենք մեր և մեր հայրենիքը սրբանում. Ամէն»:
Սրբազան Հոր խօսքից յետոյ ներկաներին դիմեց նաև Տ. Յովսէփը՝ իր շնորհակալութիւնը յայտնելով Սրբազանին ի կատար ածելու համար խաչքարի օծման արարողութիւնը և կիսելու համայնքի յիշողութիւնները և հոգևոր ապրումը, յուզումը և ապագայի հանդէպ յոյսը: Նաև կոչ արեց չբաւարարուել միայն յուշակոթողներ տեղադրելու արտաքին գործողութիւններով, այլ նահատակ հերոսների յիշատակը գործանակում պահել Սուրբ Պատարագներին մշտապէս աղօթելով նրանց համար: Նա գոհունակութեամբ ընդգծեց, որ տարածքի բարեկարգողները 19-րդ դարասկզբին Արևմտեան Հայաստանից գաղթած և գիւղը հիմնած առաջին քահանայ Տեր Պօղոսի ընտանիքի շառաւիղներն են, ովքեր մշտապէս յանձնառու են հոգ տանելու եկեղեցու և հոգևոր կեանքի մասին:
Խաչքարի օծման համար ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնեց նաև նոյն ընտանիքի զաւակ Սայաթ Պօղոսեանը՝ հոյժ կարևորելով խաչքարի և հարակից տարածքի բարեկարգումը գիւղի համար՝ որպես նահատակ զինուորների յիշատակութեան, հանդիպման և ժամանցի վայր, նաև ընդգծելով, որ գիւղի համար պատմականօրէն շատ կարևոր է եղել հոգևոր և հայրենասիրական ինքնութեան պահպանութիւնը, որի արտայայտութիւնն են այդ երկու խաչքարերը և 19-րդ դարում կառուցուած Սուրբ Փրկիչ եկեղեցին:
Ելոյթներից յետոյ տեղի ունեցաւ համերգային փոքրիկ միջոցառում, որի ընթացքում բանաստեղծութիւններ արտասանեցին դպրոցականները և ելոյթ ունեցան Աշոցքի մշակոյթի տան վոկալ բաժնի սաները՝ իրենց ուսուցչի՝ Արթուր Սահակեանի հետ միասին, ով երգում է նաև Սուրբ Փրկիչ եկեղեցում:
Վերջում Եկեղեցուն կից սրահում Սրբազանը սուրճի և կարկանդակի սեղանի շուրջ ծանօթութեան մտերմիկ զրոյց ունեցաւ հաւատացեալների հետ:
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
18 օգոստոսի, 2025թ.
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ