Որոնել

Հոգւեոր Կրթութիւն Հոգւեոր Կրթութիւն 

Հոգևոր կրթութեան և աղօթքի օրեր` ճեմարականների համար

Հայ կաթողիկէ հոգևորականը` հայաստանեան իրականութեան մէջ

Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի օրհնութեամբ և նախաձեռնութեամբ 2025թ. սեպտեմբերի 15-19-ը Երևանի հայ կաթողիկէ առաջնորդարանում կազմակերպուեցին հոգևոր կրթութեան օրեր Առաջնորդութեան ճեմարանականների համար, որոնց մասնակցեցին Իտալիայի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում աստուածաբանական կրթութիւն ստացող 6 ուսանողներ: Նրանք իրենց հոգևոր պատրաստութիւնը ստանում են Հռոմի Լևոնյան Հայկական Վարժարանում, իսկ աստուածաբանական կրթութիւնը` Հռոմի Գրիգորեան Պապական և Թովմաս Աքվինացու նշանաւոր համալսարաններում:

Հոգևոր կրթութեան ընդհանուր թեման էր` «Հայ կաթողիկէ հոգևորականը` հայաստանեան իրականութեան մէջ. առաւելութիւններ եւ մարտահրաւէրներ»: Բանախօսներն էին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկեանը, Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը, Գերպ. Հ. Պերճ Վրդ. Սապեն և Տ. Յովսէփ Քհն. Գալստ.անը:

Սրբազան Հայրը ճեմարանականներին ներկայացրեց Առաջնորդութեան ներկայիս ընդհանուր նկարագրի մասին իր վերլուծութիւնները. հոգևոր ժառանգութիւնը, որ աւանդուել է անցեալից, անծայրածիր առաքելութեան դաշտը, որ բացուած է Առաջնորդութեան ներկայիս սակաւաթիւ հոգևորականների առջև և որը պէտք է մեծ եռանդով և ջանասիրութեամբ շարունակեն քահանաների երիտասարդ սերունդները: Սրբազանը ընդհանուր պատկերացում տուեց նաև Առաջնորդութեան առջև ծառացած մարտահրաւէրների, խնդիրների մասին և դրանց լուծման վերաբերեալ սեփական ծրագրերի մասին, որոնք պատկերացնում է միասնական, սինոդական ծառայութեան համատեքստում` անշուշտ, նաև ապագայ հոգևորականների մասնակցութեամբ, որոնց շարքերը Աստծոյ կամօք պէտք է համալրեն նաև այսօրեայ ճեմարանականները:

Հ. Ներսես Վրդ. Գալստեանը խօսեց հետևյալ երեք թեմաների շուրջ` «Եկեղեցի-ժողովուրդ կապի կարեւոր բաղադրիչը, պատասխանատուութեան զգացումը՝ հոգեւոր կեանքում», «Եկեղեցի-ժողովուրդ կապի գործնական դրսեւորումը. հոգևորական-հաւատացեալ կապը», «Եկեղեցու փրկագործական դերի եւ նշանակութեան գիտակցումը»: Նա կիսուեց իր փորձառութեամբ, որ ունի երկար տարիներ ծառայելով Տաշիրի հայ կաթողիկէ համայնքներին, բաւական դժուարին պայմաններում և դիմակայելով տարաբնոյթ մարտահրաւէրների և ունենալով առաքելութեան ընդարձակ դաշտ, որտեղ հարկաւոր է լաւ իմանալ սեփական ինքնութիւնը և պատրաստ լինել զոհոողութիւնների` խաչի տրամաբանութեամբ: Խօսեց նաև քահանայի կերպարի ժամանակակից ընկալման մասին, որը չպէտք է աղաւաղուած լինի շեղումներով և գայթակղութիւններով:

Հ. Պերճ Վրդ. Սապեն խօսեց «Փոխուել, որպեսզի կարողանանք փոխել» թեմայով. նախ հարկաւոր է սեփական կեանքը փոխել` այն արժէքների համաձայն, որոնց մասին խոսում ենք և հետագայում քարոզելու ենք: Նա հրավիրեց մտածելու Տեր Յիսուս Քրիստոսի ինքնութեան մասին և նրա վերաբերեալ մեր ունեցած անձնական կերպարի մասին. արդյօ՞ք դա համապատասխանում է Յիսուսի իրական նկարագրին: Եթէ ուզում ենք նմանուել Յիսուսին, պէտք է սիրել նրան` նախևառաջ չորս Աւետարանների միջոցով: Ապագայ քահանան պէտք է մշտապէս աշխատի սեփական հոգևոր ինքնութեան զարգացման վրայ:

Տ. Յովսէփ Գալստեանը խօսեց հետևյալ թեմաներով. «Սրբութեան կոչումը քահանայի կեանքում` մեր իրականութեան մէջ. քահանայի ապրումը և հասարակութեան ընկալումը», «Ամուսնացեալ քահանայութիւնը. երկու կոչում` մէկ զոհաբերութիւն» թեմաներով, որոնց ընթացքում, հիմնուելով Սուրբ Գրքի բազմաթիւ հատուածների վրայ, խօսեց քահանայութեան սրբութեան սուրբ գրային ընկալման, քահանայական ինքնութեան մէջ զոհաբերութեան առանցքային սկզբունքի մասին, և թէ ինչպէս կարելի է ամուսնացեալ քահանայութեան էեջ ներդաշնակ ձևով ապրել երկու առաքելութիւն` քահանայագործութիւնը և ընտանիքը` որպէս մեկ միասնական զոհաբերութիւն` Աստծոյ փառքի համար:

Սրբազան Հայրը խօսեց ևս մեկ կարևոր թեմայի մասին, որը յուզում է շատ ճեմարանականների. «Կուսակրօնութիւն՞ն, թե՞ ամուսնացեալ քահանաթիւն. ինչպեէս կողմնորոշուել: Սրբազանը, մասնագիտացած լինելով ապագայ քահանաների պատրաստութեան ոլորտում և 2010-2015 թուականներին ղեկավարած լինելով Հռոմի Լևոնեան վարժարանը, հայրական հոգատարութեամբ և նրբանկատութեամբ ջանաց ճիշտ ուղղութիւն տալ իււրաքանչիւրին գտնելու իրեն յուզող հարցի պատասխանը:

Բանախօսութիւններից յետոյ նաև տեղի ունեցան քննարկումներ, ճեմարանականները բազում հարցեր բարձրացրեցին, ստացան պատասխաններ` խորհրդածութեան համար:

Հոգևոր կրթութեան օրերը հարուստ էին նաև աղօթքի և լուռ խորհրդածութեան պահերով` Սուրբ Պատարագ, Վարդարան, Երեկոյեան ժամերգութիւն, Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն: Երեկոներից մէկը նաև նուիրուեց հայ դասական երաժշտութեան մի գեղեցիկ համերգի, որն ունկնդրելու առիթն ընձեռնուեց Կոմիտասի անվան պետական կամերային երաժշտութեան տանը:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/09/2025, 07:00