Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը Հռոմում մասնակցում է եպիսկոպոսների վերապատրաստութեան դասընթացներին
Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանն այս օրերին Հռոմում է և մասնակցում է Սուրբ Աթոռի տարբեր Վերատեսչությունների կողմից կազմակերպուած վերապատրաստութեան դասընթացներին, որոնց մասնակցում է ընդհանուր թիւով 192 եպիսկոպոսներ` բոլոր մայրցամաքներից և գրեթէ բոլորը ձեռնադրուած անցած տարի: Դասընթացները սկսուել են սեպտեմբերի 3-ին և կշարունակուեն մինչև սեպտեմբերի 11-ը:
Ըստ սովորութեան, սեպտեմբերին անցկացուող այս վերապատրաստութեան դասընթացները դարձել են Հռոմէական կուրիայի ծրագրի անբաժանելի մասը: Սեպտեմբերի 8-9-ի դասընթացները անցկացուել են Պապական Ուրբանյան Համալսարանում: Մասնակցել են նաև Եպիսկոպոսների Վերատեսչութեան անդամ եպիսկոպոսները:
78 նոր ձեռնադրուած եպիսկոպոսներ մասնակցում են Ավետարանացման Վերատեսչութեան կողմից կազմակերպուած վերապատրաստութեան դասընթացներին, իսկ 114-ը՝ Եպիսկոպոսների Վերատեսչութեան դասընթացներին: Վերջիններիս թւում 5-ը՝ արևելածէս եպիսկոպոսներ են (Արևելեան Եկեղեցիների Վերատեսչության ենթակայութեան ներքոյ), այդ թւում և Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Արքեպիսկոպոս Արհ. Տ. Գևորգ Նորատունկեանը, և 5-ը՝ Հռոմէական կուրիայում ծառայող նոր ձեռնադրուած եպիսկոպոսներ:
Դասընթացների մասնակից եպիսկոպոսներն ունկնդրում են դասախօսութիւններ, մասնակցում են կոնկրետ թեմաներով քննարկումների, կլոր սեղանների, ինչպէս նաև առանձին վերապատրաստութեան դասընթացների:
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ի առագոտեան, եպիսկոպոսներն անցան Սուրբ Դռնով, ապա մատուցուեց ընդհանուր Սուրբ Պատարագ և տեղի ունեցաւ Պետրոս Առաքեալի մասունքներին յարգանքի աղօթական տուրք մատուցելու արարողութիւն Սբ. Պետրոսի տաճարում: Կիրակի՝ սեպտեմբերի 7-ին, վերապատրաստության դասընթացների համար Հռոմում հաւաքուած բոլոր եպիսկոպոսները Սբ. Պետրոսի տաճարում մասնակցեցին հանդիսաւոր Սուրբ Պատարագին՝ նուիրուած Պիեր Ջորջիո Ֆրասսաթիի և Քարլո Աքութիսի սրբադասմանը:
Մասնակից եպիսկոպոսները սեպտեմբերի 8-ին միասնական Սուրբ Պատարագ ունեցան Սանթա Մարիա Մաջիորե Պազիլիք տաճարում` նախագահութեամբ յայտնի աստուածաբան Կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի: Սեպտեմբերի 10-ին՝ Սբ. Պետրոսի Պապական Վարժարանում տեղի կունենան եզրափակիչ դասընթացները և դասախօսութիւնները: Հինգշաբթի՝ սեպտեմբերի 11-ին նոր ձեռնադրուած եպիսկոպոսներին կընդունի Սրբազան Լևոն ԺԴ Պապը:
Նոր ձեռնադրուած եպիսկոպոսների համար կազմակերպուող վերապատրաստության դասընթացների աւանդոյթը սկսուել է 1994թ.-ից՝ նպատակ ունենալով հնարաւորութիւն ընձեռել նրանց համար ծառայութեան սկզբում դիմակայել եպիսկոպոսական ծառայութեան հետ կապուած բազմաթիւ մարտահրաւէրներին, ինչպէս նաև աղօթքի և երկխօսութեան համատեղ օրեր անցկացնել Հռոմում՝ ամբողջ աշխարհից հաւաքուած եղբայր եպիսկոպոսների հետ:
Աղբիւրը՝ հայաստանի հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ