Որոնել

2025.10.28 Inaugurato il Centro Giovanile Nostra Signora dell'Armenia

Սիրոյ և ծառայութեան ևս մէկ օրրան. բացուեց Տիրամայր Հայաստանի Երիտասարդական կենտրոնը

«Այս կենտրոնի բացումով մենք բացառեցինք շատ դիւրաբեկ ընտանիք ունենալու վտանգը»:

2025թ. հոկտեմբերի 22-ին Գիւմրիում տեղի ունեցաւ Անարատ Յղութեան հայ քոյրերու միաբանութեան նորակառոյց Երիտասարդական տան մատրան Սուրբ Սեղանի օծման արարողութիւնը՝ յընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Հայաստանի, Վրաստանի և Արևելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի և իմ առընթերակայութեամբ: Իսկ յաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցաւ Երիտասարդական կենտրոնի հանդիսաւոր բացման արարողութիւնը, որին մասնակցում էին նաև Առաջնորդութեան մէջ և սփիւռքում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականներ, Հայաստանում Քանատայի դեսպանը, Երիտասարդական կենտրոնի բարերարներ և այլ հիւրեր:

Բացման արարողութեան ժամանակ միաբանութեան մեծաւորուհի Մայր Արուսեակ Սաճոնեանը պատմեց, թէ աստուածային նախախնամութեամբ և հրաշքով է իրականացուել այս նոր կենտրոնի կառուցումը. Ժաքլին Գալուստեան անունով մի բարեպաշտ կին ժառանգութիւն է կտակել այս տան կառուցման համար, ինչպէս նաև նուիրատուութիւններ են կատարել Ամերիկեան Եպիսկոպոսների Խորհուրդը, Հռոմի Սուրբ Աթոռի Արևելեան Եկեղեցիների Վերատեսչութիւնը և բազմաթիւ այլ անհատ բարերարներ, ովքեր մշտապէս աջակցել են Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերու բարեգործական, դաստիարակչական և սոցիալական բազմաթիւ ձեռնարկներին: Երիտասարդական նոր տունը նաև յագեցած է բոլոր յարմարութիւններով, որոնք հնարաւորութիւն կտան պատանի և երիտասարդ հայ աղջիկներին բնակուել այստեղ՝ բարձրագոյն կրթութիւն ստանալուն զուգահեռ, ստանալ քրիստոնէական, բարոյական բարձր դաստիարակութիւն և խորհրդատուութիւն, ուղեկցութիւն՝ կենսական կարողութիւնների զարգացման նպատակով, նաև մասնագիտական հմտութիւններ, որոնք պահանջում է ժամանակակից աշխատանքային միջավայրը: Այս տունը կոչուած է նաև մշակելու հոգևոր կոչումներ՝ Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեանը անդամակցելու վսեմ դիտաւորութեամբ:

Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը դահլիճում ներկաներին դիմելով շեշտեց այս նոր տան յատկապէս սոցիալական առաքելութիւնը՝ Աւետարանական ոգով.

«Այս կենտրոնի բացումով մենք բացառեցինք շատ դիւրաբեկ ընտանիք ունենալու վտանգը: Այս կենտրոնից անցնող երիտասարդները պէտք է թրծուեն, հարստանան, սնուեն, ճոխանան քրիստոնէական արժէքներով, որպէսզի յետոյ նետուին աշխարհ և կազմեն սուրբ ընտանիքներ… Եկեղեցին որպէս մայր և դաստիարակ, ի շարս իր բոլոր կառոյցներու, պէտք է ունենայ նաև այսպիսի կենտրոններ, որտեղ պատրաստուեն ապագայի մայրերը և դաստիարակները, նաև բացառուած չէ, որ այս տան մէջ որոշ երիտասարդուհիներ պատրաստուեն նուիրեալ կուսական կեանքին»:

Բացման արարողութեան հոգեզմայլ զարդը եղաւ Տիրամայր Հայաստանի երգչախմբի համերգը՝ Ռոբերտ Մլքեյանի գեղարուեստական ղեկավարութեամբ, որ գեղագիտական, հոգևոր և հայրենասիրական խոր տպաւորութիւններ թողուց բոլորիս սրտերում:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/10/2025, 08:42