Որոնել

հոգևոր կրթութիւն. Անարատ Յղութեան հայ քոյրեր հոգևոր կրթութիւն. Անարատ Յղութեան հայ քոյրեր 

հոգևոր կրթութիւն Անարատ Յղութեան հայ քոյրերուն

Հոգևոր կրթութիւնը վարեց Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը՝ Հայաստանի, Վրաստանի և Արևելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդը, ով մասնագիտացած է հոգևոր կոչումների պատրաստութեան աստուածաբանական բնագաւառում Յիսուսեան միաբանութեան մեթոդաբանութեամբ:
Ունկնդրէ լուրը

«Տեսայ քեզ, երբ թզենու տակ էիր», Յովհ. 1:48

2025թ. դեկտեմբերի 5-9-ը Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերն, ըստ միաբանութեան վաղեմի սովորութեան, մասնակցեցին հոգևոր կրթութեան՝ ընդառաջ դեկտեմբերի 9-ի՝ Անարատ Յղութեան տօնին, որը միաբանութեան գլխաւոր տօնն է: Այս տարի նաև լրանում է միաբանութեան 178-ամեայ Յոբելեանը:

Հոգևոր կրթութիւնը վարեց Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը՝ Հայաստանի, Վրաստանի և Արևելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդը, ով մասնագիտացած է հոգևոր կոչումների պատրաստութեան աստուածաբանական բնագաւառում Յիսուսեան միաբանութեան մեթոդաբանութեամբ: Հոգևոր կրթութեան թեմատիկ ուղղուածութիւնն էր՝ խորհրդածութիւնների առանցք դարձնել սեփական հոգևոր կոչման վերարժևորումն ու վերագնահատում՝ անձնական կեանքի յիշողութիւնների համապատկերի վրայ, որոնք չափազանց կարևոր են՝ հոգևոր կոչման մէջ հաւատարիմ մնալու համար: Սրբազանը քոյրերին հրաւիրեց մտածել հետևեալ ենթակէտերի մասին.

-խորհրդածութիւն՝ Փիլիպպոսի և Նաթանայելի կոչման պատմութեան մասին. «Արի՛ իմ ետևից», այս խօսքերին հաւատարի՞մ եմ արդեօք,

-լինել ընտրուած. ի՞նչ է նշանակում ինձ համար, ի՞նչ վիճակում էի այն ժամանակ, երբ կանչուեցի, և ինչպիսի՞ն եմ հիմա, արդեո՞ք ունեմ նոյն խանդավառութիւնը, ինչպիսի՞ գնահատական եմ տալիս Յիսուսի Հանդէպ նուիրումիս, արդեօ՞ք ուրախ եմ այսօր իմ հոգևոր ծառայութեանս համար,

– ծառայութեան և նուիրումի մեջ գնալ մինչև վերջ, սպառուել, ունայնացնել սեփական անձը՝ որպէս կատարեալ տիպար ունենալով Տիրոջը (հմմտ.՝ Փլպ. 2:5-11, որտեղ խօսւում է «կենոզիսի»՝ ունայնացման մասին),

– ամենակարևորը Տիրոջ կամքը կատարելն է,

– Ղազարոսի երկու քոյրերի՝ Մարթայի և Մարիամի օրինակով կարող ենք հասկանալ, թէ ինչ է նշանակում գործունեայ և հայեցողական ծառայութիւնը, և որ ամենակարևորը Տիրոջ համար ծառայելն է՝ Տիրոջ հետ միասին լինելով, ինչպէս Մարիամն էր, (հմմտ.՝ Ղկ. 10:38-42),

– Տէրը Նաթանայելին տեսաւ, երբ դեռ թզենու տակ էր, ճանաչում էր նրան, կարևոր է նաև այն վիճակը, որում նա գտնւում էր կանչուելու ժամանակ,

– սիրահարուած լինել Աստծուն և մնալ Նրա սիրոյ մէջ մինչև վերջ,

– ծառայութեան մեջ ներքին մխիթարութիւն գտնել մեր փոքրիկ գործերում, որոնք կատարում ենք մեծ սիրով:

Այս և այլ մտքերի շուրջ, որոնք առաջարկում էր Սրբազանը, կատարուեցին Սուրբ Հաղորդութեան առջև առանձին և լուռ խորհրդածութիւններով:

Քոյրերի հոգևոր կրթութիւնը պսակուեց Անարատ Յղութեան տօնի հանդիսաւոր Սուրբ Պատարագով, որը մատուցուեց Սրբազան Հօր ձեռամբ, Տիրամայր Հայաստանի կենտրոնում, որի ընթացքում միաբան քոյրերն, ըստ աւանդութեան, գեղեցիկ աղօթքներով նորոգեցին իրենց մշտնջենական ուխտերը՝ Աստծոյ առաջ: Սուրբ Պատարագին ներկայ էր նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին՝ կնոջ հետ միասին: Ելոյթ ունեցաւ Տիրամայր Հայաստանի երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի գեղարուեստական ղեկավարութեամբ:

Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

15 դեկտեմբերի, 2025թ.

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/12/2025, 07:00