Որոնել

2025.07-06 Visita Castel Gandolfo

Լեւոն ԺԴ․ տեղափոխուեց ամարային նստավայր։ Հաւատացեալների հոծ բազմութիւնը ծափողջոյններով դիմաւորեց Պապին

Կիրակի օրը, ժամը 17:00-ին Սրբազան Քահանայապետը ժամանեց Քասթել Կանտոլֆոյի «Villa Barberini» Քահանայապետական պալատ, որտեղ կմնա մինչեւ յուլիսի 20-ը։ Մեքենայից իջնելով, Լեւոն ԺԴ․ ողջունեց իր ժողովրդին։ Աւելի ուշ նա անսպասելիօրէն դուրս եկաւ Պալատի պատշգամբ՝ եւս մէկ ողջոյնի համար։ «San Tommaso da Villanova»-ի ծխական քահանայ․ «Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց մեզ այս ամէնը նախապատրաստելու համար »․ Մաթթեօ Պրունի․ «Նա շնորհակալ է իր գործունէութիւնը այսպիսի գեղեցիկ վայրում շարունակելու համար»։
Ունկնդրէ լուրը

Մարիամ Երեմեան - Վատիկան

Լեւոն ԺԴ․ Սրբազան Քահանայապետը երեկ՝ յուլիսի 6-ին ժամը 16:30-ին Վատիկանից մեկնեց դէպի Քասթել Կանտոլֆօ՝ Հռոմից 25 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Քահանայապետերի ամարային նստավայր, ուր պիտի մնայ մինչեւ յուլիսի 20- ը եւ մի քանի օր նաեւ օգոստոսին։

Հաւատացեալների հոծ բազմութիւնը՝ տեղացի բնակիչներ, շրջակայ վայրերից ժամանած իտալացիներ, ինչպէս նաեւ զբօսաշրջիկներ եւ լրագրողներ, ծափողջոյնների ներքոյ ջերմօրէն դիմաւորեց Նորին Սրբութեանը։

Իջնելով մեքենայից, Պապը ցանկացաւ անձամբ ողջունել իր ժողովրդին, որը չնայած սաստիկ շոգին, ժամեր շարունակ սպասել էր իրեն։ Որպէս առաջին ժեսթ՝ Նորին Սրբութիւնն օրհնեց մի քանի մանուկների, ապա մի քանի տարեց կանանց, սեղմեց որքան հնարաւոր է շատերի ձեռքը եւ մուտք գործեց «Villa Barberini» Քահանայապետական պալատ, ուր ապրելու է Քասթել Կանտոլֆոյում իր մնալու ընթացքում։

Այնտեղ Լեւոն ԺԴ․ Պապին դիմաւորեցին Վատիկան Քաղաք-պետութեան Կառավարութեան Նախագահ Քոյր Ռաֆաէլլա Փեթրինին, Եպիսկոպոս Վինչենցօ Վիվան, Քահանայապետական Առանձնատների Տնօրէն Անտրէա Թամպուրելլին եւ Քաղաքապետ Ալպերթօ Տէ Անճելիսը։

Ներկայ էր նաեւ ՝ Հայր Թատէուշ Ռոզմուսը, «San Tommaso da Villanova» Քահանայապետական ծխական քահանան, ուր յաջորդ կիրակի՝ յուլիսի 13-ին Նորին Սրբութիւնը մատուցելու է Սուրբ Պատարագ:  

 «Սրբազան Հայրը ողջունեց մեզ, բայց նաեւ կանգ առաւ մեզ հետ խօսելու, խրախուսեց ու շնորհակալութիւն յայտնեց այս ամէնը նախապատրաստելու համար», - լրագրողների հետ զրոյցում պատմեց Հայր Ռոզմուսը։

Իսկ արդեն երեկոյեան Սուրբ Աթոռի Մամլոյ Գրասենեակի Տնօրէն Մաթթեօ Պրունին յայտարարեց, որ հնարաւորութիւն է ունեցել կարճ ողջունել Սրբազան Քահանայապետին, ով հաստատել է, որ «շնորհակալ է առաջիկայ օրերին մարդկանց հետ հանդիպելու հնարաւորութիւնների համար եւ միեւնոյն ժամանակ իր գործունէութիւնը այսպիսի գեղեցիկ վայրում շարունակելու համար»։

Քահանայապետերը եւ Քասթել Կանտոլֆոն.

Ժէ․ դարի կէսերից ի վեր Քասթել Կանտոլֆոն Քահանայապետերի կողմից օգտագործուել է որպէս ամարային նստավայր: Ուրպանոս Ը․ Պապն առաջինն էր, որ սկիզբ դրեց այդ աւանդոյթին՝ 1626 թուականին: Պենետիկտոս ԺԴ․ Քահանայապետը վերջին Պապն էր, ով օգտագործեց Քասթել Կանտոլֆոն այդ նպատակով։ Իր հրաժարականից յետոյ առաջին տարիներին նոյնպէս ամրան մի քանի օրը նա այնտեղ է անցկացրել: Ֆրանչիսկոս Պապը, երեք անգամ է այցելել նստավայր, սակայն երբեք չի գիշերել այնտեղ։ Նրա որոշմամբ Առաքելական Պալատը որպէս թանգարան բացուել է զբօսաշրջիկների համար։ Բացի այդ, 2023 թուականի փետրուարին տարածքում գտնուող 55 հեկտար այգում Ֆրանչիսկոսը հիմնել է Ընդհանուր Տան կազմաւորման ի նպաստ բնապահպանական  կենտրոն ՝ «Borgo Laudato si’» անուամբ ( թարգմանաբար՝ «Գովեալ լինես» աւան, որը հիմնուել է Ֆրանչիսկոսի համանուն շրջաբերական նամակի վրայ):

Առաքելական պալատը բաց կմնա այցելուների համար, Լեւոն ԺԴ․ Պապի այնտեղ գտնուելու ընթացքում՝ թէեւ ժամերը որոշ փոփոխութիւններ են կրել։

Քահանայապետ ընտրուելուց ի վեր, Լեւոն ԺԴ․ Պապը երկու անգամ այցելել էր Քասթել Կանտոլֆօ։ Առաջին անգամը մայիսի 29-ին էր՝ իր նախորդի «Borgo Laudato si'» նախագծի մասին տեղեկանալու համար, երկրորդ անգամը՝ յուլիսի 3-ին՝ «Villa Barberini»-ի վերանորոգման աշխատանքները ստուգելու համար։ 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/07/2025, 09:00