Որոնել

Կարդինալ Փարոլին Կարդինալ Փարոլին 

Կարդինալ Փարոլինի այցը Զուիցերիա

Հարիւր տարի առաջ Պեռնում բացուել է Սուրբ Աթոռի Նուիրակութիւնը
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ

Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը՝ Զուիցերիոյ փոխնախագահ և արտաքին գործերի նախարար Ինիացիօ Կասիսի հրաւէրով մեկնել է Զուիցերիա՝ Սուրբ Աթոռի և Զուիցերիոյ Համադաշնութեան միջև դիւանագիտական յարաբերութիւնների վերահաստատման 100-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Յոբելեանի պաշտօնական արարողութիւնը կկայանայ այսօր, նոյեմբերի 8-ին, օրուայ երկրորդ կէսին Ֆրիպուրկի Համալսարանում, ուր նախատեսւում է Լորենցօ Պլանցիի «Հռոմի Պապը և դաշնային խորհուրդը. 1873 թուականի խզումից մինչև 1920 թ.» 2020 թուականին հրատարակուած եռալեզու գրքի ներկայացումը:

Երեքշաբթի, նոյեմբերի 9-ին կհետևի «Զուիցերիա և Սուրբ Աթոռ. խիտ պատմութիւն, միջնադարից մինչև խաղաղութեան ընդհանուր յանձնառութիւն» երկու պետութիւնների միջև դիւանագիտական յարաբերութիւնների վերարժեւորման վերաբերեալ ուսուցողական համաժողովը:

Կարդինալ Փարոլինը իր ճամփորդութեան առաջին փուլն սկսել է նախօրդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Էյնզիդելնի Տիրամօրը յարգանքի տուրքով՝ այցելելով Պենետիկտեան վանք: Վանքը, ուր 1984թ. յունիսի 16-ին այցելել էր նաև Յովհաննէս Պօղոս Բ Պապը, գտնւում է երկրի սրտում և յայտնի է իր «Սև Մադոննայով»։

Սուրբ Աթոռ – Զուիցերիա յարաբերութիւններ

Զուիցերիայի և Սուրբ Աթոռի միջև պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւններին նախորդել է պապական յատուկ բանագնացի ներկայութիւնը 1586-1873 թուականներին՝ թէև միայն Լյուցեռնում և միայն կաթողիկէ կանոնների հետ կապ հաստատելու նպատակով:

19-րդ դարում Զուիցերիայի և Վատիկանի միջև յարաբերութիւնների ընդհատումը՝ այսպէս կոչուած Kulturkampf-ի պատճառով, ինչպէս նաև դրանց վերականգնումը 1920 թուականին Դաշնային խորհրդի որոշմամբ և որոշ կարդինալների միջամտութեամբ, քիչ ուսումնասիրուած և քիչ յայտնի էջերից է Զուիցերիոյ պատմութեան մէջ:

Զուիցերիայի հետ շփումները Սուրբ Աթոռը վերսկսել է Մեծ պատերազմի ժամանակ մարդասիրական համագործակցութիւնից ելնելով: Մտադրութիւնը վիրաւորներին ու հիւանդներին Զուիցերիայում հիւրընկալելն է եղել, որի արդիւնքում էլ Բեռնում հիմնուել է պապական նուիրակութիւնը: Զուիցերիոյ Դաշնային խորհուրդը, սակայն, միայն 1991թ. որոշել վերջ դնել դիւանագիտական յարաբերութիւններում միակողմանիութեանը՝ նշանակելով իր յատուկ առաքելութեամբ դեսպանին Սուրբ Աթոռում։ Մինչ այդ, Զուիցերիոյ միակ ներկայութիւնը Վատիկանում փաստացիօրէն զուիցերական պահակազօրքինն էր:

Սուրբ Աթոռի և Զուիցերիայի միջև դիւանագիտական յարաբերութիւնների վերսկսումից հարիւր տարի անց ևս շարունակւում են բանակցութիւնները, որոնք նպատակ ունեն էլ աւելի զարգացնել երկու երկրների միջև առկայ համագործակցութիւնը։

Այս օրերին նորութիւնն այն է, որ արտաքին գործերի դաշնային վարչութիւնը գնահատում է Զուիցերիոյ մշտական բնակութեան դեսպանի Սուրբ Աթոռ ուղարկելու հնարաւորութիւնը։ Պեռնի խորհրդարանական յանձնաժողովներն արդեն տուել են իրենց համաձայնութիւնը, և բացակայում է միայն Զուիցերիոյ խորհրդարանի վերջնական համաձայնութիւնը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/11/2021, 10:00