Որոնել

Փավել Միքսուն 9 տարեկանում, 19 տարեկանում եւ այսօր՝ ընտանիքի հետ միասին Փավել Միքսուն 9 տարեկանում, 19 տարեկանում եւ այսօր՝ ընտանիքի հետ միասին   Պատմութիւնը

Պեռլինեան պատի պատկերը մտքում

30 տարի առաջ՝ 1989 թուականի նոյեմբեր 9-ին, ողջ աշխարհի աչքի առջեւ փլուզուեց Պեռլինի պատը: Այս իրադարձութիւնը, այս կամ այն կերպ, փոխելու էր միլիոնաւոր մարդկանց կեանքերը: Փավել Միքսուն ապրում էր Չեխոսլովաքիայի Պրշերով քաղաքում, 600քմ դէպի հարաւ: 1989 թուականի նոյեմբեր 9-ի այդ օրը նա 14 տարեկան էր:

Ժան Շառլ Փուցոլու

Յիսնամեակը դեռ չբոլորած Փավել Միքսուն ընտանիքի երջանիկ հայր է: Ճարտարագէտի որդի Փավելն այսօր ապրում է Չեխիոյ Հանրապետութեան Բրնոյ քաղաքում, որտեղ զբաղւում է լրագրողի իր մասնագիտութեամբ: Կոմունիստական վարչակարգի լծի տակ անցկացրած իր երիտասարդ տարիներից «շատ վատ յիշողութիւններ են մնացել»: Մորավիայի մարզի Պրշերովի արդիւնաբերական կենդրոնում, որտեղ նա ապրում էր ծնողների հետ՝ կոմունիստական կուսակցութիւնը բնակչութեան բարեհաճութիւնն էր վայելում: «Մենք կաթողիկէ պատկանելիութիւն ունեցող ընտանիք էինք, եւ սա արդէն իսկ բարդութիւն էր ստեղծում: Ծնողներս ստիպուած էին անընդհատ բացատրութիւններ տալ իրենց հաւատքի վերաբերեալ՝ թէ ինչու էին քրիստոնեայ, ինչու էին հաւատացեալ եւ ինչու էին Եկեղեցի յաճախում...»: Կոմունիստական վարչակարգը չէր հանդուրժում կրօնը եւ քրիստոնեայ լինելու փաստն ինքնին խոչընդոտ էր: Փավելի քոյրն այս պատճառով չկարողացաւ համալսարան ընդունուել: Հայրը՝ չնայած գիտութեան ասպարէզում ունեցած որոշ ձեռքբերումների, այդպէս էլ պաշտօնի բարձրացում չստացավ: 40 տարի շարունակ նա զբաղեցրեց միեւնոյն պաշտօնը: «Իւրաքանչիւր ձեռնարկութիւնում, իւրաքանչիւր դպրոցում կային ‘politruk'-ներ՝ աշխատակիցներ, որոնց պարտականութիւնն էր ուրիշներին վերահսկելը: Դա նրանց մասնագիտութիւնն էր: Նրանք պէտք է ապահովեին կուսակցութեան պաշտօնական գաղափարախօսութեան գերակշիռ դերը: Բաւական էր ինչ-որ մէկը տարբերուող միտք արտայայտեր, եւ անմիջապէս ընդդէմ կը գնար խնդիրներին»: Այսպիսով, «պոլիտռուկները» մարդկանց՝ մասնաւորապէս մտաւորականներին, թոյլ չէին տալիս ապրել իրենց «բնականոն» կեանքով:
Նոյն իրավիճակում էին նաեւ քահանաները: Գաղտնի ոստիկանութեան անդամները մշտապէս վերահսկում էին այն մի քանի եկեղեցիները, որոնք դեռեւս գործում էին: Պաշտամունքի որեւէ վայր մուտք գործելը իւրաքանչիւրի համար կարող էր արդէն իսկ խնդիրներ առաջացնել, իսկ աղօթելը գրեթէ հանդուրժելի չէր: Հասարակութեան շրջանում հաւատքի դրսեւորումը խստիւ արգելւում էր, իսկ սոցիալական որեւէ հարց քննարկելը պատժւում էր ձերբակալութեամբ: «Գաղտնի ոստիկանութիւնը լուսանկարում եւ տեսագրում էր բոլոր նրանց, ովքեր համարձակւում էին մեծ հաւաքոյթների՝ ինչպէս օրինակ, որոշ արտօնուած ուխտագնացութիւնների ժամանակ արտայայտել իրենց հաւատքի դաւանութիւնը», - վերյիշում է Փավելը:

Մեր օրեր. Պեռլինեան պատից մի հատուած
Մեր օրեր. Պեռլինեան պատից մի հատուած

Նոյեմբեր 9, 1989 թուական. փլուզւում է Պեռլինի պատը

«Բնակչութեան մեծամասնութեան համար սա մեծ անակնկալ էր: Փոխարէնը՝ նրանց համար, ովքեր տեղեակ էին իրադարձութիւնների ընթացքին՝ սա բոլորովին էլ անսպասելի չէր, քանի որ կոմունիստական կուսակցութեան ղեկավար կազմի շրջանում զգացւում էր ջղագրգիռ վիճակը»: Ըստ էութեան, կուսակցութեան պատասխանատու աշխատողները, ովքեր լաւ ծանօթ էին իրավիճակին, զգում էին առաջին նշանները: «Նրանք գիտէին, որ երկար չէին կարող դիմադրել»,- պատմում է Փավելը: «Ինձ համար ամէն ինչ փոխւում է անմիջապէս», - շարունակում է նա: «Այդ ժամանակի երեխայի մտածողութեամբ ես գիտակցում էի, որ չեմ կարող խօսել քաղաքականութիւնից, բայց ինձ ոչ մի բան չէին բացատրել: Իմ ընտանիքին չէր կարելի այլախոհ անուանել, չնայած դրան, ընտանիքիս անդամներին հասանելի էին ապօրինի հրապարակումները, եւ օգնում էին դրանք տարածել՝ ինչն էլ նշանակում էր, որ նրանք ծանօթ էին այլախոհներին: Ընտանիքիս անդամները մեծ քանակութեամբ թուղթ էին գնում այս հրապարակումները տպագրելու համար: Սա արդէն իսկ բաւական էր գաղտնի ոստիկանութեան ուշադրութիւնը գրաւելու համար»: Եօթ – ութ տարեկանից ի վեր Փավելը համոզուած էր, որ չափահաս դառնալուն պէս՝ իր գաղափարների կամ հաւատքի պատճառով, ամէն ինչ կավարտուէր բանտարկութեամբ: Սակայն, 1989 թուականի նոյեմբեր 9-ին՝ մէկ ակնթարթում, նրա մտավախութիւնը յօդս է ցնդում: Իրականում, բացի վարչակարգի համախոհներից, որն անկում էր ապրում այստեղից 600 քիլոմեթր հեռաւորութեան վրայ, բնակչութեան մեծամասնութիւնը համընդհանուր երանութեան մէջ էր, որը շարունակուեց չորս տարի:
Երանութեան այս չորս տարիները, միեւնոյն ժամանակ, ընդգրկում էին չեխոսլովաքցի կոմունիստական ղեկավար կազմի պաշտօնաթողութիւնները, սահմանադրական բարեփոխումները՝ միտուած կոմունիստական կուսակցութեան գերակայութեան վերացմանը, այլախոհ գրող Վացլավ Յավելի ընտրութիւնը՝ որպէս երկրի նախագահ եւ թաւշեայ յեղափոխութեան ղեկավար, երկու հանրապետութիւնների՝ Չեխիայի եւ Սլովաքիայի ծնունդը:
Սակայն, չորս տարի անց, երանութիւնն իր տեղը զիջում է մէկ այլ զգացողութեան. «Մարդիկ սկսում են գիտակցել, որ անկախ լինելն այնքան էլ դիւրին չէ, որքան թւում է»: Կենտրոնացուած եւ ծրագրուած տնտեսութիւնից դէպի շուկայական տնտեսութիւն անցում կատարելը բարդ էր. «Քաղաքական իշխանութիւնը վերածուել էր տնտեսական իշխանութեան»:

Կենտրոնական Մորավիայի Պրշերով քաղաքի համայնապատկերը
Կենտրոնական Մորավիայի Պրշերով քաղաքի համայնապատկերը

Առաջին քայլերը դէպի Արեւմուտք

Փավելի համար այս ժամանակաշրջանը համընկաւ իր պատանեկութեան եւ դպրոցական տարիների հետ, միեւնոյն ժամանակ, սա առաջին անգամ ճամփորդելու հնարաւորութիւն էր: Կեանքում առաջին անգամ նա կարող է մեկնել արտերկիր, ուստի՝ Աւստրիայից անցնում է Իտալիա: Նրա աչքերը յափշտակութեամբ բացայայտում են նոր բնապատկերներն ու «արեւելքի» կենսակերպը:
15 տարեկան հասակում նա յայտնւում է Հռոմի փողոցներում եւ այցելում առաջին նահատակների գերեզմանին: «Ես զգացի կապը Եկեղեցու մարտիրոսների եւ մեր նահատակների միջեւ, որը խիստ ամուր էր»: Սուրբ Պետրոս հրապարակ. նա գտնւում է Յովհաննէս Պօղոս II Սրբազան Քահանայապետի պատուհանների ներքոյ: Նորին Սրբութիւնը շատ բան է արել քրիստոնեաների ազատութեան համար: Իրականում, տանը՝ մի քանի միջազգային ռատիօկայանների շարքում, Ռատիօ Վատիկանը՝ որի յաճախականութիւնը յաճախ խաթարւում էր, հաղորդում էր Նորին Սրբութեան ձայնը եւ ներկայացնում մէկ այլ աշխարհայեացք: Չեխական հեռատեսիլի եթերով նրանք դիտում էին համակարգուած լուրեր, ապա՝ կէս ժամ անց, արեւմուտքի ռատիօկայանների հեռարձակումներից տեղեկանում իրականութեանը:

 

Փավել Միքսու
Փավել Միքսու

Պատարագ յանուն միաւորման

Երկիր վերադառնալուց մի քանի ամիս անց նա իմանում է, որ սլովաքներն ուզում են առանձին հանրապետութիւն հիմնել: «16 տարեկան հասակում չէինք հասկանում, թէ ինչու են ուզում մեր երկիրը երկու մասի բաժանել»: Այդ ժամանակ բազմաթիւ չեխեր ապրում էին Սլովաքիայում եւ հակառակը: «Ես ջերմեռանդորէն աղօթում էի, որպէսզի այդ բաժանումն ընթանար առանց բռնութեան», - ասում է Փավելը, ով գտնւում էր Վիեննայում՝ Թեզեի հաւաքին: 1992 թուականի դեկտեմբեր 31-ի գիշերն էր, լոյս 1993 թուականի յունուար 1՝ պաշտօնական բաժանման թուականը: «Մեզ բաժանեցին նաեւ Վիեննայում աղօթք-հսկումի ժամանակ»,- պատմում է նա,- «չեխերը մի կողմում, սլովաքները՝ միւս, սակայն, խնդրեցին կազմակերպիչներին համախմբուած մնալ, քանի որ չէին պատրաստւում այստեղ պատերազմել»:
Կէսգիշերին՝ ճիշտ այն նոյն ժամին, երբ բաժանւում էր Չեխոսլովաքիան, Թեզեի եղբայրների հետ միասին, մատուցուեց պատարագ, որի պատգամն էր. «Նոյնիսկ քաղաքականորէն բաժանուած լինելու դէպքում՝ շարունակում ենք մնալ բարեկամներ»:

Փլուզվող վերջին պատը

Երբ հասակ ես առնում ամբողջատիրական վարչակարգի իշխանութեան ներքոյ, ապա՝ ամենադժուարը ուրիշների առջեւ բաց լինելն է: Ընտանիքի ներսում ազատ խօսքի իրաւունք ունեինք: Այս մասնաւոր շրջանակի մէջ ընդգրկւում էին միայն մի քանի մտերիմ ընկերներ, իսկ շրջանակից դուրս Փավելը լուռ էր: «Մանկութեան տարիներին ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն էր, որ գլխումս մի պատ կայ», - խոստովանում է նա: Եւ, նոյնիսկ 1989 թուականից յետոյ, զգում էի այդ պատի ներկայութիւնը. «Երբեմն, փողոցում կամ խանութում հանդիպում էինք նախկին գաղտնի ոստիկանների կամ կոմունիստական կուսակցութեան նախկին պատասխանատուների»:
1989 թուականի նոյեմբերից ի վեր Փավելը լիովին ազատ է, սակայն, դեռեւս գոյութիւն ունի այն ներքին բանտը, որից նա պէտք է ազատուի եւ, որը խոչընդոտում է ամէն տեսակ նախաձեռնութեան:
«Մի անգամ այցելեցի XIII դարի Աբբայութիւն՝ աղօթելու: Միայնակ էի եւ մի պահ, ինքս էլ չգիտակցելով, թէ ինչու՝ սկսեցի լաց լինել: Լսեցի ներքին ձայնս, որն ինձ ասում էր, թէ պէտք է ներել: Ինքս ինձ ասում էի, որ ներում եմ բոլոր նրանց, ովքեր վնասել էին իմ ընտանիքին»: Փավելը փոքր-ինչ խոնարհում է գլուխը եւ կրծքին հարուածելով ասում. «ներում եմ, ներում եմ, ներում եմ»,- ապա՝ բարձրացնում է գլուխը եւ շարունակում. «Այդ պահին, երբ հասկացայ, որ ընդունակ եմ ներելու՝ ինձ ազատագրուած զգացի եւ, վերջապէս, գլխումս եղած պատը փլուզուեց»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 


 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/11/2019, 07:57