Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Ներսէս Լամբրոնացիի «Այսօր յարեաւ ի մեռելոց» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (57)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ձեզ ենք ներկայացնում ԺԲ դարի Կիլիկեան Հայաստանի եկեղեցական և հասարակական գործիչ, շարականագիր Ներսէս Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» շարականը՝ նուիրուած Յիսուսի յարութեան տօնին։

Ներսէս Լամբրոնացին թողել է հարուստ գրական ժառանգութիւն: Նա զգալի նորութիւններ և առողջ նուագներ մտցրեց հայկական շարականների մէջ: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին հաղորդում է, որ նա հայերէն է թարգմանել Յովհաննու տեսիլքի մեկնութիւնը, Հռոմի Գրիգոր պապի պատմութիւնը և սուրբ Բենեդիկտոսի Օրէնսդրութիւնը, ինչպէս նաև գրել է Դաւթի սաղմոսների, Սողոմոնի առակների, սուրբ պատարագամատոյցի և Յովհաննէս աւետարանիչի աղօթքների մեկնութիւնները:

Բացի այս ամենից, նա նաև հեղինակել է աւելի քան քսան շարական՝ գրելով դրանց ինչպէս խօսքերը, այնպես էլ եղանակները:

Լամբրոնացու շարականներից տասը նուիրուած են Քրիստոսի Յարութեան տօնին, ևս տասը՝ Համբարձման, երեք շարական էլ վերաբերում են Գրիգոր Լուսաւորչին, նրա որդիներին ու թոռներին: Սրանք բոլորն ընդգրկուած են Շարակնոցում և հայ եկեղեցու ժամակարգութեան մէջ: Ներսէս Լամբրոնացու՝ Յարութեան կանոնի շարականները բաժանւում են երկու խմբի՝ իւրաքանչիւրում հինգ շարական. «Կանոն սրբոյ Զատկին» և «Կանոն նոր կիրակէի կրկին Զատկի»: Սա առաջին խմբի շարականներից է: «Այսօր յարեաւ» շարականում, աշխոյժ և ուրախ մոտիվների կողքին, աչքի է ընկնում նաև այլաբանութիւնը:

Նրանում հայ եկեղեցին այլաբանօրէն համարուել է «հարս», իսկ Քրիստոսը՝ «փեսայ»:

Իհարկէ, այս այլաբանութիւնը շատ հին է և յաճախ է հանդիպում հայ և միւս եկեղեցիների հայրերի տարբեր գրուածքներում ու յատկապէս Նարեկացու մօտ : Այս գաղափարը բխում է Քրիստոսից երկու հազար տարի առաջ ստեղծուած «Երգ երգոց» գրքում:

Սակայն «Երգ երգոցը ճշմարտօրէն վերիմաստաւորել է Քրիստոսից յետոյ մեկնողական գրականութեան մէջ, որպէս մարգարէական մի արձանագրութիւն Քրիստոս - փեսայի և եկեղեցի - հարսի միջև եղած նուիրական և անարատ սիրոյ մասին: Նրանում ցնծութեամբ երգւում է, որ անմահ ու երկնաւոր Փեսան այսօր յարեաւ ի մեռելոց, ապա խնդութեան աւետիս է տրւում երկրի վրայ գտնուող հարս-եկեղեցուն: Ապա կոչ է յղւում սուրբ Սիոն լեռանը՝ օրհնել իր Աստծուն ցնծութեան ձայնով:

Այս օրը լոյսից բխած աննկարագրելի լոյսը լուսաւորեց Երուսաղեմի մանուկներին, և սուրբ քաղաքը նոյնպէս պէտք է լոյս արձակի, քանզի յարեաւ Քրիստոս: Այսպիսով, հալածւում է անգիտութեան խաւարը եռակի լուսաւորութեամբ: Ապա ասւում է, որ Քրիստոսի զոհով մենք տօնում ենք սուրբ Զատիկը, մենք, որ նորոգուել ենք նախնիների մեղքից, քանի որ յարեաւ Քրիստոս, իսկ հրեշտակը երկնքից իջնելով գերեզմանի մօտ, զարհուրեցրել է պահապան կարգուած զինուորներին:

Շարականը ներկայացնում ենք Յովհաննէս սարկաւագ Ներսիսեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/04/2024, 07:20