Հայկական ժողովրդական երգեր. «Վարդ, զքե չըմ սիրի» երգը
«Վարդ, զքե չըմ սիրի» երգն ընդգրկուած է Կոմիտասի հարսանեաց Բ շարում։ Ինչպէս նշում է Ռոբեր Աթայանը (Կոմիտաս․ երկերի ժողովածու, հտ․ 3, էջ 273), այն հնագոյն աւանդականութեամբ և խօսքի ու մեղեդիի ճոխ բովանդակութեամբ հայ ժողովրդական երաժշտութեան աչքի ընկնող գանձերից է։
Ժողովրդական երգը Գէորգեան ճեմարանի ծառայ մոկացի Մանուկից Կոմիտասի յանձնարարութեամբ ձայնագրել է նրա աշակերտ, երաժշտագէտ Յակոբ Յարութիւնեանը։ Արտագրելով իր նոթատետրում, Կոմիտասը «թագուհի» բառը փոխարինել է «չալապի»-ով։ Ինչպէս նշել է Կոմիտասը, այս երգը երգում են ուռցը գովելիս։
Երգի վերլուծութիւնը մեր առջև բացում է մի այսպիսի պատկեր․ հարսանեկան ծիսական այս երգը ծաղիկների մասին է, որոնք ամէն երկտողում համեմատւում են կրկներգում յիշատակուող «հազար»-ի հետ։ Հազարը նոյնպէս բոյս է (մառոլ), որի մասին տարբեր բառարաններում տրուող նկարագրից իմանում ենք, որ յաճախ կիրառուել է որպէս դեղաբոյս, ինչը վկայում է, որ կարևոր նշանակութիւն է ունեցել աւանդական կենցաղով ապրող մարդու համար:
Այս տեսանկիւնից երգի տեքստը դառնում է որպէս վարդի, ասմինի (հասմիկ), սուսամբարի ու սոսունի հետ համեմատուող և նրանց հանդէպ մեծ առաւելութիւն ստացող հազարի գովք: Իսկ եթէ հաշուի առնենք Կոմիտասի նշումն այն մասին, որ այս երգը երգուել է «ուռցը գովելիս», ինչպէս նաև Հր․ Աճառեանի արմատական բառարանում «ուռց» յօդուածի վերջում տրուող տեղեկութիւնը, որ ըստ Ալիշանի՝ «ուռցը փեսի ծառն է», կարող ենք հետևութիւն անել, որ հարսանիքի ծիսական արարողութեան ժամանակ թէ՛ հարսի ծառ են զարդարել, թէ՛ փեսայի՝ որպէս բարեբեր, պտղաբեր ամուսնութեան ծիսակարգ:
Սա արդեն լոյս է սփռում այս երգի մէջ թաքնուած խորհրդի վրայ․ փեսայի ծառը զարդարելիս աղջիկները երգում են «Վարդ, զքե չըմ սիրի» երգը՝ իւրաքանչիւր ծաղկից փնջեր կազմելով ու տուեալ ծաղկի խորհուրդը բացատրելով. իսկ վարդը, յասմիկը, սուսամբարն ու սոսունը թերևս պակասաւոր են թւում հազարի համեմատութեամբ, որովհետև կա՛մ հազարը, ամենայն հաւանականութեամբ, կենտրոնական տեղ է գրաւում փնջերի մէջ, կա՛մ «հազար» ասելով հենց փեսայի այդ ծառը` ուռցը կամ ուրձը նկատի ունեն` գուցէ որպէս «հազարատերև» բառի կրճատ տարբերակ։
Երգը ներկայացուած է «Սիփաան-Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ