Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Ժողովրդական «Դրդոյ» քնարական երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (85)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ժողովրդական «Դրդոյ» քնարական երգն աւանդուել է Սասնայ հայութիւնից, որի հերոսը դիմում է իր սիրելիին՝ Դրդոյին՝ խնդրելով իր հետ գնալ «սարն ի Սասուն». «Ես էղնիմ տուն, դուն էղնիս սիւն»: Ժողովրդական խօսք է, չէ՞, երբ ասում են՝ տղամարդը տունն է կամ նրա դրսի պատերը, իսկ կինն այդ տունը կամ դրսի պատերը պահող սիւնն է: Այսինքն՝ իր սիրելիին տղան առաջարկում է ամուսնանալ եւ ընտանիք կազմել: Յետոյ տղան կարմիր կօշիկ հագած Դրդոյին ասում է. «Արի՛գնանք, մէկ-երկու շաբաթ մնանք դաշտերում»: Կարմիր կօշիկ հին դարերում հագնում էին արքաները, ահա սասունցի երիտասարդն էլ իր սիրեցեալ Դրդոյին համարում է թագուհի եւ սիրավառ սրտով բողոքում է, թէ ինչու իրեն մէկ համբոյր չի տալիս Դրդոն. առանց դրա ինքն ինչպէ՞ս է դիմանալու: Այստեղ յիշենք նաեւ, որ թագւոր եւ թագուհի անուանում էին փեսային եւ հարսին։ Յետոյ սիրահար տղան երգում է, որ Դրդոյենց տան շուրջը մանր փշեր էին աճել: Ինչպէս դրանք էին իր ոտքերը ծակծկում այնտեղ շրջելիս, այնպէս էլ աղջկայ սէրն է իր սիրտը ծակծկում, բայց որքան այդ սէրն է անոյշ իր համար, այդքան էլ այդ փշերի ճանկռտելն է անոյշ:

Վերջում տղան առաջարկում է Դրդոյին միասին փախչել: Կարելի է ենթադրել, որ մի շարք խոչընդոտներ կան նրանց սիրոյ առջեւ, որոնք խանգարում են սիրահարներին միասին լինել: Գուցէ նրանցից մէկի կամ երկուսի ծնողներն էլ դէմ են երիտասարդների ամուսնութեանը: Եւ տղան Դրդոյին յայտնում է, որ Մուրադ գետի ջրերը դարձեալ բարձրացել են, ինքը, կռիւ տալով ալիքների հետ, աղջկան կ’անցկացնի միւս ափը, եւ կը փախչեն Մուշ քաղաքի կողմերը, ու կարծես ի միջի այլոց աւելացնում է, որ այդ ճանապարհին է գտնւում Սուրբ Կարապետ վանքը: Դրանով նա Դրդոյին, կարծես, առաջարկում է վանքում պսակուել, եւ եթէ ծնողները չեն տալիս իրենց օրհնութիւնը, Աստուծոյ օրհնութիւնն առնելով՝ կը շարունակեն ապրել միասին:

Ժողովրդի շրջանում կայ տեսակէտ, որ Դրդոյ անունն առաջացել է դարդ բառից, եւ տղան, իր սիրելիին այդ անունը տալով, պարզապէս ուզում է ցոյց տալ, թէ որքան մեծ է նրա պատճառած դարդը, հոգսը:

Երգը ներկայացուած է Ալեքսան Յարութիւնեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/01/2025, 07:32