Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Ամոլք հաւատոյ եւ պարծանք սուրբ եկեղեցւոյ» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (88)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք ԺԲ դարի հայոց կաթողիկոս Ներսէս Շնորհալու «Ամոլք հաւատոյ եւ պարծանք սուրբ եկեղեցւոյ» շարականը՝ նուիրուած Ընդհանրական եկեղեցու Դ դարի սիրուած սրբերից Յակոբ Մծբնեցուն: Սա Մծբնեցուն նուիրուած Շնորհալու «Յաղթող եւ Սուրբ Հայրապետ» կանոնի մէկ շարականն է (Տէր Յերկնից):

Յակոբ Մծբնեցին ծնուել է Գ դարում Հայկական Միջագետքի Մծբին քաղաքում: Ըստ աւանդութեան՝ եղել է Գրիգոր Լուսաւորչի հօրաքրոջ՝ Խոսրովուհու որդին: Ըստ վկայաբանութեան՝ Հայոց Խոսրով Ա Մեծ թագաւորի սպանութիւնից յետոյ, դայեակի ձեռքով տարուել է Կեսարիա, որտեղ եւ կրթուել է քրիստոնէական ոգով: Աւելի ուշ քոյրը նրան տանում է Պարսկաստան, որտեղ ապրում է արքունիքում: Պալատական ցոփ ու շուայտ կեանքը, սակայն, չի հետաքրքրում Յակոբին: Իր սրտի մէջ զգալով Աստուծոյ կանչը՝ նա նախընտրում է ճգնաւորական կեանքը: Ընտրելով մենակեացի կեանքը, Յակոբը բնակւում է անապատում, անտառներում, լեռների գագաթներին, գարնանն ու ամռանը բացօթեայ եւ միայն ձմռանն էր հաստատւում փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղաւորւում:

Մի օր Յակոբ Մծբնեցին մօտենում է Սաթիթմա գետին, որի մօտ գիւղացիներ էին աշխատում: Երբ երանելին նրանցից խնդրում է ցոյց տալ, թէ որտեղ է գետի հունը, եւ որտեղով կարելի է գետը անցնել, նրան, ծաղրելով, պատասխանում են. «Դու ճգնաւոր ես, ջրի վրայո՛վ անցիր»: Սուրբ Յակոբը, հանելով իր վերարկուն, գցում է ջրի վրայ եւ քայլելով անցնում գետը: Սա սրբի գործած առաջին հրաշքն էր:

Յակոբ Մծբնեցին պատմութեանը յայտնի առաջին մարդն է, որը փորձել է բարձրանալ Մասիս լեռան գագաթը: Եւ ահա, թէ ինչու. մի առիթով Սուրբ Յակոբը տեղեկանում է, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թէեւ դարձի են եկել, սակայն ծաղրում են ջրհեղեղի եւ Նոյեան տապանի մասին պատմութիւնը: Սուրբը որոշում է անձամբ բարձրանալ Արարատ լեռն ու տապանից մասունք բերելով՝ փարատել անհաւատների կասկածները: Յակոբ Մծբնեցին լանջերին յոգնում է եւ ննջում: Եւ, ըստ աւանդութեան, Աստուծոյ հրեշտակը նրա մօտ է դնում Նոյեան տապանից մի մասունք: Երբ արթնանում է, գոհութիւն է յայտնում ու փառք տալիս Աստծուն՝ այդ շնորհին արժանացնելու համար եւ վերադառնում Մծբին: Այստեղ կառուցւում է մի վանք, ուր զետեղւում է տապանի մասունքը: Սուրբ մասունքից ճառագայթող զօրութիւնից շատ հիւանդներ են բժշկւում, ովքեր փառաբանում ու օրհնում էին Աստծուն իրենց հանդէպ ցոյց տրուած ողորմութեան համար: Յետագայում Սուրբ Յակոբի անունով եկեղեցի է կառուցւում այն վայրում, որտեղ սուրբը հրեշտակից ստացել էր տապանի մասունքը: Դարերի խորքից եկած այս մասունքն այժմ պահւում է Սուրբ Էջմիածնում:

Երբ վախճանւում է Մծբինի եպիսկոպոսը, կարիք է զգացւում նոր հայրապետ ընտրելու: Եւ Մծբինում, մինչ եպիսկոպոսները խորհրդածում էին, թէ ով պիտի լինի յաջորդը եւ պատրաստւում էին ընտրութիւն կատարել, Աստուած տեսիլքի մէջ Մարուգէ ճգնաւորին յայտնում է, որ արժանի յաջորդը Սուրբ Յակոբն է: Նրան էլ ընտրում են եպիսկոպոս: Եպիսկոպոս ձեռնադրուելով՝ Սուրբ Յակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ: Սուրբ Յակոբը մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325 թ.): Եղել է Եփրեմ Ասորու ուսուցիչը:

Յակոբ Մծբնեցին վախճանուել է 350 թուականին Մծբինում: Նրանից մեզ հասել են աստուածաբանական եւ կր0նաբարոյախօսական ճառեր ու գրուածքներ: Յետագայում նրա գերեզմանի վրայ կառուցուել է եկեղեցի:

Ներսէս Շնորհալու այս շարականում հանդէս են գալիս Մծբին քաղաքի քրիստոնեաները, որոնք մասը կազմեցին Հայաստանեայց եկեղեցու: Եւ այս երկուսին շարականագիրն անուանում է «հաւատի լծակիցներ» եւ «սուրբ եկեղեցու պարծանք»: Յակոբ Մծբնեցին, որպէս Երկնաւոր հօտապետի՝ Քրիստոսի կողմից կարգուած «քաջընթաց»՝ այսինքն ճշմարիտ ուղիով ընթացող հովիւ, բազմեց առաքելական աթոռին: Յաջորդ հատուածում Մծբնեցին մեր առջեւ յառնում է որպէս լուսափայլ մարգարիտ, որի շողերը լուսաւորում են հեռաստաններն առանց սահմանի: Եւ վերջին տան մէջ շարականագիր Շնորհալին Յակոբ Մծբնեցուն անուանում է Աստուծոյ հողեղէն շառաւիղ, որը Տիրոջ մօտ մեր բարեխօսն է: Նա կենսաբեր Խօսքը՝ Յիսուսին փառաբանողն է, որով եւ մեզ համար դառնում է եկեղեցու պանծալի այրերից:

Շարականը ներկայացուած է Խորէն Պալեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/03/2025, 07:40