Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Երկրպագեմք Քեզ» շարականը։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (92)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Է դարի վերջին շարականագիր Բարսեղ Ճոնի «Երկրպագեմք Քեզ» շարականը։

Բարսեղ Ճոնի մասին տեղեկութիւնները խիստ սահմանափակ են: Յայտնի է, որ Է դարի երաժիշտ-տեսաբան է, երգահան, Շիրակի Դպրեվանքի (կամ Կարմիր վանքի) վանահայր: Վարդան պատմիչը հաղորդում է, որ նա ոչ միայն գրել է «Յարութեան Հարցերը», այլեւ Ներսէս Գ Շինող կաթողիկոսի յանձնարարութեամբ խմբագրել, կանոնաւորել է «Շարակնոցը», որը հետագայում յայտնի է դարձել «Ճոնընտիր» անուամբ: Սակայն մեր շարականագիտության մէջ Բարսեղ Ճոնը որպէս շարականագիր չի յիշատակւում: Չի ընդունուել նաև այն փաստը, որ նա Ներսէս կաթողիկոսի հանձնարարությամբ խմբագրել է «Շարակնոցը» և եղել է «Ճոնընտիր Շարակնոցի» հեղինակը:

Մովսէս Խորենացուն վերագրուող շարականները վերլուծելիս ուսումնասիրողները եկել են այն եզրակացութեան, որ «Յարութեան Հարցերը» նրա գրչին չեն պատկանում, այլ պատկանում են հենց Բարսեղ Ճոնին: Այդ շարականների ոճը, լեզուն, պատկերները և խօսքի գեղարուեստական միջոցները հաստատում են, որ դրանք ոչ թէ V, այլ VII դարի գործեր են, և հեղինակը հենց Բարսեղ Ճոնն է: Որո՞նք են այդ շարականները և ի՞նչ արժէք են ներկայացնում: Բարսեղ Ճոնը գրել է 24 «Հարց» (բառացի՝ Հայրերի), որոնք ունեն փառաբանական բնոյթ: Դրանցից հինգում տարբեր առիթներով փառաբանւում է Փրկիչը: Նրանց խօսքերում անգամ երկնային զօրքերն ու բնակիչները երկիւղածութեամբ են փառաբանում Արարչին, որը թողել է իր յաւիտենական անճառ փառքը, խոնարհուել, իջել է երկիր՝ կամաւոր խաչուելու և անարգուելու հրեաներից, որպէսզի իր մահուամբ նոր կեանք տա Ադամի ժամանակներից դատապարտուած մարդկութեանը: Այդ շարականներում Բարսեղ Ճոնը դիմում է նաև Արարչին, որ մեղապարտ մարդկութիւնն ազատելու համար Իր Որդուն ուղարկեց երկիր՝ ապրելու մարդկանց մէջ շուրջ երեսուն տարի, կամաւոր խաչուելու, մահանալու, դժոխքն ու խաւարը քանդելու և երեք օրից յարութիւն առնելու համար: Այդ ամենը կատարուել է «Հօր հաճութեամբ»: Փրկիչը ոչ միայն մարդացել է, այլեւ ծառայի դեր է կատարել մարդկութեան համար և այդ համեստութեամբ, մարդասիրութեամբ ու անձնուրացութեամբ Նա հասել է իր նպատակին:

Է դարում Բարսեղ Ճոնով աւարտւում են մեզ յայտնի շարականագիրները, և նրա խմբագրութեամբ «Շարակնոցն» ստանում է կանոնական, կայուն բովանդակութիւն:

Այս շարաականի գրաբար տեքստի ազատ թարգմանութեամբ՝ շարականի բովանդակութիւնը հետևեալն է. «Երկրպագում ենք Քեզ, Քրիստո՛ս, որ սուրբ առաքեալների ձեռքով մեզ յայտնեցիր մեր հայրերի Աստծու մասին: Օրհնեցե՛ք Տիրոջ բոլոր գործերը և առաւել բա՛րձր պահէք Նրան»:

Շարականը ներկայացուած է ՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ: Գեղարուեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/03/2025, 08:00