Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր .Արցախցի երգահան Գուրգեն Գաբրիելյանի «Խնեցե» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (102)
Ունկնդրէ հաղորդաշարը

 

Այսօր ներկայացնում ենք արցախցի երգահան Գուրգեն Գաբրիելյանի «Խնեցե» երգը, որը գրուած է աւանդական խնոցու աշխատանքային երգերի նմանութեամբ։

Գիւղացի կինը պատրաստւում է խնոցի հարել և կանչում է իր եղբօր երեխաներին՝ օգնելու, որպէսզի խնոցին կախեն առաստաղից և սկսեն աշխատել: Որ նա երեխաների հօրաքոյրն է, հասկանում ենք նրա «Մատաղ լինի ձեզ աքան» խօսքից, քանզի «աքա» Արցախի բարբառով նշանակում է հօրաքոյր: Թեպէտ և հնարաւոր է, որ նա գերդաստանի կանանցից մէկն է, և տարբեր հարազատների երեխաները նրան պարզապէս հօրաքոյր են կանչում:

 Յաջորդ տեսարանում նրանք արդեն գործի են դրել խնոցին և դրա երթ ու գալի ռիթմով երգում են, որ հրում են խնոցին՝ առանձնացնելով թանն ու կարագը, սակայն, ցաւօք, կարագը պէտք է տան պարտքի դիմաց, որ վերցրել էին հարևանից կամ համագիւղացի մէկից, իսկ իրենց ընտանիքին մնալու է միայն թանը, որով պէտք է տունը պահեն, իրենք սնուեն:

  Երգի յաջորդ հատուածում գեղջկուհին երգում է, որ սպասում են գարնան գալուն, երբ կսկսուեն անձրևային եղանակները, սար ու դաշտը խոտով կծածկուեն, և իրենց կովին կտանեն արածելու: Բացի դրանից, տանը շատ գործ կա անելու գարնանը, իսկ իրենք ձմռան պաշար չոր հացից յետոյ կկարողանան թարմ բանջարեղէնով ու մրգերով սնուել:

  Չդադարեցնելով աշխատանքը, կինը երեխաների հետ զրուցում է իրենց չարքաշ կեանքի դժուարութիւններու մասին, պատմում, որ իրենց ողջ ապրուստը կախուած էր միակ կովից, որին եկել գողացել են: Ամբողջ գերդաստանը մատնուել է ծայրայեղ  թշուառութեան, ընկել են մեծ պարտքերի տակ, և բոլորով այդ դարդից այնքան արցունք են թափել, որ մի մեծ ծով է գոյացել, որովհետև էլ ինչպէ՞ս ապրի խեղճ գիւղացին:

 Երգի բովանդակութիւնն արտայայտում է դարեր ի վեր արցախցու կրած դժուարութիւնները՝ մահմեդականներով շրջապատուած ապրելիս։

 Երգը ներկայացուած է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» անսամբլի կատարմամբ։ Մենակատարը Սեդա Ծատրյանն է։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/06/2025, 08:00