Հայկական ժողովրդական երգեր. «Ակնայ օրօր»ը
Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական օրօրոցային մի երգ՝ աւանդուած Ակնայ հայութիւնից:
1907-ին Կոմիտասը Փարիզում մշակում է այս «Օրօրը»՝ որպէս մեներգ՝ դաշնամուրի նուագակցութեամբ: Երեւում է՝ երգը գրաւել է անգամ օտարների ուշադրութիւնը, եւ Կոմիտասն աշխատել է նրանց ծանօթացնել իր կազմած Ակնայ երգերի ժողովածուի` «Շար Ակնա»-ի մի քանի այլ նմուշների եւս: «Ակնայ օրօրի» լեզուի հիմքում միջին հայերէնն է՝ մի քանի լեզուական աւելի նոր՝ Ակնայ բարբառի ուշ միջնադարեան ձեւերով, ու մի երկու օտար բառերով։ Դրանց ոտանաւորների ձեւն ընդհանրապէս հին է, հայրէնների չափի շատ շօշափելի մնացորդներով։
Երգում մայրը, իր նորածին մանկանը դիմելով, ասում է, որ նա շատ լաւն է, չունի ոչ մի վատ կողմ, եւ ինքը մտածում է, թէ ում բերի փոքրիկի մօտ, որ նրա նման կատարեալ լինի: Եւ որոշում է լուսնեակին բերի օրօրոցի մօտ, որը նոյնպէս, իրեն շրջապատող աստղերի հետ չունի ոչ մի վատ կողմ:
Յաջորդ քառատողում դարձեալ ջահել մայրը գովում է իր մանկանը, որն ամէն ինչով լաւն է, միայն մէկ վատ կողմ ունի՝ չի քնում, արթուն է մնում՝ ցերեկուայ աշխատանքից յոգնած մօրը նոյնպէս ստիպելով արթուն մնալ ողջ գիշերը:
Երգը ներկայացուած է Յասմիկ Յարութիւնեանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ