Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Մադմոնեդ մոնա՛» պարերգ

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (107)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ծանօթանանք Համշէնի հայութիւնից աւանդուած «Մադմոնեդ մոնա՛» պարերգին։

  Երգը մեր առջեւ բացում է մի այսպիսի գեղեցիկ տեսարան. երիտասարդ տղան յանկարծ նկատում է մի գեղեցիկ աղջկայ եւ հմայուած նրա տեսքով ու քայլուածքով՝ հարցնում է, թէ որտեղացի է նա: Չնայած առաջին անգամ է նա աղջկան տեսնում, բայց, կարծես, վաղուց է ճանաչում նրան: Նա իսկոյն աղջկան յայտնում է իր սիրահարութեան մասին՝ ասելով, որ ինքն անպայման ամուսնանալու է նրա հետ, միաժամանակ յորդորում  է, որ այս ու այնտեղ չխօսի այդ մասին: Բայց թող հանգիստ լինի, իլիկը մանի, մինչեւ ամէն ինչ իրենց ուզածով ընթանայ: 

  Այս երգի տարբերակներից մէկն ունի մի քառատող, որտեղ տղան մեղադրում է աղջկայ մօրը՝ իրենց յարաբերութիւնները խառնելու, միմեանց բաժանելու մէջ, որին յաջորդող կրկներգն արդէն այլ երանգ է ստանում, կարծես ասում է. «Մօրդ լսելով՝ ինձնից հեռացար, դէ հիմա նստի՛ր ու իլի՛կդ մանիր»:

 Իսկ երգի այն տարբերակում, որը ներկայացուած է այստեղ, յաջորդ քառատողը, կարծես, լրացնում է այստեղ բացակայող այդ քառատողի միտքը. տղան, հիանալով շիկահեր աղջկայ գեղեցկութեամբ, ասում է. «Դռանդ առաջ, այդպէս իլիկ մանելով, այնքան նստած մնա, մինչեւ բու դառնաս, ու ձեռագործդ հիւսիր, մինչեւ փախցնեմ քեզ»: Ինչպէս երեւում է, իր կրած տառապանքների դիմաց տղան կամենում է, որ սպասումի մէջ աղջիկը եւս փոքր-ինչ տառապի:

  Վերջին քառատողում տղան յայտնում է, որ իրենց հողամասում դեռ քաղհան ունի անելու, ու բաւականին բերք պիտի ստանայ: Նկատի ունի այն, որ այդ աշխատանքն աւարտելուց յետոյ արդէն պատրաստ կը լինի ընտանիք կազմելու, որովհետեւ հին ժամանակներում ընդունուած էր հարսանիքներն անել աշնանը՝ դաշտ ու հանդում աշխատանքներն աւարտելուց եւ բերքը մառաններում ու ամբարներում տեղաւորելուց յետոյ: Նա խոստանում է, որ աղջկան առնելու դէպքում ինքը երեսուն ոչխար մատաղ կ’անի, ինչը ցոյց է տալիս, թէ որքան մեծ է նրա հետ ամուսնանալու փափագը
Պարերգը ներկայացուած է «Նորայր Քարտաշեան եւ Վան» նախագծի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/07/2025, 07:30