Մատենադարանում են հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչները
Արդեն երկրորդ անգամ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի է ունենում հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների և ՀՀ պետական մարմինների ղեկավարների հանդիպումը։ Ինչպէս 2024 թ.-ին, այնպէս էլ այս տարի հանդիպման օրակարգում էին հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ գործնական կապերի խորացումը, պետական աջակցութեան ուղղութիւնների և ձևաչափերի որոշումը։
Քննարկմանը մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տէր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Մայրավանքի Փոխմեծաւոր,մատենադարանի և թանգարանի տնօրէն Հայր Նարեկ վրդ. Լուիսեանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքութեան Սբ. Թէոդորոս ձեռագրատան ու Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի տնօրէն Հոգեշնորհ Տէր Արշակ աբեղայ Ղազարեանը, Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան ձեռագրերի պատասխանատու Հոգեշնորհ Տէր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանը, Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան գիտաշխատող և փոխ գրադարանապետ Հոգեշնորհ Հ. Վահան ծ. վրդ. Յովակիմեանը, ինչպէս նաև Մշակութային արժէքների փորձագիտական կենտրոնի տնօրէն Եսթեր Աբրահամեանը և ՀՀ ՊԵԿ վարչարարութեան, մեթոդաբանութեան և ընթացակարգերի վարչութեան պետի տեղակալ Լիլիթ Մովսիսեանը։
Ելնելով այն հանգամանքից, որ ակտիվանալու է համագործակցութիւնը կենտրոնների ձեռագրերի վերականգնման և համատեղ ցուցադրութիւնների ոլորտում, Մատենադարանի տնօրինութեան նախաձեռնութեամբ տրուել են համակողմանի պարզաբանումներ գրաւոր կոթողների տեղաշարժների ընթացակարգերի վերաբերեալ։
Յիշեցնենք, որ նախորդ տարուայ քննարկման արդիւնքներով մեկնարկել են ձեռագրերի թուայնացման աջակցութեան, հաստատուել են համատեղ ցուցադրութիւնների ծրագրերը։
Աղբիւրը` Մատենադարան
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ