Ստեփանակերտէն անհետացած են բոլոր 25 արձանները եւ կիսանդրիները
15 Յուլիսի դրութեամբ՝ Արցախի մայրաքաղաքէն անհետացած են բոլոր 25 արձանները եւ կիսանդրիները, որոնք կանգնեցուած էին նշանաւոր անձերու յիշատակին, ու տասնամեակներով կը ձեւաւորէին քաղաքի մշակութային դիմագիծը: Այս մասին Արցախի Մշակութային եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւնը կը գրէ հետեւեալը.
«Այս փաստը հաստատուել է Google Earth-ի արբանեակային լուսանկարների վերլուծութեամբ եւ ադրբեջանական սոցիալական (ընկերային) ցանցերում տեղադրուած հրապարակումներով: Քաղաքի տարածքից ջնջուած են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ- մարշալ Յովհաննէս Բաղրամեան, ծովակալ Յովհաննէս (Իւան) Իսակով, օդաչու- Նելսոն Ստեփանեան: Մշակոյթի գործիչներ Հենրիխ Բարխուդարեան, Յովհաննէս Թումանեան, Խաչատուր Աբովեան, Վաղրամ Պապազեան, Շապլ Ազնաւուր, Յովհաննէս Այվազովսկի, իրաւապաշտպան Անդրեյ Սախարով, (Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու ճակատագիրը դեռ ճշտման փուլում է): Ազատագրական շարժման մասնակիցներ եւ հայրենիքի պաշտպաններ Աշոտ Ղուլեան (Բեկոր), Քրիստափոր Իւանեան, Անատոլի Զինեւիչ, Եուրի Պողոսեան: Բոլշեւիկեան Յեղափոխական գործիչներ- Ստեփան Շահումեան, Ալեքսանդր Մեասնիկեան, Ալեքսանդր Ծատուրեան: Տեղահանուած քանդակների ճակատագիրը պաշտօնապէս յայտնի չէ, սակայն, հաշուի առնելով ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման շարունակական պրակտիկան, բարձր հաւանականութեամբ կարելի է ենթադրել դրանց լիակատար ոչնչացումը: Այս յուշարձանների արժէքը պայմանաւորուած էր ոչ միայն նրանց պատմա-մշակութային նշանակութեամբ, այլեւ հեղինակութեամբ? դրանց հեղինակների թւում կային թէ՛ հանրայայտ հայ վարպետներ, թէ՛ միջազգային ճանաչում ունեցող արտասահմանեան քանդակագործներ, այդ թւում ռուս յայտնի հեղինակներ Սալաւաթ Շչերբակովը եւ Գրիգորի Պոտոցկին, որոնք Այուազովսկու եւ Սախարովի արձանների հեղինակներն էին: Լուսանկարում Ստեփանակերտի առաջին տապալուած արձանն է՝ Ստեփան Շահումեան, որի անունով աւելի քան հարիւր տարի առաջ անուանակոչուել է Արցախի Հանրապետութեան մայրաքաղաքը»:
Աղբիւրը` Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ