Որոնել

Արցախի Ազգային Ժողովի պալատը քանդուած Արցախի Ազգային Ժողովի պալատը քանդուած 

Արցախի Ազգային Ժողովը տեղահանուած արցախահայութեան անունով դիմած Է ԵԱՀԿ-ի մասնակից պետութիւններուն

Ամենայն յարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետութիւններին իրականացնել իրենց լիազօրութիւնները, այդ թւում` անհրաժեշտութեան դէպքում վեթոյի իրաւունքը, Մինսքի խմբի լուծարումը կանխելու համար, մինչեւ չստեղծուեն ամուր երաշխիքներ` Լեռնային Ղարաբաղի տեղահանուած հայ բնակչութեան անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն ապահովելու համար:

Արցախի Ազգային ժողովը տեղահանուած ժողովուրդի անունով դիմած է ԵԱՀԿ-ի մասնակից պետութիւններուն: Դիմումին մէջ մասնաւորապէս նշուած է.

«Լեռնային Ղարաբաղի 150.000 հայերի` տղամարդկանց, կանանց եւ երեխաների անունից, որոնք բռնի տեղահանուել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով եւ մտահոգութեամբ դիմում ենք Ձեզ` Հայաստանի եւ Ազրպէյճանի կողմից վերջերս ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի լիազօրութիւնը դադրեցնելու միակողմանի խնդրանքի հարցով:

Տասնամեակներ շարունակ Մինսքի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միջազգային լիազօրութիւն ունեցող միակ հարթակը: Այս մեքանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրուած ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծուել է, նշանակում է անտեսել մեր ձայնը եւ մերժել մեր դերը գործընթացում:

Ամենայն յարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետութիւններին իրականացնել իրենց լիազօրութիւնները, այդ թւում` անհրաժեշտութեան դէպքում վեթոյի իրաւունքը, Մինսքի խմբի լուծարումը կանխելու համար, մինչեւ չստեղծուեն ամուր երաշխիքներ` Լեռնային Ղարաբաղի տեղահանուած հայ բնակչութեան անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն ապահովելու համար:

Այս իրաւունքը ամրագրուած է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 13(2) յօդուածում, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) յօդուածում եւ վերահաստատուել է Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի որոշմամբ:

Ցանկացած այլընտրանքային կարգաւորում պէտք է ապահովի հետեւեալ հիմնարար սկզբունքները`

– Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի ապահովում:

– Երկխօսութեան եւ բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացւում են Մինսքի խմբի կողմից:

– Մեր ներկայացուցիչների լիարժէք ներգրաւուածութիւնը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մէջ:

Հակամարտութիւնը չի կարող լուծուած համարուել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արուած, զրկուած իր անօտարելի իրաւունքներից:

ԵԱՀԿ Մինսքի խմբի լուծարումը հակասում է ինչպէս Մինսքի խմբի լիազօրութեան` հաստատուած 1995 թուականի մարտի 23-ին, այնպէս էլ 1994 թուականի ԵԱՀԿ-ի Պուտափեշթի գագաթաժողովի Փաստաթղթին:

Մեր տեղահանութիւնը ո՛չ կամաւոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի եւ ռազմական յարձակման հետեւանք էր, գործողութիւններ, որոնք միջազգային հանրութեան կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցէագրուել:

Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան յանձնառութիւնը խաղաղ, բանակցուած կարգաւորմանը, որը կ՛ապահովի անվտանգութիւն, ինքնորոշում եւ համակեցութիւն: Միջազգային ներգրաւուածութեան վերջին հետքը վերացնելը` առանց հաւաստի եւ ներառական այլընտրանքի, արմատաւորելու է անարդարութիւնը եւ խաղաղութիւնը դարձնելու աւելի անհասանելի:

Ազրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացուած ցեղային զտման հետեւանքը օրինականացնելու եւ նման կերպով տագնապը հանգուցալուծուած համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արիւնոտ հետք է թողնելու ԵԱՀԿ-ի պատմութեան, հեղինակութեան եւ սկզբունքայնութեան վրայ:

Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ-ի հիմնադիր սկզբունքներին եւ միջազգային իրաւունքի պարտաւորութիւններին համապատասխան:

Մենք շարունակում ենք պատրաստակամ լինել կառուցողականօրէն համագործակցել ԵԱՀԿ-ի եւ անդամ պետութիւնների հետ` արդար եւ կայուն լուծում գտնելու եւ մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ եւ արժանապատիւ վերադարձը հայրենիք ապահովելու համար:

Մեր ապագան եւ մեր գոյատեւումը կախուած է Ձեր այսօրուայ գործողութիւններից:

Աղբիւրը՝ Ազդակ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/08/2025, 08:00