Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր «Ուստի՞ կու գաս» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (110)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ձեզ ներկայացնում ենք Ակնայ հայութիւնից աւանդուած ժողովրդական մի երգ, որը կոչւում է «Ուստի՞ կու գաս» եւ ունի իր մի քանի տարբերակները՝ տարածուած Խարբերդում, Երզնկայում եւ հարակից այլ բնակավայրերում։ Այս մէկը գրի է առել Կոմիտասը՝ ընդգրկելով իր «Շար Ակնայ» ժողովածուի մէջ։

 Հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր Դանիէլ Երաժիշտն ասում է․ Սա ես համարում եմ հանճարեղ երգ: Ակնն առհասարակ հարուստ աւանդոյթներով, Եփրատի ափին, դրախտի կենտրոնում գտնուող մի հայաշատ բնակավայր էր: Սիրոյ երգ է սա, որտեղ տեսնում ենք անուշիկ, ժողովրդական երգերի մէջ հանդիպող կերպարներ ու պատկերներ»: 

 Երգում երիտասարդ տղայի առջեւ յանկարծ երեւում է մի աննկարագրելի գեղեցիկ աղջիկ, որ գալիս է դէպի այգին: Երիտասարդ տղան, ապշանքից՝ բերանը բաց, հազիւ ուշքի գալով, կարծես թոթովելով, հարցնում է, թե որտեղի՞ց եկաւ այս աղջիկը: Ապա տեսնելով, որ նրա գոգնոցի մէջ խաղողի ողկոյզներ են լցուած, խնդրում է մէկն իրեն տալ: Բայց ո՛չ․ խաղողը չի կարող իր՝ հենց նոր կրակուած սիրտը հանգստացնել, տղան խնդրում է նաեւ մէկ համբոյր տալ՝ օրհնելով նրա մօր հոգին, որ այսպիսի աստուածային, հրեշտակի նմանուող էակի է լոյս աշխարհ բերել: Եւ խոստովանում է տղան, որ թէպէտ հենց նոր տեսաւ աղջկան, բայց արդէն սիրում է նրան:

 Յաջորդ պահին տղան ինքնամոռաց դիտում է աղջկայ յուշիկ քայլերը: Նրա ոտքը փուշ է մտել, եւ քայլերը շատ զգոյշ է դնում: Կարծես տեսնում ենք աղջկայ ճերմակ ոտնաթաթերը, որոնք հազիւ երեւում են փէշի տակից:

 Ապա տղայի հետ, նրա հայեացքով մի նոր պատկեր ենք տեսնում․ աղջիկը ծունկի է եկել առուի ափին եւ լուացք է անում՝ ձեռքերի հեզիկ շարժումներով տրորելով կողովով բերած զգեստները։

 Այս երգը ներկայացնում ենք «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմէնուհի Սեյրանեան։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

31/08/2025, 07:50