Խորանի սպասաւորներու վերապատրաստութեան դասընթացք
Սոյն թուականի օգոստոսի 22-24-ին Նիդերլանդների Խելդերլանդ նահանգում գտնուող Տոմինիքեան վանքում, Արևմտեան Եւրոպայում Հայրապետական Պատուիրակ Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի օրհնութեամբ և նախաձեռնութեամբ, անցկացուեցին Հոլանդիայի և Ղելկիայի ֆլամանդախօս շրջանի ծխական համայնքների խորանի սպասաւորների վերապատրաստման դասընթացներ։ Տարբեր համայնքներից մէկ յարկի տակ հաւաքուել էին 32 եկեղեցասէր երիտասարդներ։
Դասընթացները վարեցին յատուկ այդ նպատակով Նիդերլանդներ ժամանած՝ ԱՄՆ Արևմտեան թեմում գործող Սուրբ Ներսէս Ընծայարանի տեսուչ Արժանապատիւ Տէր Մարտիրոս քահանայ Չևյանը և Բարեշնորհ Ալեքս սարկաւագ Չալիկեանը։ Կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցութիւնը բերեցին նաև Արժանապատիւ Տէր Տարոն քահանայ Թադևոսեանը և Բարեշնորհ Գրիգոր սարկաւագ Այվազեանը։
Եռօրեայ հանդիպումը ոչ միայն ուսումնական առումով կարևորեց երիտասարդ սարկաւագների, ուրարակիրների և դպիրների գիտելիքները, այլեւ դարձաւ լաւ առիթ՝ ծանօթանալու, մտերմանալու և համայնքայնօրէն զօրանալու։ Վստահաբար թէ՛ ձեռք բերած նոր գիտելիքները, թէ՛ նրանց միջև հաստատուած ամուր կապը պիտի նպաստեն Հոլանդիայի և Պելկիայի հայ եկեղեցական համայնքների շէնացմանը։
Հանդիպումն աւարտուեց Սուրբ և Անմահ Պատարագով, որը մատուցեց Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը։
Իր պատգամում նա նշեց.․
«Մեր հայրերը ամենուր եկեղեցիներ են կառուցել, և դա երաշխիք է հանդիսացել իրենց քրիստոնէական ինքնութեան շարունակականութեան համար։ Քրիստոնէական հաւատքը նրանց համար շատ կարևոր էր։ Գիտէք նաև, որ առաջին միսիոներներից մէկը, ով 4-րդ դարում Հոլանդիա է բերել քրիստոնէութիւնը, հայ էր՝ Սուրբ Սերվատիոսը, Մաստրիխտ քաղաքի Սուրբը։»
Սրբազան Հայրը կարևորեց մեր հայրերի գործի շարունակականութիւնը՝ ընդգծելով, որ դրա ապահովման համար նախ և առաջ անհրաժեշտ է միասնականութիւն և Սուրբ Եկեղեցուն նուիրուած ծառայասիրութիւն։
Նա յաւելեց․
«Այսօր պատարագի ընթացքում, երբ ժամանակը հասաւ «ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան…» և ապա երգեցինք «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ… եկեղեցիս մի անձ եղեւ…», ես զգացի, որ ձեր մէջ իրական եղբայրութիւն և միասնութիւն է հաստատուած»։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ