Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Ձայն տուր, ով ծովակ» երգը,

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (115)
Ունկնդրէ հաղորդաշարը

Սիրելիներ, այսօր ձեզ ներկայացնում ենք «Ձայն տուր, ով ծովակ» երգը, որի խօսքերի հեղինակն է վիպասան Րաֆֆին, իսկ երաժշտութեանը՝ Կոմիտասը։

Կոմիտասի ձեռագրում նշուած է. «Նուէր շնորհալի օրիորդ Մարգարիտ Բաբայեանին. Կոմիտաս վարդապետ. Ս. Էջմիածին, 1901, նոյեմբեր 12»: Ինչպէս նշում է Ռոբերտ Աթայեանը իր կազմած «Կոմիտաս. երկերի ժողովածուի 4-րդ հատորում, դաշնակահարուհի եւ երգչուհի Մարգարիտ Բաբայեանն այդ ժամանակ դասաւանդում էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում:

Այս երգ-ռոմանսը ստեղծուած է Րաֆֆիի «Աղթամարայ վանքը» ճանապարհագրական աշխատութեան վերջաբանի 2-րդ հատուածի խօսքերով: Հայոց ազգային ազատագրութեան եւ վերազարթօնքի գաղափարն արտայայտող այդ չափածոյ վերջաբանը բաղկացած է երեք հատուածից. առաջինը նժդեհ պատանու դիմումն է լուսնակին, երկրորդը՝ ծովակին, երրորդը՝ հայոց մուզային:

Յայտնի է, որ ժողովրդականութիւն վայելող այս երգ-ռոմանսը Կոմիտասը երբեմն մեներգել է իր համերգներում եւ ինքն էլ նուագակցել:

Աստանդական պատանին, տանջուելով ծանր ապրումներից, ցանկանում է իր հոգեվիճակին համահունչ տեսնել ծովակին, որի խաղաղութիւնն ամբողջովին հակապատկերն է իր ներքին խռովքի: Եւ դիմում է զեփիւռներին, որ իր սիրտը կեղեքող վշտերի պէս ալեկոծեն ծովակն ու նրա ջրերին խառնեն իր արտասուքը:

Պատանին ուզում է հայոց այս ծովակից իմանալ, թէ արդեօք Հայաստանի վիճակը միշտ այսպէս երերուն է եղել՝ մե՛րթ նման բուրաստանի, մե՛րթ՝ փշալից անապատի: Մի՞թէ իր ազգը միշտ պիտի օտարին ծառայ լինի եւ անարժան՝ նստելու Աստուծոյ աթոռի մօտ: Այստեղ Րաֆֆին հայ ազգի կրած դառնութիւններն ու տանջանքները, կարծես, համեմատում է Քրիստոսի չարչարանքների հետ, որով նա պէտք է արժանի լիներ Աստուծոյ գահին մօտ լինելու:

Եւ ապա աստանդական պատանին յայտնում է իր փափագը. Մասսի գագաթին, որպէս մի փարոս, ծածանուէր մի դրօշակ, դէպի որը շտապէին աշխարհասփիւռ հայութեան զաւակները, համախմբուէին մայր հողի սրտում վեր խոյացող սրբազան լեռան շուրջը եւ աստուածային լոյսով ու գիտութեամբ ծաղկեցնէին հայրենի երկիրը:

Երգը ներկայացուած է Սուսաննա Սաֆարեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/09/2025, 07:45