Կարմիր Խաչը պիտի շարունակէ Ատրպէյճանի հետ համագործակցիլ՝ աջակցելու համար մարդասիրական իրաւունքով հովանաւորուող անձերու
Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան Լրատուութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնը, պատասխանելով «Նիուզ»ի՝ գերիներու հարցով եւ յատկապէս Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) գործունէութիւնը Ատրպէյճանի մէջ կասեցնելու վերաբերող հարցումներու՝ յայտնեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան պաշտօնատարներու հետ հանդիպումներուն ընթացքին յայտնեցին, որ իրենք պիտի շարունակեն համագործակցիլ Ատրպէյճանի հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրաւունքով հովանաւորուող անձերու։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սեպտեմբերէն սկսեալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն պիտի դադրեցնէ իր գործունէութիւնը Ատրպէյճանի մէջ՝ տեղւոյն իշխանութիւններուն պահանջով, եւ որ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներու նախաստորագրած՝ Խաղաղութեան պայմանագիրի բնագիրին մէջ գերիներու վերադարձին մասին կէտ չկայ, «Նիուզ»ը արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանին ուղղեց հետեւեալ հարցումները.
«1. Ստեղծուած իրավիճակում քայլեր ձեռնարկւո՞ւմ են Բաքւում պահուող հայ գերիներին առնուազն ֆիզիքական խոշտանգումներից պաշտպանելու համար:
«2. ԿԽՄԿ ներկայացուցիչները յայտնել էին, որ վերջին անգամ հայ գերիներին այցելել են Յունիսին: Ձեր ղեկավարած կառոյցը հետաքրքրուե՞լ է, թէ ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի դադարեցումից յետոյ ինչ վիճակում են հայ գերիները, այդ ընթացքում նրանց յաջողուե՞լ է կապ հաստատել ընտանիքների հետ: Կա՞յ ինչ-որ այլ կառոյց, որը կարող է նրանց ծանրոցներ փոխանցել:
«3. Որպէս Խաղաղութեան համաձայնագիրը նախաստորագրած պաշտօնեայ՝ հաւատո՞ւմ էք, որ խաղաղութեան ձգտումը անկեղծ է, եթէ մի երկիրը շարունակում է պահել միւս երկրի գերիներին, ընդ որում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք անհատապէս գերիների կատարած յանցանքների մասին չեն, այլ՝ Հայաստանի Հանրապետութեան «յանցանքների», ինչպէս ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել»։
Արտաքին գործոց նախարարութիւնը «Նիուզ»ին յստակ հարցումներուն տուաւ հետեւեալ ընդհանուր պատասխանը.
«Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդառուած քաղաքացիների խնդրի հասցէագրումը, այդ թւում՝ նրանց առողջական վիճակի հետ կապուած հարցերը շարունակում են գտնուել Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի (ՀՀ ԱԳ) նախարարութեան ուշադրութեան կենտրոնում՝ պարբերաբար բարձրացուելով միջազգային գործընկերների հետ հանդիպումներում թէ՛ երկկողմ, թէ՛ բազմակողմ հարթակներում։
«ՀՀ ԱԳ նախարարութիւնը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերիների, անյայտ կորած եւ բռնի անհետացած անձանց հարազատների, ինչպէս նաեւ միջազգային մի շարք կառոյցների, այդ թւում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի պատուիրակութեան հետ։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապէս բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը։ Հարցին անդրադարձ է կատարուել նաեւ ս. թ. Օգոստոսի 27ին Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի շրջանակներում, որը հասանելի է հետեւեալ յղումով։
«ԿԽՄԿ ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար (մարդասիրական) իրաւունքով հովանաւորուող անձանց։ «Խաղաղութեան համաձայնագրի» նախաստորագրումը եւ հետագայում ստորագրումը նպաստաւոր միջավայր կը ստեղծի հումանիտար խնդիրների առաւել արդիւնաւէտ հասցէագրման համար»։
«Յիշեցնենք, որ Ադրբեջանում պաշտօնապէս հաստատուած 23 հայ գերի կայ, որոնց մի մասը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարութեան անդամներն են։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գործունէութեան դադարեցումը լիակատար մեկուսացման մէջ է թողել հայ գերիներին, քանի որ այն միջազգային միակ կառոյցն էր, որը հնարաւորութիւն ունէր ժամանակ առ ժամանակ այցելելու Բաքուի բանտում պահուող հայ գերիներին եւ տեղեկատուութիւն փոխանցելու նրանց ընտանիքներին»։
Աղբիւրը՝ Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ