Ֆրանսացի 31 պատգամաւորներ կոչ կ՛ուղղեն՝ հայ գերիները ազատ արձակելու
Ֆրանսացի 31 ծերակուտականներ եւ պատգամաւորներ Արցախի ժողովուրդին բռնի տեղահանութեան տարելիցին առիթով հրապարակեցին կոչ-յայտարարութիւն մը՝ ընդգծելով ցեղային զտում իրականացնողները պատասխանատուութեան ենթարկելու, Արցախի ժողովուրդին վերադարձի, գերիները ազատ արձակելու եւ այլ քայլերու անհրաժեշտութիւնը, յայտարարեց «Արցախ միութիւն»ը:
Ստորեւ՝ Ֆրանսացի պատգամաւորներուն՝ արեւելահայերէնի թարգմանուած յայտարարութիւնը.
«2023 թ. Սեպտեմբերի 19ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողութիւններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչութեան դէմ` վերջ դնելով այս հողում հայերի բազմադարեայ ներկայութեանը: Յարձակումը տեղի ունեցաւ այն պահին, երբ միջազգային հանրութիւնը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆն եւ Ռուսաստանը, յանձն էր առել հակամարտութիւնը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով` հաշուի առնելով սեփական ապագան ինքնուրոյն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքը: Չնայած այդ յանձնառութեանը` Բաքուն ընտրեց պատերազմի ուղին:
«Մի քանի օրուայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120.000 հայերը` երկրի ողջ բնակչութիւնը, հարկադրուած եղան արտագաղթել Հայաստան: Այս զանգուածային տեղահանմանը նախորդել էր իննամսեայ շրջափակումը, որի նպատակը հայ բնակչութեան կեանքն անհնար դարձնելն էր` ստիպելով նրանց վերջնականապէս լքել իրենց տները: Իրականում շրջափակումը էթնիկ (ցեղային) զտման քաղաքականութեան ծրագրաւորուած մի փուլ էր, որի հետեւանքը եղաւ հայ բնակչութեան լիակատար արտաքսումը:
«Հարկ է յիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ձեւաւորուել է 1991 թուականին` Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, տեղի բնակչութեան կողմից կազմակերպուած ժողովրդավարական հանրաքուէի արդիւնքում` ինքնորոշման իրաւունքի սկզբունքի համաձայն:
«Ներկայումս, երկու տարի անց, բռնի տեղահանուածների մեծ մասը շարունակում է ապրել անորոշութեան եւ աղքատութեան մէջ: Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգութիւնը ենթարկւում է ոչնչացման կամ խեղաթիւրման: Հայ գերիները, այդ թւում` Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտօնեաները, շարունակում են պահուել Բաքուի բանտերում ` առանց արդար դատավարութեան երաշխիքների: Բաքուի ռեժիմը (վարչակարգը) անպատժելիօրէն շարունակում է իր քաղաքականութիւնը` տարածաշրջանից ջնջելով հայկական իւրաքանչիւր հետք:
«Մենք` ֆրանսիացի խորհրդարանականներս, կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարութեանը եւ եւրոպական կազմակերպութիւններին` չտրուել դիւանագիտական անտարբերութեան: Մենք վերահաստատում ենք հետեւեալ սկզբունքները`
«1. Լաչինի միջանցքի շրջափակման, 2023 թ․ Սեպտեմբերի 19ի յարձակման եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի շարունակական խախտումների յստակ ու միանշանակ դատապարտում,
«2. Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահուող բոլոր հայ գերիների, այդ թւում` Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անյապաղ ազատ արձակում,
«3. Միջազգային հարթակի ստեղծում` Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգութեան եւ հիմնարար իրաւունքների երաշխաւորման պայմանները գնահատելու համար,
«4. Լեռնային Ղարաբաղի տեղահանուած բնակչութեան անօտարելի իրաւունքի վերահաստատում` ապահով, արժանապատիւ եւ անխոչընդոտ վերադարձ իրենց տներ` համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնաւորապէս` 2023 թ. Նոյեմբերի 17ի,
«5. Հասցէական եւրոպական պատժամիջոցնէր` պատերազմի յանցագործութիւնների, մարդու իրաւունքների խախտումների եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ գործողութիւնների պատասխանատուների նկատմամբ,
«6. Միջազգային հետաքննութիւնների աջակցում` Լեռնային Ղարաբաղում կատարուած խախտումները փաստագրելու եւ, Հռոմի Ստատուտի 14րդ յօդուածի համաձայն, Դատական վարոյթներ մեկնարկելու համար,
«7. Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում` հումանիտար (մարդասիրական), անվտանգութեան եւ մշակութային համագործակցութեան ոլորտներում:
«Այս տխուր տարելիցի կապակցութեամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ: Նրանց վերադարձի իրաւունքը պէտք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում: Եւրոպական միութիւնը չի կարող իր արժէքները պաշտպանել փոփոխական չափանիշներով. արդարութիւնն ու մարդու իրաւունքները պէտք է լինեն համընդհանուր, այդ թւում` Հարաւային Կովկասում»:
Աղբիւրը` Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ