Հայկական ժողովրդական երգեր . «Եայլի բոլոր կանաչ է» երգը
Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Եայլի բոլոր կանաչ է» երգը, որի երկու հիմնատողերին սովորաբար կցւում են մէկ կամ աւելի տողերից բաղկացած թափառիկ խաղիկներ՝ որպէս կրկնակ։ Խաղիկները նրանք են, որոնք չունեն հիմնական մեղեդի եւ հանդիպում է ամենատարբեր երգերում։
Այստեղ տեսնում ենք սիրահար տղային, որի սիրտն անհանգիստ է, եւ նա գնացել է թափառելու սարերում։ Բանն այն է, որ ուրիշի հետ են ամուսնացնում իր սիրած աղջկան՝ Մարոյին, եւ այդ հարսանեաց արարողութեան, ուրախ երգի ու պարի տեսարանը տառապանք են պատճառում իր սրտին։ Ուստի նա հեռացել է գիւղից, որպէսզի չտեսնի այդ ամէնը։ Եւ, մտքում խօսելով Մարոյի հետ, տղան բողոքում է, որ նա չի տեսնում, թէ ինչպէս տանջւում է ինքը։
Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Գանձեր» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Գագիկ Շիրինեան, գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։
Ձայնագրութեան մէջ «Եայլի բոլոր կանաչ է» երգին յաջորդում է «Կաքաւ թռում» պարերգը․ այս երկուսն էլ ընդգրկուած են Արշակ Բրուտեանի «Ռամկական մրմունջներ» ժողովածուի մէջ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ