Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Էրկնքի թռչուն ըլլայի» եւ «Էրկինքէն իջաւ ջայլախը» երգերը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (121)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Բիւթանիայի հայութիւնից աւանդուած «Էրկնքի թռչուն ըլլայի» եւ «Էրկինքէն իջաւ ջայլախը» երգերը, որոնք Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանը գրի է առել Օվաջըք գիւղի բնակիչ դոկտոր Մ․ Կարագէոզեանից եւ ընդգրկել իր «Հայրենի երգ ու բան» գրքի առաջին հատորում։

Օվաջըքի մասին Թումաճանը տալիս է հետեւեալ տեղեկութիւնները՝ քաղելով Մինաս Գասպարեանի (Ֆահրատ) «Հայերը Նիկոմեդիոյ գաւառին մէջ» աշխատութիւնից․ սա Նիկոմեդիայի գաւառի գիւղերից է, որը հիմնադրուել է 1695 թուականին՝ Ակնից ու Կարինից գաղթած հայերի կողմից։ Հիմնադիրները պէտք է որ ջելալիներից փախստական ակնեցիներ լինեն, ինչպէս ապացուցում է իրենց բարբառը եւս։ Յետոյ Կարինի կողմից մի խոշոր գաղթականութեամբ աճել են։ Այս մասին գիւղի խմորատիպ թերթի մեջ («Քնարիկ») պատմական տեղեկութիւններ են տրուած, ինչպէս գրում է Մինաս Գասպարեանը, բայց ինքը չի տեսել այդ թերթիկը։ Նախապէս բնակակից են եղել թրքացած յոյների հետ, սակայն սրանք ֆրանկախտ հիւանդութեան պատճառով ոչնչացել են եւ այդ վայրերին (ամբողջովին) տէր են դարձել հայերը։

Առաջին երգը՝ «Էրկինքի թռչուն ըլլայի», սիրոյ եւ կարօտի երգ է։ Այն Թումաճանը գրի է առել երեք տարբերակով, որոնցից առաջինը, հաւանաբար, միջնադարի խորքից է գալիս։ Դա հասկացւում է բարբառի մէջ չգործածուած միջնադարեան գրական լեզուի բառերի շատութիւնից։ Իսկ միւս երկուսը, թւում է, թէ աշխարհաբար լեզուի ազդեցութիւնը պիտի կրած լինեն։

«Երգող դոկտոր Կարագէոզեանը, - գրում է Թումաճանը, - բարձրագոյն կրթութիւն եւ ակնաբոյժի մասնագիտութիւն ստացած ու գրական ճաշակ ունեցող մտաւորական դէմք էր։ Նոյն այս՝ այլապէս գովելի յատկութիւնները, սակայն, անզգալաբար ազդած պիտի լինէին իր գիւղի բարբառի անաղարտութիւնը յիշելու մէջ։

Այդպիսի դժուարութիւնների յաճախ ենք հանդիպել մեր տեքստերի հաւաքման ընթացքում, որովհետեւ սերունդը, որից քաղել ենք, բոլորովին անգրագէտ չէր, այլ գրական լեզուով խօսում ու կարդում էր։ Թէեւ մեծ ճիգ էին թափում իրենց բարբառի նրբութիւնները վերյիշելու եւ գրական լեզուի հետ չշփոթելու համար։

Երաժշտապէս էլ նոյն դրական եւ բացասական կողմերը նկատելի էին։ Մեր աշխատանքի տեսանկիւնից դիտելով, բացասական ենք համարում իր (դոկտոր Կարագէոզեանի) լայն ծանօթութիւնը հայկական ընթացիկ երաժշտութեան, նաեւ արեւելեան երաժշտութեան։ Սակայն, այս երեք զօրաւոր հոսանքների ազդեցութեան տակ եղող մէկը, երբ ձգտում է իր գիւղի մանկական յիշատակները վերաքաղ անել, չափազանց գնահատելի է» (Միհրան Թումաճան, «Հայրենի երգ ու բան, հտ․ 1, Երեւան, 1972 թ․, էջ 220)։

Երկրորդ երգի առթիւ Թումաճանը գրում է․ «Խօսքերի այս փոքրիկ պատառիկը թէեւ պարունակութեամբ նորակերտ է թւում, հետաքրքրական է իբրեւ տաղաչափական հին ձեւ։ Սա հնուց գործածուած ութոտանի ոտանաւորն է, որ 3+5 կամ 5+3 հատածներ ունի» (նոյն տեղում, էջ 228)։ Այս տաղաչափական ձեւը մեզ ցոյց է տալիս մեղեդու հնաւանդ լինելը, որ դարձեալ գալիս է միջնադարի խորքերից։

Երգերը ներկայացուած են հնագոյն երաժշտութեան «Գանձեր» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Գագիկ Շիրինեան։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/11/2025, 07:45