Որոնել

2025.11.20 Case costruite per le famiglie sfollate dall'Artsakh 2025.11.20 Case costruite per le famiglie sfollate dall'Artsakh 

Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանուած ընտանիքների համար կառուցուած տների յանձնման գործընթացը

Տների յանձնման արարողութեանը մասնակցել են հիմնադրամի ղեկավար կազմը, Սիւնիքի մարզպետարանի ներկայացուցիչները, միջազգային եւ հայաստանեան գործընկեր կազմակերպութիւնները, Տաթեւի համայնքապետարանի ներկայացուցիչներն եւ Սուարանցի բնակիչները։

Արցախի Մարտակերտի շրջանից բռնի տեղահանուած ընտանիքները մասնակցել են Սիւնիքի մարզի Տաթեւ համայնքի Սուարանց բնակավայրում իրենց նորակառոյց տների կարմիր ժապաւէնի կտրման արարողութեանը։ Այն նշանաւորել է «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի կողմից «Ե՛կ Սուարանց» ծրագրի շրջանակներում արցախահայութեան համար կառուցուած թաղամասի առաջին տասը տների յանձնման գործընթացի մեկնարկը։

Տների յանձնման արարողութեանը մասնակցել են հիմնադրամի ղեկավար կազմը, Սիւնիքի մարզպետարանի ներկայացուցիչները, միջազգային եւ հայաստանեան գործընկեր կազմակերպութիւնները, Տաթեւի համայնքապետարանի ներկայացուցիչներն եւ Սուարանցի բնակիչները։

Միջոցառման շրջանակներում «Թուֆէնքեան»ի հոգաբարձու Անդրանիկ Գասպարեանն ընդգծել է, որ հիմնադրամը իր 25ամեայ գործունէութեան ընթացքում մշտապէս ուշադրութեան կենտրոնում է պահել այն համայնքներն ու խոցելի խմբերը, որոնք առաւելագոյն աջակցման եւ հոգածութեան կարիքն ունեն։

«Այս նորակառոյց թաղամասը Սիւնիքի վերաբնակեցման մեր ծրագրի կարեւոր բաղադրիչներից մէկն է եւ Արցախից բռնի տեղահանուած ընտանիքների համար իրականացուող այն սակաւաթիւ նախաձեռնութիւններից, որի հիմքում ընկած է արցախահայերի համախմբուած վերաբնակեցման գաղափարը։ Մեր առաքելութիւնը չի սահմանափակւում թաղամասի կառուցմամբ միայն մենք երկարաժամկէտ ներդրում ենք կատարում ընկերային եւ տնտեսական պայմանների եւ ենթակառուցուածքների բարելաւման ուղղութեամբ՝ դրական փոփոխութիւն բերելով համայնքում», նշել է Գասպարեանը։

Միջոցառման շրջանակներում հիւրերի համար կազմակերպուել է շրջայց նորակառոյց թաղամասում, ներկայացուել են ժամանակակից արհեստագիտութեամբ կառուցուած տներն ու անասնագոմերը, ինչպէս նաեւ բնակավայրում իրականացուող ընկերային եւ տնտեսական այլ նախաձեռնութիւնները։

Հիմնադրամի գործադիր տնօրէն Գրիգոր Պետեանի խօսքով՝ նոր թաղամասը նոր կեանքի սկիզբ է խոստանում Արցախից բռնի տեղահանուած ընտանիքների համար։

«Այս ընտանիքներն այսօր վերակառուցում են իրենց կեանքը Հայաստանում։ Գործընկեր կառոյցների, այդ թւում՝ միջազգային զարգացման գործակալութիւնների, Հայաստանի կառավարութեան, Սիւնիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութեամբ մենք աշխատում ենք ստեղծել իրական հնարաւորութիւններ այս ընտանիքների համար եւ զարգացնել մեր համայնքները», նշել է Պետեանը։

Միջոցառմանը ներկայ Սիւնիքի մարզպետի տեղակալ Հայկ Յարութիւնեանն ընդգծել է հիմնադրամի կողմից իրականացուող Սիւնիքի մարզի վերաբնակեցման ծրագրի կարեւորութիւնը եւ վերահաստատել մարզպետարանի յանձնառութիւնը՝ աջակցելու Տաթեւի համայնքում իրականացուող եւ ապագայ ծրագրերին։

Նոր թաղամասի շինարարութիւնը մեկնարկել է 2025ի կէսերին՝ օգտագործելով առաջադէմ շինարարական արհեստագիտութիւն, արցախցի ընտանիքների համար նախատեսուած տների կառուցման նպատակով։

«Ե՛կ Սուարանց»ը «Թուֆէնքեան»ի Սիւնիքի մարզի երկարաժամկէտ զարգացման եւ գիւղական բնակավայրերի վերաբնակեցման ծրագրի կարեւոր բաղադրիչն է։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել մարզի զարգացմանը եւ ենթակառուցուածքների արդիականացմանը՝ Հայաստանի կառավարութեան, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալութիւնների եւ հասարակական կազմակերպութիւնների հետ համագործակցութեամբ։

Լուրը՝ Ասպարէզէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

20/11/2025, 13:12